Սիրիայից ստացվող հաղորդագրությունների համաձայն, երկրի հատուկ ծառայությունները ավելի են խստացնում հակակառավարական ցույցերի ճնշմանն ուղղված միջոցառումները: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ ամբողջ երկրով մեկ հազարավոր մարդիկ են ձերբակալվել: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ ձերբակալվածները ենթարկվում են կտտանքների, սակայն այդ տեղեկությունները ստուգելու ուղղությամբ անկախ հետաքննություն անցկացնելն անհնարին է, քանի որ օտարերկրյա լրագրողներին արգելվել է գտնվել Սիրիայի տարածքում: Ընդսմին, ԱՄՆ պետդեպարտամենտը Սիրիայում տեղի ունեցածը որակել է «կոլեկտիվ պատժի բարբարոսական մեթոդ»: Սիրիայի ղեկավարությունը պնդում է, թե երկրում հակակառավարական տրամադրությունների թիկունքում կանգնած են «զինված ավազակախմբեր, որոնք ձեւավորել են Սիրիայի թշնամիները»: Վերջին տվյալների համաձայն, այս տարվա մարտին Սիրիայում ծագած ժողովրդական բողոքի ցույցերի արդյունքում սպանվել է ավելի քան 500 մարդ:


















































