Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆՎՈՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ ԿԵՂԾԵԼ ԵՆ

Մարտ 08,2011 00:00

Ձեռքի ժամացույցն ու մատանին անհետացած են

Մոտ մեկ ամիս առաջ Ստեփանակերտի զորամասերից մեկում մահացած 22-ամյա գյումրեցի զինծառայող Թորգոմ Սարուխանյանի հարազատները շարունակում են պնդել, որ նա ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանել են: Հարազատներն անցյալ շաբաթ այցելել են Ստեփանակերտ: Նրանք նոր մանրամասներ են պարզել, մասնավորապես՝ համոզվել, որ Թորգոմի գրպանում հետմահու հայտնված նամակը գրված չէ նրա ձեռագրով, այն, ամենայն հավանականությամբ, սարքված է սպաներից մեկի կողմից եւ սպանությունը կոծկելու պարզունակ միջոց է:
Երեկ մեզ հետ զրույցում Թորգոմի եղբայրը՝ Նարեկը, ասաց հետեւյալը. «Ով էլ կարդա նամակի բովանդակությունը, անմիջապես կհասկանա, որ Թորգոմին սպանել են: Եղբայրս իբրեւ թե ինքնասպանություն գործելուց առաջ գրել է, թե «սպաներից ոչ մեկին մի մեղադրեք իմ ինքնասպանության մեջ, ոչ մեկը մեղավոր չէ, հորս ու մորս էլ ասեք՝ ինձ չհերձեն, ինձ չվնասեն»: Ես ու Թորգոմը միասին ենք սովորել ինստիտուտում ու շատ լավ գիտեմ նրա ձեռագիրը: Նամակը պահանջեցինք ու տեսանք, որ իր գրածը չէ, այն, ամենայն հավանականությամբ, սպաներից մեկն է սարքել: Ո՞վ է տեսել, որ մարդը ինքնասպանություն գործելուց առաջ հարազատներին նամակ գրի՝ զեկուցագրի տեսքով, ճիշտ այնպես, ինչպես գրում են զորամասերում՝ պարբերությունները նոր տողից, մի մատ խորքից, ստորագրության տեղը առանձին բաց թողնված: Մի խոսքով, մայրս էլ տեսավ նամակը ու ասաց, որ ձեռագրերը ընդհանրապես չի համընկնում»: Հարազատների համար նաեւ կասկածելի է թվում այն վարկածը, թե զորամասում կռիվ է եղել, եւ ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանի դրդմամբ կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանն ու շարքային զինծառայող Ռոբերտ Բադալյանը կռիվ են սարքել Թորգոմի հետ ու նրան դրդել ինքնասպանության: «Ինքնասպանության դրդելը բացառվում է, եթե էդպես դրդել էին, Թորգոմը սկզբում էս երկուսին կսպաներ, հետո էլ իրեն կսպաներ, վերջը՝ Թորգոմը տղա է ու թույլ չէր տա, որ իրեն վիրավորեին, ստորացնեին: Վարկածներն անտրամաբանական են: Մենք նույնիսկ չգիտենք, թե էս գործով բռնվածները իրական հանցագործնե՞ր են, թե՞, ինչպես որ միշտ է լինում, նստել են ինչ-որ մեկի տեղը»,- շարունակում է Թորգոմի եղբայրը: Հիշեցնենք, որ այս առիթով քրեական գործ էր հարուցվել ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանի, կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանի ու շարքային զինծառայող Ռոբերտ Բադալյանի նկատմամբ՝ Թորգոմ Սարուխանյանին «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով: Հարազատները երկրի նախագահից ու պաշտպանության նախարարից պահանջում են ընկնել ոչ թե անտրամաբանական ու սարքովի վարկածների ետեւից, այլ գործը քննել օրենքի ամբողջ խստությամբ, բացահայտել ու պատժել իրական մեղավորներին: «Եթե ձեռագրերը համեմատեն ու տեսնեն այն լուսանկարները, որոնք մեզ ցույց տվեցին զորամասում, հաստատ կհամոզվեն, որ ինքնասպանություն վարկածը իրական չէ, այսպիսի բան հնարավոր չէ: Ո՞վ է տեսել մարդը ինքնասպանություն գործի, ինքն իրեն հարված հասցնի ու այդ հարվածից գոնե գլխարկը չընկնի: Լուսանկարում տեսանք, որ նստած է բետոնե աստիճաններին, բայց հնարավո՞ր է՝ գլխով հարվածի աստիճաններին ու գլխարկը գլխին մնա: Սա մտածելու տեղիք է տալիս: Հնարավոր է, որ Թորգոմին մի ուրիշ տեղ սպանել, բերել-տեղավորել են աստիճաններին ու լուսանկարել են, թե ինքնասպան է եղել, ամեն ինչ հնարավոր է: Թորգոմի համակարգիչն էլ զորամասից բերեցինք տուն: Համակարգիչն ընդհանրապես չի միանում. վստահ ենք, որ ինֆորմացիան ջնջված է: Թորգոմի մատանին ու ժամացույցն էլ չկար: Հարցնում ենք, թե ո՞ւր են իրերը, զորամասից պատասխանում են, որ Թորգոմին գտել են առանց այդ իրերի: Բա դրանք ո՞ւր կորան»,- հարցնում են Թորգոմ Սարուխանյանի հարազատները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել