Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 07,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներորդ

ԿՐԿՆԵՐԳ

Հիմա՝ երբ փրկվելս վերստին ու էսքան մանրամասն հիշեցի, էլի չեմ կարողանում հիշել՝ ես էդ օրը փրկվելով ուրախացե՞լ էի, թե՝ չէ. միայն էն եմ հիշում, որ էդ օրերին ես էլ մերոնց պես ավելի շատ էդ «կՏսպՑ»-ի մասին էի մտածում, քան՝ փրկվելուս, եւ չնայած փրկվելուս մասին առանձնապես չէի մտածում, եւ չնայած փրկվելուս առթիվ առանձնապես ուրախություն չէի ապրում, այդուհանդերձ, ինքս էլ էի շատերի պես մտածելով հասկանում, որ փրկությանս դիմաց մեզանից ու անձամբ իմ միջնեկ քեռի Վարդանից Ռաֆոյի ստացած էդ «կՏսպՑ»-ը, թեկուզեւ շատ մոդայիկ ու շատ սիրուն, առանձնապես մեծ բան չէր, ու երեւի մայրս էլ էր էդ բանը զգում ու հասկանում, ընդ որում՝ մշտապես ու հետագա ողջ կյանքում էր էդ բանը զգում ու հասկանում, եւ երբ փրկվելուս թեմայով խոսակցություն էր բացվում, մայրս կամ թողնում դուրս էր գալիս, կամ էլ խոսակցության թեման կտրուկ փոխում էր, եւ երբ ես ու մայրս խանութում կամ որեւէ մեկի թեւին «կՏսպՑ» էինք տեսնում, ես ու մայրս բազմանշանակ իրար էինք նայում, եւ ես բազմանշանակ ժպտում էի, իսկ մայրս շփոթվում ու հայացքը փախցնում էր տվյալ «կՏսպՑ»-ից, բայց էս ասածս չի նշանակում թե՝ ես ու մայրս մշտապես հիշում էինք իմ ու իր կյանքի էդ կարեւորագույն իրադարձությունը. ընդհակառակը. մենք, կարելի է ասել, հազարից մեկ էինք իմ էդ փրկվելը հիշում, եւ մորս վերջնական բացակայության պայմաններում ընդհանրապես եմ էդ փրկվելս մոռացել, եւ ավելի հաճախ մտածում եմ, որ մորս շնորհիվ եմ էս կյանքը տեսել ու համտեսել, ինչպես նաեւ՝ հորս շնորհիվ, եւ էս կյանքում ամենամեծ անարդարություններից մյուսն էլ էն է, որ մենք մեր ծնողների նշանակությունն ու կարեւորությունը հասկանում ենք հիմնականում էն ժամանակ՝ երբ իրենք արդեն մեր կողքին չեն լինում, այսինքն՝ վերջնականապես հեռացած են լինում մեզանից ու էս ամենից, եւ եթե իրենց հեռանալուց հետո էլ իրենց կարեւորությունն ու նշանակությունը չգիտակցեինք ու չհասկանայինք՝ ավելի մեծ անարդարություն կլիներ, եւ եթե իրենց մեծ բացակայության պայմաններում իրենց հետեւողականորեն հիշում ու իրենց նշանակությունը հասկանում ենք, դրանից անարդարությունն առանձնապես չի պակասում, որովհետեւ էս դեպքերում էլ մտածելով հասկանում ենք, որ մարդկանց ու մանավանդ ծնողներին ուշացումով հասկանալն ու ուշացումով գնահատելը գրեթե հավասար է ընդհանրապես չհասկանալուն ու չգնահատելուն, որովհետեւ ծնողներիդ հետմահու արժեւորելիս ու իրենց հասցեին որեւէ քաղցր խոսք ասելիս՝ հընթացս մտածելով նաեւ հասկանում ես, որ եթե իրենց կարեւորությունն իրենց կյանքի օրոք գիտակցեիր ու իրենց կյանքի օրոք իրենց հասցեին մի քանի քաղցր խոսք ասեիր, երեւի անհամեմատ երկար ապրեին ու կողքիդ մնային, բայց էս ասելիս ու էս բանը մտածելիս նաեւ հիշում եմ, որ մեր շարքերում լիքը մարդիկ կան, որոնք իրենց ծնողներին կյանքի օրոք են հրապարակավ գնահատում ու իրենց ծնողների հասցեին լիքը քաղցր խոսքեր ասում՝ քաջ գիտակցելով, որ եթե իրենց ծնողները չլինեին, անձամբ իրենք էլ չէին լինի, ընդ որում՝ էդ պարզ ու հասարակ բանը ոչ միայն հասկանում են, այլեւ էդ մասին ամեն առիթով բարձրաձայնում ու հրապարակավ խոստովանում են՝ հատկապես քեֆերի ու կենացների ժամանակ եւ շատ հաճախ՝ հենց ծնողների ներկայությամբ, եւ որ էդ նույնն էսքան հրապարակավ՝ բայց էսքան ուշացումով եմ անում, դրա պատճառը ոչ միայն ուշահասությունս է, այլեւ այն՝ որ ես իմ ծնողների զավակն եմ եւ ծնողներիս ու մանավանդ հորս զավակը լինելով՝ չէի կարող ծնողներիս կյանքի օրոք շաղակրատելով իրենց գովքն անել, որովհետեւ հայրս էլ ի՛ր ծնողների հասցեին գովեստներ չէր շռայլում եւ եթե նույնիսկ շատ ցանկանար, էլի չէր կարող իր իսկ ծնողներին, մեզ ու բոլորին գովեստի խոսքեր շռայլել, որովհետեւ մարդկանց գովելու համար նախ եւ առաջ խոսել է հարկավոր, իսկ գովեստներ շռայլելու համար՝ սովորականից ավելի շատ խոսել, մինչդեռ հայրս, ինչպես արդեն գիտեք, համարյա չէր խոսում, եւ եթե խոսում էլ էր, չափազանց կարեւոր բաներ էր ասում, եւ չնայած ծնողներին ճիշտ ժամանակին գնահատելն էլ է չափազանց կարեւոր, այդուհանդերձ, հայրս էն մարդկանցից էր, որոնք հատկապես իրենց սիրած մարդկանց են դժվարանում գովեստի ու սիրո խոսքեր շռայլել, եւ հայրս հատկապես իր ծնողների ու իր երեխաների հանդեպ սերն էր իր խորքերում պահում, ու ես էլ եմ, փաստորեն, նույնն անում, չնայած, այսուհանդերձ, առ էսօր չեմ պարզել՝ ես իրականում շատախո՞ս եմ, թե՝ հորս պես ուրբաթախոս ու քչախոս, ու էս հարցիս ինչպիսի պատասխան էլ որ տամ՝ համոզիչ չի լինի՝ ոչ ծանոթներիս եւ ոչ էլ նույնիսկ ինձ համար, որովհետեւ ես երբեմն չափազանց քչախոս եմ եւ երբեմն էլ՝ չափազանց շատախոս, եւ ծանոթներիցս ոմանք ինձ որպես շատախոս են ճանաչում, որոշներն էլ՝ որպես չափազանց քչախոս, եւ ինձ որպես շատախոս ու որպես քչախոս ճանաչողները հավասարապես չեն սխալվում, որովհետեւ ես որոշ մարդկանց հետ չափազանց լուրջ ու չափազանց քչախոս եմ եւ որոշ մարդկանց հետ էլ չափից ավելի եմ ջրիկանում, եւ քչախոս եմ հատկապես ազգականներիս ու Մետաքսի մեր հին հարեւանների միջավայրում, եւ չափազանց շատ եմ խոսում հատկապես կոլեգաներիս՝ գրողների, լրագրողների ու արվեստագետների հետ, որովհետեւ ազգականներս ու Մետաքսի մեր հարեւաններն ինձ ծնվածս օրից գիտեն. այսինքն, իմ մասին իրենք էնքան գիտեն՝ ինչքան ինքս իմ մասին գիտեմ. ավելին. ծնվածս օրվանից ինձ կողքից նայելով՝ իմ մասին ավելի շատ բան գիտեն, քան՝ ես, եւ Ստալինյան էդ ջրանցքում խեղդվելուս ու փրկվելուս մասին իրենց հետ չէի կարող էսքան ազատ ու էսքան անկաշկանդ խոսել՝ ինչպես որ ձեզ հետ եմ ազատ ու անկաշկանդ ասում ու խոսում, որովհետեւ, էլի եմ ասում, իրենք իմ մասին ինձնից լավ գիտեն, եւ հատկապես անցյալիս մասին ինձնից լավ գիտեն, իսկ ներկայիս մասին էլ էն գիտեն, որ ժամերով կարող եմ իրենց հետ նստել ու ոչինչ չխոսել, եւ իրենցից ոմանք էդ լռելս մեծամտության դրսեւորում են համարում՝ ենթադրելով, որ բանաստեղծ ու գրող դառնալով՝ լայաղ չեմ անում հետները լեզու թրջել, բայց քանի որ իրենցից ոմանք էդ բանը մտքի մեջ են ենթադրում ու էդ մասին բարձրաձայն չեն արտահայտվում, ես էլ չեմ կարողանում արդարանալ ու ասել, որ բանաստեղծների ու գրողների մեծամտանալու ժամանակներն անցել են, ընդ որում՝ հիմնավորապես ու վերջնականապես են անցել, եւ եթե ասեմ էլ՝ հավանաբար չեն հավատա, որովհետեւ իրենք ինձանից ոչ թե բացատրություններ են ակնկալում, այլ ընդամենը՝ շարան-շարան հիմարություններ, եւ եթե իրենց բացատրություններ տամ ու հետները շատախոսեմ, ավելի կզարմանան, որովհետեւ իրենք իմ խոսելը երբեւէ չեն լսել, եւ առաջվա պես ինձնից նորանոր ձախորդություններ ու հիմարություններ են ակնկալում, ինչպես նաեւ՝ անհեթեթ ու անբացատրելի ռիսկեր, բայց էս առումով իրենց սպասելիքներն արդեն ահագին ժամանակ է՝ չեն արդարանում, որովհետեւ ինստիտուտիս ու բանակիս տարիներն ավարտելով ու բանաստեղծ դառնալով՝ ես չափազանց զգուշավոր դարձա, եւ հիմա որ իմ մասին էսպես մտածելով խոսում եմ, նաեւ սկսում եմ մտածել, որ հիմա ոչ թե երկրորդ կամ երրորդ կյանքս եմ ապրում, այլ առնվազն հինգերորդն ու վեցերորդը՝ Երվանդի էդ լիքը սնկերն էլ չհաշված, որովհետեւ Ստալինյան ջրանցքի էդ ամենակուլ ջրերից Ռաֆոյի ձեռամբ փրկվելով՝ հետագայում, նախքան զգուշավոր բանաստեղծ դառնալս, էլի ու էլի եմ փրկվել, եւ դրանցից երկուսը ձեզ պատմել եմ, ավելի ճիշտ՝ երեքը, իսկ եթե ավելի մանրանամ՝ չորսը. առաջինն, իհարկե, էդ Ստալինյան ու Շահումյանի ջրանցքում Աստծո կամոք ու Ռաֆոյի ձեռամբ փրկվելս էր, եւ երկրորդ փրկվելս՝ որ ձեզ համար արդեն թռուցիկ պատմել եմ, Մոնումենտի մեր ահավոր ճակատամարտն էր, եւ եթե էդ դեպքը մոռացել եք, հիշեցնեմ, որ էդ կռվի մեջ Նալբանդյան դպրոցի մեր դասարանի Հովանի ու Նորոյի հետ ընկանք, եւ եթե էլի չհիշեցիք, ավելացնեմ, որ էդ էն օրն էր, երբ Մոնումենտի այգու դքից մասրենիների արանքներով ծակծկվելով ճողոպրելով՝ իջա Պլանի գլուխ եւ Պլանի գլխի առաջին կանգառում Կրիվոյի Նվերին ու ջեբկիրների իրենց խմբի տղերքին հանդիպեցի, եւ եթե էս երկրորդ դեպքը հիշեցիք, հավատում եմ, որ երրորդն էլ կհիշեք, ու էդ երրորդն իմ ծաղկաձորցի համակուրսեցի Ֆլորայի ծննդյան օրը Ծաղկաձորի Ալիկի ոհմակից իմ համակուրսեցիներ Վիկայի ու Հասմիկի օգնությամբ եւ Աստծո կամոք փրկվելս էր, եւ եթե էս երրորդն էլ հիշեցիք, երեւի չորրորդն էլ կհիշեք, մանավանդ որ՝ էդ չորրորդին ամենայն մանրամասնությամբ եմ անդրադարձել, եւ էդ չորրորդ փրկվելս տեղի ունեցավ Սովետական բանակում՝ Սումգայիթում, եւ դա մեր նվագախմբի տղերքի ու դեմբելների մեծ ճակատամարտն էր, ու էդ փրկվելս էլ էր Աստծո կամոք, որովհետեւ էդ մեծ ճակատամարտի ամենաթունդ պահին Ժելուդկովի կոպալի հարվածից կազարմայի հատակին փռված՝ վայրկյանի ընթացքում հաճելիորեն մտածեցի ու հասկացա, որ Աստծո կամոք Ժելուդկովն էդ հսկայական կոպալով հնարավորինս մեղմ ու հնարավորինս թույլ է գլխիս խփել, բայց էդ հասկանալով ու գիտակցելով՝ ես ոչ թե տեղիցս վեր կացա, այլ, ընդհակառակը, խորամանկորեն շարունակեցի փռված մնալ ու էնքան ժամանակ փռված ու անշարժ մնացի, մինչեւ տղերքն ահավոր ճակատամարտը դադարեցնելով՝ մոտեցան ու սկսեցին ինձնով զբաղվել, ու էդպիսով, փաստորեն, էդ օրը ոչ միայն ինքս ինձ փրկեցի, այլեւ շատերին՝ հատկապես դեմբելներին ու առանձնապես Ժելուդկովին, որովհետեւ Պարգեւի ու մանավանդ Վալերի հուժկու եւ արհեստավարժ հարվածներից դեմբելներից շատերն արդեն կազարմայի հատակին էին փռված, եւ Ժելուդկովի հարվածից հետո Վալերն ահա-ահա Ժելուդկովին խեղդում էր, եւ ես տապալված ու անշարժացած՝ աչքիս պոչով Ժելուդկովի խեղդվելը շատ հստակ տեսնում էի ու հենց էդ պահին պայծառացած մտքովս մտածեցի ու հասկացա, որ էդպես անշարժացած էլ պիտի մնամ, ու, շատ չանցած, բոլորն իրար թողնելով՝ մոտեցան ինձ ու սկսեցին ինձնով զբաղվել, եւ հատկապես Ժելուդկովին բաց թողած Վալերն էր ինձնով զբաղված, որովհետեւ, էդ պահի դրությամբ, Վալերն ահագին բժշկական գրականություն էր կարդացել եւ մտադիր էր բանակից հետո բուժական ֆիզկուլտուրայի գծով ասպիրանտուրա ընդունվել, եւ ես իմ էդ խորամանկությամբ էդ ահավոր ճակատամարտի դեմն առած՝ շարունակում էի անշարժ պառկած մնալ, ու էդ ճակատամարտն իսկապես ահավոր էր, որովհետեւ բանակային նվագախմբի մի քանի անդամներիս դեմ ամբողջ երկու պրիզիվ էր ելել՝ Շաբլովսկունն ու Ժելուդկովինը, եւ չնայած Շաբլովսկին անձամբ չխառնվեց ու էդ ահավոր աղմուկի մեջ քնած ձեւացավ, այդուհանդերձ, հակառակորդ կողմը քանակով մոտավորապես տասն անգամ շատ էր, էլ չեմ ասում, որ մեր վեցից կարգին կռվողներն ընդամենը երկուսն էին՝ Վալերն ու Պարգեւը, ու ես Ժելուդկովի էդ հանկարծակի հարվածից տապալված ու բերանքսիվայր հատակին փռված՝ պարզորոշ զգացի, որ տապալվելուցս անմիջապես հետո մի պահ լռություն տիրեց, ու ճակատամարտն էլ դադարեց, եւ իմ էդ բերանքսիվայր վիճակում հստակորեն զգում ու հասկանում էի, որ եթե վեր կենամ՝ ամեն ինչ անմիջապես կվերսկսվի, ու էդ պահին Վալերն ինձ ցնցելով գոռում էր՝ «Արմո՛, Արմո՛», եւ Պարգեւի մռնչոցն էի լսում՝ «յո՜բ վաշու մածՖ», ու շիվարած Ժելուդկովի մլավոցը՝ «յա նիչա՜յնը», եւ իմ էդ բերանքսիվայր վիճակում միանգամայն հստակ հասկանում ու պատկերացնում էի, որ եթե վեր կենամ, առաջին տուժողը խեղճուկրակ Ժելուդկովն է լինելու, եւ եթե էդ պահին կենդանության նշաններ ցույց տայի, Վալերն ինձ անմիջապես թողնելով՝ կսկսեր լրջագույնս զբաղվել դեմբելներով ու հատկապես Ժելուդկովով, եւ իմ էդ բերանքսիվայր վիճակում ուղեղս հազարի վրա էր աշխատում, ու էդ ընկած վիճակս՝ որ էսքան նկարագրում եմ, ամենաշատը, երեւի, մի րոպե տեւեց, որովհետեւ Վալերը Վալեր չէր լինի՝ եթե անմիջապես չփնտրեր ու չգտներ զարկերակս, եւ երբ Վալերն արդեն գտել ու բռնել էր զարկերակս, ես որոշ ժամանակ էլի աչքերս չէի բացում, որպեսզի մի քիչ էլ ժամանակ շահեմ, եւ երբ Վալերը համոզվեց, որ ամեն ինչ կարգին է, եւ երբ զարկերակս բաց թողեց, ես անմիջապես աչքերս բացեցի ու կարծեմ մի թեթեւ ժպտացի էլ, եւ, հիշում եմ, էդ պահին էլ էր ուղեղս չտեսնված աշխատում, եւ արդեն գիտեի, որ Ժելուդկովն էդ հսկայական կոպալով հնարավորինս մեղմ է գլխիս խփել, որովհետեւ երբ աչքերս բացելուց հետո գլուխս շոշափեցի, նույնիսկ էդ խփված տեղը չէր ցավում, եւ արդեն հստակ հասկանում էի, որ եթե Ժելուդկովն ինձ խփած չլիներ, ու ես էլ որոշ ժամանակ ընկած չմնայի, էդ ճակատամարտի արդյունքներն ահավոր էին լինելու, ընդ որում՝ հատկապես դեմբելների համար էր ահավոր լինելու, եւ ընկածս վիճակում, հիշում եմ, ուղեղս էնքան ճշգրիտ ու էնքան արագ էր աշխատում, որ ընկածս վիճակում հասցրի ինձ համեմատել էն սիմուլյանտ ֆուտբոլիստների հետ, որոնք իրենց թիմի հաղթելու պահին հակառակորդից մի թեթեւ հարված ստանալով՝ ահագին ժամանակ անշնչացած պառկում են՝ մինչեւ թիմի բժիշկները պատգարակով հայտնվում են, եւ երբ մրցավարը բժիշկներին հրամայում է դաշտից դուրս հանել էդ ընկածին, կարծեցյալ տուժածն անմիջապես հասկանալով, որ իր թիմն իր կարիքն ունի, անմիջապես վեր է թռչում ու վերստին սկսում է աշխույժ վազվզել, եւ ես ճիշտ էդ սիմուլյանտի վիճակում էի, եւ իմ էդ վիճակում Վալերն ինձ մի քանի անգամ ապտակեց, որպեսզի ուշքի բերի, եւ քանի որ իր վերջին ապտակն ավելի ուժեղ էր, քան նույնիսկ՝ Ժելուդկովի կոպալի հարվածը, ես աչքերս բաց արի եւ, ինչքան հիշում եմ, մի թեթեւ ժպտացի էլ, եւ աչքերս բաց տեսնելով՝ մեկից բոլորն սկսեցին ցնծալ, եւ ամենացնծունն ու ամենապայծառը Ժելուդկովի արցունքոտ աչքերն էին, ու ես ինձ պարզված ձեռքերից հենց Ժելուդկովի ձեռքը բռնեցի, ու հենց Ժելուդկովն ինձ բարձրացրեց ու ահագին ժամանակ ինձ փաթաթված՝ արցունքախառն ինչ-որ բառեր էր մրմնջում, եւ ամիսներ անց, երբ իմ արհեստանոցում իր թեւին վպ ջՈոցՊց ՎՈՑՖ ՐՏՊվց՚-ն էի դաջում, Ժելուդկովը մեղավոր ժպտալով ինձ ասաց՝ «էն խփածիս համար կներես», եւ երբ ժպտալով ասացի՝ «վաղուց եմ ներել», ինքը երջանիկ ժպտալով հարցրեց՝ «մի բան ասեմ՝ կհավատա՞ս», եւ ես ասացի՝ «ասա», եւ ինքը մեղավոր ժպտալով ասաց՝ «էդ իմ կյանքում առաջին դեպքն էր, որ մարդու վրա ձեռ էի բարձրացնում», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ թեթեւ ձեռ ունես», եւ Ժելուդկովը մեղավոր ժպտալով ասաց՝ «դիտմամբ էի թեթեւ խփել», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ շնորհակալ եմ», եւ Ժելուդկովը ժպտալով ասաց՝ «ես էլ քեզնից եմ շնորհակալ, որ ինձ ներել ես» եւ մի քիչ մտածեց ու նորից ասաց՝ «էդ իմ կյանքում առաջին դեպքն էր, որ մարդու վրա ձեռ եմ բարձրացրել», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ կյանքում էլ ա առաջին դեպքը», եւ Ժելուդկովը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «որ ինձ խփողին ներում եմ», եւ Ժելուդկովը երջանիկ ժպտալով ասաց՝ «ուրեմն, էդ օրը պատմական օր էր»։

Էդ օրն իսկապես պատմական էր հատկապես ինձ համար, ու էդ կռիվն իմ կյանքում, փաստորեն, վերջինն էր, ու էդ օրվանից սկսած՝ որեւէ մեկի վրա ձեռք բարձրացրած չկամ, եւ չնայած էդ օրվանից էս կողմ ինձ վրա էլ որեւէ մեկը ձեռք չի բարձրացրել, շատ է պատահել, որ իմ հասցեին ավելորդ բաներ են ասել, եւ ես էդ ավելորդ ասվածները կուլ տալով՝ խաղաղասիրաբար լռել եմ, ու բանակիցս էս կողմ որեւէ մեկի կռվազան ու թշնամական խոսքերին համարժեք պատասխան տված չկամ, եւ չնայած թշնամաբար տրամադրվածները երեւի մտածել ու մտածում են թե՝ իրենցից վախենում եմ, ես էլ իմ հերթին մտածում եմ՝ թքա՛ծ. թող էդպես մտածեն,- եւ զուգահեռաբար նաեւ մտածել ու մտածում եմ՝ եթե ինձ կպնելն էդ մարդկանց էդաստիճան հաճույք է պատճառում, թող կպնեն.- այսինքն, եթե բանակային ու հատկապես նախաբանակյան տարիներին ինձ ձեռքով կամ խոսքով կպնողներին կրկնակի ու եռակի պատասխանելուցս էի հաճույք ստանում, հիմա արդեն զիջելուցս ու չպատասխանելուցս եմ էդ հաճույքն ստանում, եւ հեռավոր անցյալս հիշելով՝ երբեմն ներքուստ ուրախանում էլ եմ, որ ինձ խփողն ինձ խփելով՝ ներքուստ ինքնահաստատվեց ու կայացավ, բայց էս ասածներս բնավ չեն նշանակում թե՝ բանակիցս հետո ամեն պատահած մարդ վրաս ձեռք է բարձրացրել. ընդհակառակը. էդ իմաստով Ժելուդկովն իմ կյանքում վերջինն էր, եւ չնայած էս ընթացքում ինձ խոսքով խփողներ շատ են եղել, եւ չնայած խոսքով խփածը երբեմն ավելի ցավոտ է, այդուհանդերձ, ես արդեն միանգամայն պատրաստ եմ էդ, ուրեմն, բոլորեքյան հարվածներին եւ դրանց արդեն միանգամայն փիլիսոփայորեն ու քրիստոնեաբար եմ վերաբերվում, եւ եթե մի երեսիս խփողին մյուս երեսս դեմ չեմ արել, պատճառն ընդամենն էն է, որ Ժելուդկովից էս կողմ ընդհանրապես վրաս ձեռք բարձրացնող չի եղել, մինչդեռ խոսքով խփողներ՝ ինչքան ասես, ու էս առումով ամենաանհարմարն ու ամենավիրավորականն էն է, որ խոսքով փխողների մեջ հաճախ գրագետներ, գրողներ ու գրաքննադատներ էլ են պատահել ու պատահում, որոնք հիմնականում «Գրական թերթի» էջերից գրավոր խոսքով են խփել ու խփում, եւ էս գրագետներին չպատասխանելն ու անպատասխան թողնելն ինձանից կրկնակի ու եռակի ջանք է խլում, քան՝ եթե պատասխանեի ու պրծնեի, եւ գրագետներին չպատասխանելս ինձանից կրկնակի ու եռակի փիլիսոփայություն ու քրիստոնեություն է պահանջում, որովհետեւ եթե հասարակ մահկանացուների խփածներին չես պատասխանում, էդ հասարակներից տասից առնվազն մեկը ճիշտ հետեւություն է անում՝ կռահելով, գիտակցելով ու հասկանալով, որ պարզապես չցանկացար հետը գլուխ դնել, մինչդեռ գրագետների ու մանավանդ գրաքննադատների պարագայում էդ գիտակցությունն ու ինքնագիտակցությունը բացառվում են, որովհետեւ երբ մեր գրագետների ու գրաքննադատների ասածներին ու մանավանդ գրածներին համարժեք պատասխան չես տալիս, իրենք, որպես կանոն, մտածում են՝ ուրեմն, իրենք ճիշտ են, եւ լավագույն դեպքերում կարծում են՝ իրենցից վախեցար ու չպատասխանեցիր, բայց, այսուհանդերձ, ամենավտանգավորն էն է, որ էս գրածս կարդալով՝ իրենք ավելի համարձակ են դառնալու ու միանգամայն նոր ուժերով են հարձակվելու վրաս, իսկ բան է՝ եթե իմանան, որ ոչ միայն իրենց հարվածներին չեմ պատասխանելու, այլեւ մոմ էլ եմ վառելու իրենց խեղճ հոգիների փրկության համար, պատկերացրեք՝ էս ինքնախոստովանությունիցս հետո ինչպիսի դաժանությամբ ու ուժգնությամբ են խփելու։

Աստված բոլորի հետ։ Թող բոլորին տիրություն անի։ Ներառյալ՝ ինձ։ Եվ եթե գրագետներից ոմանց թվում է թե՝ իրենք ի վիճակի են տիրություն անել իրենց, չարաչար են սխալվում, որովհետեւ մեր էս մինուճար կյանքում մեզ ամեն ինչ անսահմանափակ է տրված՝ բացի ժամանակից, ու ես էս բանը մյուս գրագետներից ավելի լավ եմ հասկանում, որովհետեւ հասկանում եմ, որ էս վեպիս ընթացքը բացառապես ժամանակի ընթացքից է կախված, եւ չնայած էս բանն այլ գրագետներից լավ եմ հասկանում, այդուհանդերձ, միանգամայն անխնա եմ վարվում սահմանափակ ժամանակիս հետ, ու էդ բանն առաջինը երեւի գրագետները նկատեցին. այսինքն, նկատեցին, որ Ժելուդկովի ու դեմբելների վերաբերյալ էս հատվածս մեկին մեկ արտագրել եմ նույն էս վեպիս երրորդ հատորից, եւ նկատած կլինեք, որ էս վեպիս հատվածներից մի քանիսը նախկինում որպես պատմվածք էլ եմ տպել, եւ Ստալինյան էդ ջրանցքի երախից փրկվելուս պատմությունն էլ եմ նախկինում որպես պատմվածք տպագրել, եւ էդ մասին «Կետիկնոցում» գրագետներից մեկը գիշերվա կեսին հարբած վիճակում գոռգոռացել է, եւ մի այլ գրագետ միանգամայն սթափ վիճակում էդ հարբած գոռգոռացողին կարգի հրավիրելով՝ հանգամանալից ու մանրակրկիտ բացատրել է, որ ժամանակին Ֆոլկներն ու Մարկեսն էլ են իրենց որոշ պատմվածքներն իրենց վեպերի մեջ ընդգրկել, ու էդ բանը բացատրելով՝ իմ կողմնակիցն էդ հարբած հակառակորդիս նաեւ համոզիչ կերպով հասկացրել է, որ երբ որեւէ մեկն ու մանավանդ գրող մեկն ինքն իրենից որեւէ բան է գողանում, դա ամենեւին էլ գողություն չի համարվում. այսինքն, իրենից որեւէ բան գողացած մարդն ու մանավանդ գրողը ոչ միայն գող չի համարվում, այլեւ ենթակա չի դատի ու դատաստանի, եւ երբ առավել գրագետ ու գրածներիս կողմնակից էդ անձնավորությունն իրենց էդ գրական առերեսման ու ռազբորկայի մասին ինձ հեռախոսով իրազեկեց, ես ինձ չափազանց լավ զգացի. ավելին. ես ինձ իսկական գրող զգացի՝ ոչ միայն էն պատճառով, որ ժամանակին Ֆոլկներն ու Մարկեսն էլ են էդպիսի բան արել, այլեւ էն պատճառով, որ երկու գրագետներ էս վեպիս առիթով Սարյանի արձանի շրջակայքում գիշերվա կեսին ահագին աղմկոտ բանավեճ են ծավալել, բայց Ժելուդկովի ու դեմբելների հետ մեր բանակային ճակատամարտի էս տեսարանի առթիվ արդեն դժվար կլինի ինձ որեւէ կերպ արդարացնել, եւ նույնիսկ իմ ամենահավատարիմ ընթերցողները կդժվարանան էդ անել, որովհետեւ դեմբելների ու մեր էդ մեծ ճակատամարտի տեսարանը ոչ թե պատմվածքներիցս եմ արտագրել, այլ՝ հենց էս վեպիս երրորդ հատորի վերջին էջերից, եւ վստահ եմ, որ էս արածս ոչ միայն Ֆոլկներն ու Մարկեսը, այլեւ որեւէ այլ գրող արած չի լինի. այսինքն, էս վերջին արածս որեւէ նախադեպ ու օրինակելի զուգահեռ չունի, բայց էս բանը գիտակցելով՝ չեմ շտապում էս աննախադեպ արտագրությունս ջնջել, որովհետեւ արածիս անթույլատրելիությունն էապես ու խորապես հասկանալով՝ հասկանում եմ նաեւ, որ շատ մեծ ցանկության դեպքում էս արածս էլ է հնարավոր արդարացնել. ավելին. շատ մեծ ցանկության դեպքում էս արտագրությունս ոչ միայն կարելի է արդարացնել, այլեւ էս արածս կարելի է գրական ու գեղարվեստական նորարարություն հռչակել՝ էն պարզ պատճառաբանությամբ, որ համաշխարհային գրականության պատմության էս երկարուձիգ դարերի ու տարիների ընթացքում ոչ միայն Ֆոլկներն ու Մարկեսը, այլեւ որեւէ մեկը չի հանդգնել իր վեպում մի ամբողջ հատված արտագրել իր իսկ նույն վեպից, եւ հիմա էս ուղղությամբ ավելի ու ավելի մտածելով՝ սկսում եմ նաեւ հասկանալ, որ դա միանգամայն տրամաբանական ու նույնիսկ բնական էլ է, որովհետեւ Ֆոլկների, Մարկեսի եւ ուրիշ որեւէ մեկի մտքով առ էսօր չի անցել էսքան երկար ու անվերջանալի վեպ գրել:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել