Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԼԱ-ԲԼԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ

Մարտ 22,2011 00:00

Երեւանի քաղաքապետն ու ԿԳ նախարարը «հաթաթա» տվեցին տնօրեններին

Երեկ Մոսկվայի տանը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեցին մայրաքաղաքի դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման սկզբնական հատվածը բավականին ձանձրալի էր, քանի որ հնչեցին զեկուցումներ, որոնց ժամանակ ելույթ ունեցող պաշտոնյաները բարձրաձայնեցին արդեն հազար ու մի անգամ հնչեցված ու այդպես էլ լուծում չստացած խնդիրների մասին. օրինակ՝ կոռուպցիան կրթական համակարգում, շուկայում եղած մանկավարժական կադրերի ավելցուկը, հանրակրթության ոլորտում կառավարման ոլորտի բարելավումները եւ այլն: Երեւանի քաղաքապետը հայտարարեց, թե հանդիպումը նման չի լինելու «պարտիական ժողովի», այլ աշխատելու են «դիալոգային ռեժիմով»:
Մինչ, այսպես ասած, դիալոգային ռեժիմին անցնելը, զեկուցմամբ հանդես եկավ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նա նշեց. «Կրթության համակարգը դեռ հեռու է իր առաքելությունը կատարելուց: Տարբեր դպրոցներ մեր անակնկալ այցելությունների ընթացքում՝ երբեք չհանդիպեցինք դեպքերի, երբ դասապրոցեսի ընթացքում օգտագործվեն ժամանակակից տեխնոլոգիաները, ինչը ցավալի է: Մեր այցելությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում 4 տնօրեն ազատվել է աշխատանքից, 4-ը ստացել է նկատողություն»: Այնուհետեւ ներկայացվեցին Երեւանի քաղաքապետարանի կողմից մշակված երկու էլեկտրոնային նախագծեր` «Օգնիր դպրոցին» եւ Երեւանի դպրոցների կայքի տիպային օրինակը: Մինչ ներկայացումը, քաղաքապետը նշեց. «Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երեւանի դպրոցների 70%-ը չունի կայքէջեր, այդ պատճառով որոշվեց նրանց տրամադրել արդեն պատրաստի կայքէջեր: Իսկ «Օգնիր դպրոցին» կայքէջը հնարավորություն կընձեռի ցանկության դեպքում նվիրատվություն կատարել դպրոցին»: «Օգնիր դպրոցին» կայքէջի ներկայացման ժամանակ տարբեր բաժինների շարքում նշվեց նաեւ «լուծված խնդիրներ» բաժինը, որտեղ ոչ մի նշում դեռ չկար:
Ներկայացումների ընթացքում եւ ընդհանրապես քաղաքապետարանի կողմից հանդես եկող բոլոր անձանց հայերեն խոսքը հեռու էր կատարյալ լինելուց. օրինակ՝ հաճախ կարելի էր լսել «կարենալ», «հոգեբարձուների խորհուրդ», «սխմել» եւ այլ ոչ գրական բառեր: Մինչ ԿԳ նախարարին ելույթի իրավունք տալը, քաղաքապետը բոլորին հայտարարեց, թե ինքն էլ է իր դպրոցին փող տալու, որ չստացվի, թե նստած «ամպագոռգոռ է» անում եւ քարոզ կարդում: Իր խոսքը քաղաքապետը եզրափակեց այսպես. «Կոշտ եւ հետեւողական ենք լինելու այն խաղի կանոնների նկատմամբ, որոնք սկզբում հաստատվել եւ համաձայնեցվել են ձեզ հետ: Իհարկե, նշված բոլոր խնդիրները գոյություն ունեն նաեւ մյուս բոլոր ոլորտներում, սակայն դպրոցը պիտի դարձնենք այն կղզին, որտեղից էլ պետք է սկսենք: Չէ՞ որ մի տեղից պիտի սկսենք, թե չէ բլա-բլա կարգավիճակից տեղից չենք շարժվի»:
Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթի ընթացքում պահը բաց չթողնելով՝ եւս մեկ անգամ հիշեցրեց, որ 2012-ին ընդունելության քննությունները կազմակերպվելու են շտեմարանների միջոցով, ուստի մանկավարժներին խնդրեց շտեմարանների համար նյութեր պատրաստել եւ նախարարությանը աջակցել այդ հարցում:
Ի վերջո, հնարավորություն տրվեց տնօրեններին եւս կարծիք հայտնել: Չնայած նրանց մի մասը տեղում նստած փնթփնթում էր՝ չհամաձայնելով կրթության պատասխանատուների կարծիքներին, մյուս մասը մուշ-մուշ քնել էր:
Կրքերը բորբոքվեցին հատկապես այն ժամանակ, երբ Մ. Խորենացու անվան թիվ 143 դպրոցի տնօրեն Գարիկ Կոստանյանը բարձրացրեց տնօրենների՝ հավաստագիր ձեռք բերելու համար հանձնվող քննության հարցը, նշելով, որ մի քանի հարյուր հարց «զուբրիտ» անելը դեռ լավ տնօրեն ընտրելու չափանիշ չէ: Նա նաեւ հավելեց. «Դա ընդամենը մեկ հարց է լուծում՝ ստուգել տվյալ անձի հիշողության աստիճանը: Իհարկե, մենք այդ հարցաշարը անգիր կանենք ու կգանք քննության, բայց ոչինչ դրանից չի փոխվի»: Պարոն Աշոտյանը կրկին հակադարձեց. «Դուք բոլորդ էլ գիտեք, որ մեր երկրում ընդամենը երկու պաշտոն կա ցմահ. Վեհափառը եւ Սահմանադրական դատարանի նախագահը: Ոչ նախարարը, ոչ քաղաքապետը, ոչ որեւէ վարչության պետ մնայուն չեն, ուստի տնօրեններն էլ չեն կարող ցմահ լինել»: Սրտառուչ էր նաեւ Դ. Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանի ելույթը, որի ընթացքում նա չմոռացավ սեր խոստովանել ԿԳ նախարարին: Տիկին Պետրոսյանն ասաց, թե պիտի ելույթ ունենա, թե չէ կաթվածահար կլինի եւ սկսեց. «Որդիս (նկատի ունի ԿԳ նախարարին- Տ. Հ.), հավատացած եմ, որ դուք անպայման խորին հարգանքով կվերաբերվեք 60 եւ ավելի տարին լրացած տնօրեններին եւ թույլ չեք տա, որ նրանք էլ սկսնակների հետ մասնակցեն հավաստագիր ձեռք բերելու քննությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել