Երեկ ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել՝ անդրադառնալով դեղ արտադրողների եւ ներմուծողների կողմից ներկայացված նամակ-դիմումին: Նշենք, որ դեղոլորտի մասնագետները խիստ մտահոգված են մեր երկրի դեղերի շուկան ազատականացնելու՝ ՀՀ կառավարության այս տարվա մարտի 10-ի որոշմամբ: «Առավոտն» իր 03.04.2011թ. «Մրցակցություն կեղծ դեղերի հաշվի՞ն» հրապարակման մեջ մանրամասն ներկայացրել էր դեղշուկայի մասնագետների մտահոգությունները: Նրանք գտնում են, որ գործադիրի այդ որոշումը շուկան կլցնի կեղծ դեղերով, կհանգեցնի ոչ թե «դեղերի մրցակցային շուկայի ստեղծմանը», այլ մենաշնորհացմանը, մեծ վնասներ կհասցնի դեղերի խոշոր ընկերությունների մեր երկրում գործող ներկայացուցչություններին, կխոչընդոտի ՀՀ շուկային ինտեգրվել ավելի խոշոր շուկաներին եւ այլն: Ի պատասխան, երեկ վարչապետը կրկին փորձել է դեղ-ոլորտի մասնագետներին վստահեցնել, որ այն նպատակաուղղված է ՀՀ դեղերի շուկայում մրցակցության բարձրացմանը եւ դեղերի գների նվազեցմանը: Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը լսել է դեղ արտադրող եւ ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգություններն ու առաջարկները եւ հայտնել, որ որոշման ընդունման նպատակը հնարավոր բարենպաստ գնային տարբերություններից օգտվելն ու շուկայում մրցակցության խթանումն է:
Կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ այդ որոշմամբ հավասարակշռվում են դեղերի անվտանգության եւ շուկայում մրցակցության խթանման հարցերը:


















































