Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԱՆԻՆ

Մայիս 07,2011 00:00

\"\"ԻԿՕՄՕՍ/Հայաստան հ/կ-ն տարածել է Associated Press-ի թղթակից Սելկան Հակաօղլուի մայիսի 4-ի հրապարակման ոչ պաշտոնական թարգմանությունը Անիի Մայր տաճարի եւ Փրկչի եկեղեցու վերականգնողական աշխատանքների վերաբերյալ: Ըստ The Associated Press-ի, մի նախագիծ, որը դիտարկվում է որպես հարեւանի հետ հաշտեցմանն ուղղված գործողություն: Ըստ աղբյուրի, «Հայերն ու թուրքերը արդեն երկար տասնամյակներ ներքաշված են ծանր վեճերի մեջ՝ նախորդ տարիների ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունների պատճառով: Հարաբերությունները կարգավորելու բոլոր ջանքերը հանդիպում են խոչընդոտների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող ԼՂՀ կոնֆլիկտի պատճառով. Ադրբեջանը Թուրքիայի մերձագույն մուսուլմանական դաշնակիցն է: Թուրքիան, սակայն, հայտարարում է, որ քայլ է կատարել Հայաստանի հետ կապերի բարելավման նպատակով եւ արդեն վերականգնել է Վանա լճի ժայռոտ կղզում տեղակայված Աղթամարի եկեղեցին՝ Արեւելյան Թուրքիայում: Թուրքիան նաեւ թույլ է տվել տարեկան մեկ անգամ հոգեւոր ծես կատարել եկեղեցում, որպես քայլ՝ ուղղված Հայաստանին եւ Թուրքիայի հայ էթնիկ փոքրամասնությանը: Մշակույթի նախարար Էրթուգյուլ Գյունայը երեքշաբթի հայտարարել է, որ նախագիծը սկսվել է Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի հետ գործընկերությամբ եւ ուղղված է տաճարի եւ Անիի Փրկչի եկեղեցու մնացորդների պահպանությանը՝ Թուրքիայի արեւելքում գտնվող Կարս քաղաքից 40 կմ հեռավորության վրա: Համաձայն Նյու Յորքում տեղակայված WMF-ի, Անին հանդիսանում է աշխարհի 10-րդ դարի ամենանշանավոր ու մեծ քաղաքներից մեկը, որը հայտնի է եղել իր հարյուրավոր կրոնական, պալատական, ամրաշինական եւ այլ կառույցներով: Այսօր այն լքված է, իսկ քաղաքի նշանավոր շինությունների մնացորդները գտնվում են խոցելի վիճակում: Հնավայրը, գտնվելով սեյսմիկ գոտում, 1996թ. գրանցվել է Համաշխարհային վտանգված հուշարձանների ցուցակում»: Աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայի մշակույթի նախարարը չի ասել այն մասին՝ արդյո՞ք վերանորոգումից հետո Թուրքիան թույլ կտա աղոթել եկեղեցում, չի հրապարակել նաեւ նախագծի արժեքը, որին, WMF-ից բացի, աջակցել է նաեւ ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամը: «Անադոլու կուլտուր» հ/կ-ի տնօրեն Օսման Կավալան, որը համակարգում է WMF-ի հետ գործընկերությունը, հայտնել է, որ միայն ներկայումս տարվող նախապատրաստական աշխատանքների արժեքը կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար կամ 672 հազար եվրո, վերականգնումն էլ հավանաբար կսկսվի 2012-ին եւ կտեւի 4 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել