Կամ համարժեք քայլերի ժամանակը
Հանրապետության մամուլը ողողված է հիմնարկների գիտխորհուրդների եւ առաջատար գիտնականների բողոքներով՝ ԳՊԿ-ի կողմից անցկացվող փորձագիտության հակագիտական եւ խմբակային բնույթի մասին: Ուստի չեմ ցանկանում խոսել այն մասին, որ ԳՊԿ-ն արհամարհելով ներկայացված թեմաների վերաբերյալ հիմնարկների գիտխորհուրդների երաշխավորական կարծիքները, ոչ մասնագետների է վստահում առանց գրախոսականի գնահատել թեմաները եւ խմբակային շահերից ելնելով՝ մերժում է «օտարների» աշխատանքները: Ուզում եմ անդրադառնալ գիտնականների համար ստորացուցիչ՝ թեմաների ընդունման եւ բողոքարկման գործավարության անբարոյական ոճին:
Այսօր ՀՀ կառավարությունը, ողջ աշխարհի նման, պետական հիմնարկների գործավարությունը իրականացնում է էլեկտրոնային եղանակով: Սակայն ԳԿՊ-ն պարտադրում է, որ հեղինակները անձամբ ներկայացնեն թեմաները եւ դրանց բողոքարկման գործընթացներին վերաբերող բոլոր փաստաթղթերը: Ի դեպ, այդ գործավարությունը չի կատարվում պետական հիմնարկներում ընդունված ձեւով, ներկայացվող դիմումները չեն գրանցվում եւ անհրաժեշտության դեպքում այն «կորցնում են»:
Մենք դարձանք նման անօրինականության վկան: Ես որպես մեր Կենտրոնի գիտխորհրդի քարտուղար, մարտի 1-ին ԳՊԿ հանձնեցի մեր գիտխորհրդի կողմից երաշխավորված Բելառուսի հետ համագործակցության թեման եւ Կենտրոնի գիտական ղեկավարի թեմայի մերժման վերաբերյալ բողոքը: ԳՊԿ-ն մեկ ամիս շարունակ մեզ պատասխանում էր, որ թեմայի մերժման վերաբերյալ բողոքի ուսումնասիրման գործընթացը դեռ ավարտված չէ, ուստի ուշացնում են պատասխանը: Ապրիլի 26-ին մեզ հայտնեցին, որ մենք չենք բողոքարկել: Իմ պահանջին՝ ցույց տալ այդ օրը ԳՊԿ հանձնված փաստաթղթերի գրանցման մատյանը, նրանք հայտնեցին, որ թեմաների վերաբերյալ բողոքի դիմումները չեն գրանցվում: Ակնհայտ է, որ ԳՊԿ-ն ստիպված էր «կորցնել» մեր կենտրոնի կողմից ներկայացված թեմայի բողոքարկման դիմումը, այլապես կբացահայտվեր այդ «փորձագիտության» կեղծ բնույթը, քանի որ նյարդային բջջի կենսաֆիզիկայի հարցերով հանրապետությունում զբաղվում են միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնում: Նշենք միայն վերջերս ստացված Cell.Mol. Neurobiology միջազգային ամսագրի գլխավոր խմբագրի բարձր գնահատականը թեմայի ղեկավար, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանի՝ բնագավառում կատարած ներդրման վերաբերյալ, կամ այն, որ ԱՄՆ «Scintific publisher» հրատարակչության կողմից ֆինանսավորվել է պրոֆեսորի երեք հարյուր էջանոց մենագրության անգլերեն տպագրությունը (տես www.biophys.am):
ԳՊԿ-ի շարունակական բնույթի կոռուպցիոն հակագիտական գործունեությանը եւ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության դեկտեմբերի 23-ի հայտարարությանը («ՀՀ» թերթ, 24.12.2010), բազմաթիվ առաջատար գիտնականների քննադատական հրապարակումներին, զարմանալի է, որ իշխանությունները համարժեք քայլեր չեն անում:


















































