Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵԿՏՈՐԸ ՆԱԵՎ ԳՐԱԳՈ՞Ղ Է

Մարտ 05,2011 00:00

\"\"Հայաստանի կառավարման ակադեմիայի ղեկավարը այլոց աշխատանքը սեփականի տեղ է մատուցում

Առաջին տարին չէ, որ Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանն ուղղված գրքեր է հրատարակում: Ցավոք, առաջին տարին չէ, որ գրագողության դեպք է արձանագրվում: ՀՖՄ-ի հեղինակած գրքերից գրագողության հարցում աչքի է ընկել Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Հովհաննես Հարությունյանը:

\"\"ՀՖՄ-ի նախագահ Վահան Մովսիսյանը եւ փոխնախագահ Դավիթ Թումանյանը բերեցին գրագողության բազմաթիվ օրինակներ: Օրինակ՝ միավորումը 2003-ին հրատարակել է «Վարչատարածքային բաժանման օպտիմալացումն ու տեղական ինքնակառավարման զարգացումը» գրքույկը, 2005 թվականին՝ «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման զարգացման ուղիները» գիրքը, որոնցից ոչ թե առանձին պարբերություններ, այլ մի քանի էջ պարզապես պատճենված՝ copy-paste է արված «Հանրային կառավարում» ամսագրի 2009 թվականի առաջին համարում Հովհաննես Հարությունյանի հեղինակած հոդվածում: Այս տարի հրատարակվել է Հովհաննես Հարությունյանի «Բյուջետային գործընթացը հանրային կառավարման համակարգում» ուսումնական ձեռնարկը, որը նույնպես հեղեղված է ՀՖՄ-ի տարիներ առաջ հեղինակած-հրատարակած գրքերից արտագրություններով: Ձեռնարկը նախատեսված է թե Հարությունյանի ղեկավարած Հայաստանի կառավարման ակադեմիայի, թե Երեւանի պետհամալսարանի ուսանողների համար:

«Արտագրությունը դեռ ամբողջ ցավը չէ: Խառնաշփոթ է ստեղծվել: 2005-ին եւ 2009-ին խնդիրը նույնը չէ: 2005-ին Երեւանը մարզի կարգավիճակ ուներ, 2009-ից՝ համայնքի: Իսկ նա 2011-ին հրատարակած գրքում արտագրում է 2005-ին մեր գրքում ներկայացված միտքը, թե Երեւանի 12 թաղային համայնքները կարող են միջհամայնքային միավորումներ ստեղծել: Բայց 2011-ին Երեւանում համայնքներ արդեն չկային: Ստացվում է՝ Հովհաննես Հարությունյանի գիրքը հակասահմանադրական պնդումներ ունի: Ֆինանսական համահարթեցման բաժինը ամբողջությամբ արտագրված է 2004 թվականին մեր հրատարակած «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. քաղաքականության տարբերակներ եւ ուղիներ» գրքից»,- հայտարարեց միավորման փոխնախագահ Դավիթ Թումանյանը: Ըստ նրա, ինքն օգտվել է տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ օտարերկրյա փորձագետների աշխատություններից եւ հղումներ է արել: Իսկ Հովհաննես Հարությունյանը, երեւի հետքերը վերացնելու համար, նույն փորձագետին է հղում արել, սակայն… տեղափոխել է նրա անվան եւ ազգանվան տեղերը:

Հովհաննես Հարությունյանի «Բյուջետային գործընթացը հանրային կառավարման համակարգում» գրքում կա նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի» նոր արձանագրության թարգմանությունը, դարձյալ առանց հղումների: Ըստ ՀՖՄ-ի, Հովհաննես Հարությունյանը սույն թարգմանությունը վերցրել է իրենց կայքից ու էլի հղում չի արել: Գրքում ճիշտ ու ճիշտ կայքի բառերով եւ ձեւակերպումներով թարգմանությունն է, ինչը չի կարող պարզ զուգադիպություն լինել:

«Գրագողության այս փաստերը բացահայտելուց հետո փորձել ենք կապվել կամ հանդիպել Հովհաննես Հարությունյանին՝ չի հաջողվել: Մեր որոշ գործընկերներ անգամ մեզ նախատում էին, թե ինչո՞ւ եք լռում, երբ ձեր նյութերը գողանում են: Բայց մենք չենք ուզում աղմուկ լինի կամ դատական քաշքշուկներ: Ի վերջո, նույն դաշտում ենք աշխատում: Տարրական հարգանք պետք է լինի, եթե մարդը օգտագործում է մեր քրտինքն ու աշխատանքը, թող բարի լինի, միջազգային պրակտիկայում ընդունված ձեւով հենց էջի տակ հղումներ ներկայացնել, որ ուսանողն էլ կարդալով հասկանա, որ գիրքը գրել է ոչ թե կառավարման ակադեմիայի ռեկտորը, այլ, ասենք, ՀՖՄ-ի նախագահը կամ փոխնախագահը: Հուսով եմ՝ սրանից հետո մեր գործընկերը կդադարեցնի նման բաներ անելը: Բայց եթե փորձի շահարկել, հրապարակավ հայտարարություն կանենք, կմտնենք դատարան՝ մեր հեղինակային իրավունքները պաշտպանելու»,- հայտարարեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը:

Գրագողության սույն փաստերը պարզաբանելու համար փորձեցինք կապվել Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտոր Հովհաննես Հարությունյանի հետ: Հեռախոսը համառորեն լռում էր ու ոչ պակաս համառ լուրեր կային, որ եկող շաբաթ Հովհաննես Հարությունյանը նշանակվելու է ՀՀ ֆինանսների փոխնախարար: Հուսանք՝ նշանակողները նշանակելուց առաջ կպարզեն գրագողության պատմությունը:

Հ. Գ. Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար Կարլու Թեոդոու Հութենբերգը հրաժարվեց թե պաշտոնից, թե գիտական կոչումից՝ միայն այն բանի համար, որ մամուլում հիմնավոր պնդումներ եղան, որ նա գրագողությամբ է զբաղվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել