Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Մարտ 23,2011 00:00

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել է երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը: BBC-ի մատուցմամբ, երկրի գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե քրգործը հարուցվել է ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության հետաքննության շրջանակներում, եւ որ Կուչման «կասկածվում է իշխանազանցության եւ երկրի ներքին գործերի նախարարության աշխատակիցներին ապօրինի հրամաններ տալու մեջ, որը հանգեցրել է այնպիսի հետեւանքների, ինչպիսին լրագրողի սպանությունն է»:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նաեւ հաղորդել է, թե Ուկրաինայի նախկին նախագահը ստորագրություն է տվել բնակավայրից չհեռանալու մասին, որ նրա տեղաշարժը Ուկրաինայից դուրս սահմանափակվել է ու համապատասխան որոշումն ուղարկվել է պետական սահմանապահ ծառայությանը: Նա հավաստիացրել է, թե լրագրողի սպանության նախաքննությունը շատ ինտենսիվ է ընթանում՝ հավելելով, թե, այդուհանդերձ, Կուչմային դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում հայտնի լրագրող Գեորգի Գոնգաձեն առեւանգվել էր 11 տարի առաջ՝ 2000թ. դեկտեմբերի 16-ին, իսկ ավելի ուշ, Կիեւից ոչ հեռու գտնվող անտառում հայտնաբերվել էր նրա գլխատված մարմինը: Ինքը՝ Կուչման, տարիներ շարունակ հերքել է իր առնչությունն այդ սպանությանը եւ հայտարարել, թե դա միջազգային սադրանք է, որն անհրաժեշտ է եղել քաղաքական որոշակի շրջանակներին եւ արեւմտյան հատուկ ծառայություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել