Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մարտ 05,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսաներեքերորդ

ԽՈՍԵԼՈՒ  ԺԱՄԱՆԱԿԸ

Դեղձիկը մի քիչ մտածեց ու մորս ասաց՝ «Արմենի ծնվելուց հետո էլ ա Աբրահամյանն իմ միջոցով մի քանի անգամ քեզ խաբար արել, որ գաս՝ ասպիրանտուրա ընդունվես», եւ ես Դեղձիկին ասացի՝ «պապաս չի թողել», եւ Դեղձիկը զարմացած հարցրեց՝ «պապադ ի՞նչ չի թողել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չի թողել, որ մաման ասպիրանտուրա սովորի», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Արմեն ջան, էս աշխարհում ոչ ոք մամայիդ ինձնից լավ չի ճանաչում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ մամայիդ մտքին տեղ ըլներ, Հակոբին չէր լսի», եւ Դեղձիկի խոսքի վրա հայրս, որ պատշգամբում ծխում էր, ներս մտավ ու հարցրեց՝ «ի՞նչ ա էղել», եւ մայրս պատասխանեց ու ասաց՝ «ոչ մի բան էլ չի էղել», եւ հայրս ասաց՝ «ինձ թվաց՝ անունս տվիք», եւ մայրս ժպտալով հորս հարցրեց՝ «բալկոնից ականջ էի՞ր դնում», եւ հայրս ասաց՝ «ականջ չէի դնում, բայց անունս ականջովս ընկավ», եւ մայրս ասաց՝ «Արմենի ընդունելության հարցերից էինք խոսում», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ես Արմենի ընդունելության հետ ի՞նչ կապ ունեմ», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ մի կապ», եւ հայրս հարցրեց՝ «բա ինչի՞ էիք անունս տալի», եւ մայրս քմծիծաղով հորս հարցրեց՝ «գոնե գիտե՞ս՝ տղեդ որտեղ ա ընդունվում», եւ հայրս միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «բանասիրական», եւ մայրս քմծիծաղով հարցրեց՝ «ումի՞ց ես լսել», եւ հայրս քմծիծաղով պատասխանեց ու ասաց՝ «հարեւաններից», եւ մայրս մի քիչ մտածեց ու հորս հարցրեց՝ «հարեւանները չեն ասե՞լ, որ արդեն էրկու հատ հինգ ա ստացել» եւ մի քիչ մտածեց ու Դեղձիկին նայելով ավելացրեց՝ «ընդ որում՝ միանգամայն ինքնուրույն», եւ հայրս մի քիչ մտածեց ու մորս ասաց՝ «Դեղձիկին ու հարեւաններին կարաս խաբես, որ էդ հինգերն ինքնուրույն ա ստացել», եւ մինչ մայրս ապշահար կնայեր հորս, հայրս շարունակեց ու մորս ասաց՝ «առավոտից իրիկուն հետը քերականություն էիր պարապում», եւ Դեղձիկը հորս հարցրեց՝ «դո՞ւ ինչից ես դժգոհ, այ Հակոբ», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ նկարչական տար, երեւի ավելի լավ ըլներ», եւ մայրս հորս հարցրեց՝ «որ նկարչական տար, ո՞ւմ օգնությանը պիտի դիմեինք» եւ մի քիչ մտածեց ու Դեղձիկին նայելով ավելացրեց՝ «էստեղ գոնե Դեղձիկը կա», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «լիքը նկարիչ ընկերներ ունեմ», եւ մայրս հեգնանքով հարցրեց՝ «որ էրկու տարի առաջ տղեդ Թերլեմեզյան էր ընդունվում, էդ նկարիչ ընկերներդ ո՞ւր էին», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «առանց իրանց էլ հինգերով ընդունվեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «միանգամայն ինքնուրույն», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմա էլ բանասիրական ա հինգերով ու ինքնուրույն ընդունվում», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց հետն ահագին քերականություն ես պարապել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ահագին աչք քոռացրիք», եւ Դեղձիկը հորս ասաց՝ «ոչ ոք առանց պարապելու ինստիտուտ չի ընդունվում», եւ մայրս հորս ասաց՝ «փոխանակ ուրախանաս, որ տղեդ ինքնուրույն ինստիտուտ ա ընդունվում, անկապ բաներ ես խոսում», եւ հայրս մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով մորս հարցրեց՝ «որ ինքնուրույն ա ընդունվում, էլ խի՞ ես Դեղձիկին կանչել», եւ մայրս մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «որովհետեւ անգլերենի իմացությունս չի ներում, որ տղիդ հետ անգլերեն էլ պարապեի», եւ հայրս նեղսրտելով մորս ասաց՝ «էլի չսկսես» ու էդ ասելով՝ ծխախոտը վառեց ու գնաց պատշգամբ, եւ երբ հայրս գնաց, մայրս Դեղձիկին լացակումած հարցրեց՝ «հիմի ո՞նց ենք անում, Դեղձիկ ջան», եւ Դեղձիկը հարցրեց՝ «ի՞նչն ենք ոնց անում», եւ մայրս մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «Աբրահամյանին ե՞րբ կասես», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վաղը ժամը մեկին ռեկտորատի նիստ կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հարմար մոմենտ կգտնեմ՝ կասեմ», եւ մայրս արցունքները սրբելով հարցրեց՝ «շատ չենք ուշացնո՞ւմ», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խե՜ղճ Հակոբ» եւ մի քիչ էլ մտածեց ու մորս ասաց՝ «տնաշեն, մինչեւ հաջորդ քննություն չորս օր կա», եւ մայրս լացակումած ժպտալով Դեղձիկին հարցրեց՝ «կհասցնե՞նք», եւ Դեղձիկը ժպտալով ասաց՝ «Աբրահամյանին ընդամենը պիտի հիշացնեմ» եւ ժպտալով ինձ հարցրեց՝ «ինքն ա ասել, չէ՞, որ իրան հիշացնենք», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Դեղձիկը մորս հարցրեց՝ «էլ ի՞նչ ես ուզում», եւ մայրս մի քիչ մտածեց ու լացակումած հարցրեց՝ «այսինքն, հույս տալի՞ս ես», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հույս տալը պոզովպոչով ա՞ ըլնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խե՜ղճ Հակոբ», եւ մայրս արցունքների միջից ժպտալով Դեղձիկին հարցրեց՝ «ուրեմն՝ հույս ունենա՞նք», եւ Դեղձիկը ժպտալով ասաց՝ «առանց հույսի հնարավոր չի ապրել», եւ մայրս խեղճանալով ասաց՝ «ախր Արմենն անգլերենից լրիվ բոբիկ ա» եւ մի քիչ մտածեց ու լացակումած ավելացրեց՝ «պատմությունից հըլը մի կերպ կարա էշը ցեխից հանի, բայց անգլերենից լրիվ բոբիկ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «պատմությունից էլ եմ լրիվ բոբիկ. ոչ մի թվական չեմ հիշում», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «գլուխ ե՞ս գովում», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ինչ որ կա՝ էդ եմ ասում, Դեղձիկ ծյոծյա», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ պատմության թվականները ես էլ էի դժվարությամբ հիշում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով մորս ասաց՝ «փաստորեն, պատմությունից էլ ա լրիվ բոբիկ», եւ մայրս մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «հա», եւ Դեղձիկը նայեց բոբիկ ոտքերիս ու ծիծաղելով հարցրեց՝ «բա ըսենց բոբիկ չես մրսո՞ւմ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով մորս հարցրեց՝ «էս էրեխին ինչի՞ կոշիկ չեք առնում», եւ մայրս արցունքների միջից ժպտալով ասաց՝ «հույսներս դու ես, Դեղձիկ ջան» եւ մի քիչ մտածեց ու արցունքները սրբելով ավելացրեց՝ «մեկ էլ՝ Աբրահամյանը», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու մորս ասաց՝ «ամոթ ա, այ Սեդա», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա ամոթ», եւ Դեղձիկն ասաց՝ «տղեդ էրկու հատ հինգ ա ստացել. փոխանակ ուրախանաս, լացուկոծդ դրել ես», եւ մայրս մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «հենց դրա համար էլ լացում եմ», եւ Դեղձիկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար ես լացում», եւ մայրս լացակումած ասաց՝ «չեմ ուզում էդ հինգերը հեչ լինեն» եւ մի քիչ մտածեց ու լացակումած ավելացրեց՝ «չեմ ուզում չարչարանքս ու ամագս ջուրը թափվեն», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ջուրը չեն թափվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հանգստացի», եւ մայրս մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «մինչեւ մարդավարի չխոստանաս, չեմ հանգստանա», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խոստացողն արդեն խոստացել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինձնից մի հատ հիշացնել ա հասնում, կհիշացնեմ», եւ մայրս արցունքների միջից ժպտալով հարցրեց՝ «հաստատ կհիշացնե՞ս, Դեղձիկ ջան», եւ Դեղձիկը նայեց մեր պատի ժամացույցին ու ժպտալով ասաց՝ «կհիշացնեմ, բայց՝ ոչ էսօր» եւ նորից ժամացույցին նայելով ավելացրեց՝ «էսօր արդեն շատ ուշ ա» եւ տեղից վեր կենալով ասաց՝ «ես գնամ», եւ մայրս ինձ ասաց՝ «դուրս գանք՝ Դեղձիկին ճանապարհենք», եւ Դեղձիկն ասաց՝ «էրկու ոտ տեղ ա. մենակ էլ կգնամ», եւ մայրս արցունքների միջից ժպտալով Դեղձիկին ասաց՝ «կարող ա՞ քեզ չոլից ենք գտել», եւ երբ արդեն մոտեցել էինք Դեղձիկենց տներին, Դեղձիկը ժպտալով մորս ասաց՝ «ինձնից լավ էիր սովորում, բայց հասարակ բաներ չես հասկանում», եւ մայրս արցունքների միջից ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ չեմ հասկանում, Դեղձիկ ջան», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու մորս ասաց՝ «սաղ աշխարհը գիտի, որ իմ ամենամոտիկ ընկերուհին ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ տղեդ չընդունվի, ես եմ ամենից շատ խայտառակվելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «պիտի մտածեն՝ Դեղձիկն էդ ինստիտուտում ոչ մի կշիռ չունի», եւ մայրս մի քիչ մտածեց ու արցունքների միջից ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ Դեղձիկը թշիս թեթեւակի խփեց ու մորս ասաց՝ «համ էլ մոռանում ես, որ ես էս էրեխին քեզնից պակաս չեմ սիրում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գնացեք ու հանգիստ քնեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «չըլնեմ-չիմանամ՝ էդ անգլերենի ու պատմության դասագրքերը բաց անես» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «թե չէ՝ Սեդան աշխարհով մեկ կտարածի, որ լրիվ ինքնուրույն ես ընդունվել», եւ մայրս Դեղձիկին գրկելով ու համբուրելով ասաց՝ «մերսի, Դեղձիկ ջան», եւ Դեղձիկը թարս նայեց մորս ու ասաց՝ «ի՞նչ մերսի, այ Սեդա. ես քեզ հարազատ քրոջիցս չեմ տարբերում», եւ մայրս մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «հարազատ քրոջից մի բան էլ ավել ես», եւ Դեղձիկը թուշս պաչելով ասաց՝ «բարի գիշեր», եւ ես ասացի՝ «մերսի, Դեղձիկ ծյոծյա», եւ Դեղձիկն ինձ հանդիմանելով ասաց՝ «մորդ հետ ձեն-ձենի ե՞ք տվել. մեկ էլ էդ մերսի բառը չլսեմ», եւ մայրս արցունքների միջից ժպտալով ինձ ասաց՝ «արդեն բանասիրականի ուսանող ես. ոչ թե մերսի պիտի ասես, այլ՝ շնորհակալություն», եւ Դեղձիկը նեղսրտած ասաց՝ «ձեր շնորհակալությունը ձեզ պահեք» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «շնորհակալություն, որ ուղեկցեցիք» եւ ժպտալով ավելացրեց՝ «բարի գիշեր», եւ մայրս արցունքների միջից ժպտալով ասաց՝ «բարի գիշեր, Դեղձիկ ջան», եւ ես ժպտալով ասացի՝ «բարի գիշեր, Դեղձիկ ծյոծյա», եւ երբ Դեղձիկը գնաց, մայրս ինձ ասաց՝ «մեկ էլ իրան էդ բառը չասես», եւ ես ասացի՝ «առաջինը դու էդ բառն ասեցիր», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ եմ ասել», եւ ես ասացի՝ «առաջինը դու իրան մերսի ասեցիր», եւ մայրս ասաց՝ «մերսին նկատի չունեմ», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչը նկատի ունես», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկ էլ իրան Դեղձիկ ծյոծյա չասես», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը ոչ մի անգամ չի ամուսնացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չամուսնացած կանանց ծյոծյա չեն ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բա իրան ի՞նչ ասեմ», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ մի բան էլ մի ասա», եւ երբ մտանք տուն, մայրս սեղանից վերցնելով անգլերենի ու պատմության դասագրքերս՝ դրանք դրեց գրապահարանի ամենավերեւն ու ասաց՝ «հերիք ա՝ ինչքան աչք քոռացրիր», եւ, հիշում եմ, երբ մայրս էդ ասաց, հայրս պատշգամբից սենյակ մտնելով հարցրեց՝ «Դեղձիկին տուն հասցրի՞ք», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ հայրս ժպտալով հարցրեց՝ «խոսք տվե՞ց, որ կանի», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պիտի անի», եւ հայրս ժպտալով ասաց՝ «էդ ընդունելության հաշվով», եւ մայրս հանդիմանանքով ասաց՝ «աշխարհով մեկ չտարածես», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչը չտարածեմ», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «չտարածես, որ Դեղձիկն ա տղիդ օգնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «տղեդ լրիվ ինքնուրույն ա հայերեններից հինգեր ստացել», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց անգլերենից ու պատմությունից լրիվ բոբիկ ա», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ասել, որ բոբիկ ա», եւ հայրս ասաց՝ «դու էիր ասում», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես Դեղձիկի մոտ էի էդպես ասում, որ Աբրահամյանին խնդրի», եւ հայրս խորամանկ ժպտալով մորս հարցրեց՝ «Աբրահամյանն ո՞վ ա. էն՝ որ ուզեցել ա հետդ ամուսնանա՞» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ իրա հետ ամուսնանայիր, հիմի տղեդ շփշփալեն անգլերենից ու պատմությունից էլ հինգեր կստանար», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «էլի կստանա», եւ ես ծիծաղելով հորս ասացի՝ «որ մաման Աբրահամյանի հետ ամուսնանար, ես չէի ծնվի», եւ հայրս ժպտալով ինձ ասաց՝ «էդ հասարակ բաները մո՛րդ պիտի բացատրես», եւ մայրս նեղսրտած ասաց՝ «չեք ամաչո՞ւմ. Աբրահամյանը հորս տարիքի մարդ ա», եւ հայրս ծիծաղելով ասաց՝ «սերը տարիք չի ճանաչում», եւ մայրս խեթ-խեթ նայեց հորս, մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ժամանակին չխանգարեիր, ասպիրանտուրա կընդունվեի, դասախոս կդառնայի, ու տղեդ էլ հիմի շփշփալեն հինգեր կստանար», եւ հայրս մի քիչ մտածեց ու մորս ասաց՝ «որ ասպիրանտուրա սովորեիր, էրեխեքիդ ո՞վ էր մեծացնելու», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էրկուսն էլ կհասցնեի», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ հասցնեիր, իմ արգելելուն չէիր նայի», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ չխորանանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ արդեն անցած էտապ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու հորս ասաց՝ «հանկարծ ուրիշ տեղ չասես, որ Աբրահամյանն ուզեցել ա հետս ամուսնանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «խայտառակ չենք», եւ հայրս մորս ասաց՝ «ես քո ասածն եմ ասում», եւ մայրս մի կերպ ծիծաղը զսպելով ասաց՝ «էս մարդը լրիվ շառ ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ արդեն անցած էտապ ա», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս էլ ա անցնելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս էլ ա անցնելու, ու հասկանալու եք, որ կարեւորն էս հինգերը չեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ոչ էլ էդ ասպիրանտուրա կոչվածն ա կարեւոր», եւ մայրս հարցրեց՝ «բա ի՞նչն ա կարեւոր», եւ հայրս բավական երկար մտածեց ու ասաց՝ «գիտելիքները», եւ մայրս քամահրանքով հորս ասաց՝ «մեռնեմ գիտելիքներիդ», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորը կյանքն ու գիտելիքներն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կյանքը շատ զարմանալի ա», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամենազարմանալին Դեղձիկն ա», եւ հայրս հարցրեց՝ «ինչո՞վ ա զարմանալի», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես համ իրանից լավ էի սովորում, համ իրանից տեսքով եմ, համ էլ իրանից բախտավոր եմ, բայց ինքը ինձ չի նախանձում», եւ հայրս մի քիչ մտածեց ու ծիծաղելով մորս հարցրեց՝ «դուք ձեզ բախտավոր ճանաչո՞ւմ եք, քաղաքացի Փարվանյան», եւ մայրս բավական երկար մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «Դեղձիկի համեմատ երեւի բախտավոր եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Դեղձիկն ամենամեծ բախտին էր արժանի», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Դեղձիկն ընկերուհիներիցդ ամենահաջողն ա», եւ մայրս քամահրանքով ասաց՝ «լավ կանես՝ քո ընկերներից խոսես», եւ հայրս ասաց՝ «ես լրիվ լուրջ եմ ասում», եւ մայրս հարցրեց՝ «ի՞նչն ես լուրջ ասում», եւ հայրս կրկնեց՝ «Դեղձիկն ընկերուհիներիցդ ամենահաջողն ա», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «նորություն չես ասում», եւ հայրս մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բայց գիտե՞ս՝ ինչի ինքը քեզ չի նախանձում», եւ մայրս հարցրեց՝ «ինչի՞ չի նախանձում», եւ հայրս պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Դեղձիկը համարում ա, որ ինքն ավելի բախտավոր ա, քան՝ դու», եւ մայրս մի քիչ մտածեց ու քմծիծաղով հորս ասաց՝ «որ մտածում ես, շատ հետաքրքիր մտքեր ես արտահայտում», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հետաքրքիր մտքեր արտահայտելու համար բարձրագույն կրթություն ունենալը հեչ պարտադիր չի», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց բարձրագույն կրթությունը մտածելուն առանձնապես չի խանգարում», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով մորս ասաց՝ «փաստորեն, մեր ամուսնությունը համ իմ կրթություն ստանալուն խանգարեց, համ էլ՝ քո ասպիրանտուրային», եւ մայրս ժպտալով ասաց՝ «փաստորեն, շատ անհաջող ամուսնություն էր», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով մորս ասաց՝ «պարզվում ա՝ քո համար լավ էլ հաջող էր», եւ մայրս քմծիծաղով հարցրեց՝ «ի՞նչ իմաստով էր հաջող», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կամաց-կամաց նպատակներիդ հասնում ես», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչ նպատակներ», եւ հայրս ժպտալով մորս ասաց՝ «աղջիկդ արդեն ահագին դաշնամուր ա նվագում, տղեդ էլ հես ա’’-’’հես ա՝ ինստիտուտ կընդունվի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «լրիվ ինքնուրույն», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կիսաինքնուրույն», եւ մայրս ժպտալով նորից հորս ասաց՝ «որ մտածում ես, շատ հետաքրքիր մտքեր ես արտահայտում», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես միշտ էլ մտածում եմ», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «միշտ մտածում ես, բայց հազվադեպ ես մտածածդ բարձրաձայն արտահայտում», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ պետք ա ըլնում՝ լավ էլ արտահայտում եմ» ու էդ ասելով՝ հայրս նոր ծխախոտ վառեց, ու էդ ամբողջ ընթացքում մայրս ոչ մի անգամ հորս չասաց, որ դուրս գա՝ պատշգամբում ծխի, ու էդ ամբողջ ընթացքում հորս «Աստրայի» ծանր ու հոտավետ ծուխը տարածվում էր մեր ճաշասենյակով մեկ, ու էդ ամբողջ ընթացքում մայրս ոչ մի անգամ չհիշեց, որ հորս ծխախոտի ծուխը չափազանց վնասակար է մեր առողջությանը, որովհետեւ հայրս իսկապես շատ էր մտածում ու հազվադեպ էր խոսում, ու էդ գիշերվա հորս խոսելն էդ հազվագյուտ դեպքերից էր, եւ ես ու մայրս կլանված լսում էինք հորս բոլոր ասածները, եւ չնայած էդ գիշերվա իր ասածներից շատ բան չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ հայրս մինչեւ լույս խոսեց, եւ մինչեւ լույս մայրս ու ես հմայված կլանեցինք կյանքի, կրթության ու ամեն ինչի մասին հորս դատողությունները, եւ հայրս էդ գիշեր էլ էր իր մտքերը ծխելով արտահայտում, ու էդ ամբողջ ընթացքում մայրս ոչ մի անգամ հորս ծխելու վրա չխոսեց, ու որ հիմա էսպես ծխելով ու հիշելով մտածում եմ, հետին թվով սկսում եմ հասկանալ, որ երբ մարդ արարածը բացարձակ երջանիկ է, նրա վրա որեւէ ծուխ ու որեւէ կողմնակի բան չեն կարող ազդել:

ՎԵՐՋ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳՐՔԻ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել