Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ԿԱՆԳՆԵՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

Մարտ 08,2011 00:00

\"\"Փարիզի դատարանում մեկնարկել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Շիրակը Ֆրանսիայի առաջին նախագահն է, որ կանգնել է դատարանի առաջ: Նա մեղադրվում է Փարիզի քաղաքապետ եղած տարիներին կատարած մեքենայությունների ու կեղծիքի՝ պետական ֆինանսական միջոցների աննպատակ օգտագործման մեջ:
Ֆրանսիացի ամենահայտնի քաղաքական գործիչը մեղադրվում է այն բանում, որ 1977-95թթ. նա պետական միջոցների հաշվին վճարել է քաղաքապետարանի խորհրդում աշխատող իր մտերիմ բարեկամներին, որոնք իրականում քաղաքապետարանի հետ առնչություն չեն ունեցել: 78-ամյա Շիրակը կտրականապես մերժում է իրեն առաջադրված մեղադրանքը: BBC-ի փոխանցմամբ, Շիրակը դատարանի առաջ կկանգնի չնայած այն բանին, որ հիմնական հայցվորը՝ Փարիզի քաղաքապետարանը, դեռ անցյալ տարի հրաժարվել է իր պահանջներից: Կողմերը արտադատարանական համաձայնագիր էին կնքել, որով երկրի նախկին նախագահը քաղաքային խորհրդին վճարել էր 2,2 մլն եվրո:
Դատախազը, որը վարում է այդ գործը, վստահ է, որ նախաքննական մարմինը նախկին նախագահին մեղադրանք ներկայացնելու համար բավարար ապացույցներ չունի: Սակայն, երկու անկախ հետաքննչական խմբերը, որոնք մանրամասնորեն քննել են Շիրակի դեմ կոռուպցիայի մեղադրանք պարունակող գործը, մերժել են պետական մեղադրողի որոշումը՝ պնդելով, որ ելնելով հասարակության շահերից՝ դատավարությունն անհրաժեշտ է, քանի որ խոսքը վերաբերում է Շիրակի կողմից գրեթե 20 տարիների ընթացքում պետական միջոցների յուրացմանը. նա «սեփական ազդեցությունը մեծացնելու» եւ իր նախագահական ընտրարշավը ֆինանսավորելու համար ստեղծել ու կառավարել է «թալանի» բարդ համակարգ:
Ֆրանսիական օրենսդրության համաձայն, նախկին նախագահը պարտավոր չէ անձամբ դատարան ներկայանալ, բայց սպասվում է, որ նա երեքշաբթի օրը դատարան կգնա՝ հակառակ տարածված այն տեղեկությունների, թե նա ծանր հիվանդ է: Տեսականորեն, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, նախկին նախագահին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Սակայն փորձագետների մեծ մասը կարծում է, որ մեղադրական վճռի դեպքում անգամ դժվար թե նա բանտարկության դատապարտվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել