Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Մայիս 21,2011 00:00

\"\"Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները նախապատրաստվում են: Թեեւ երկու թիմերի առաջիկա խաղերին դեռ ժամանակ կա, սակայն Վարդան Մինասյանն ու երիտասարդականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը երկօրյա հավաք կազմակերպեցին ֆուտբոլի ակադեմիայում, որն էլ եզրափակվեց ստուգողական հանդիպումով: Խաղն ավարտվեց ընկերական՝ 0:0 հաշվով: Սակայն մարզիչների համար այնքան զրոները չէին կարեւոր, որքան՝ դրան նախորդած ողջ աշխատանքն ու բովանդակությունը:
Համատեղ հավաքին մասնակցում էին միայն հայաստանյան ակումբների ֆուտբոլիստները: Լեգեոներականների մասնակցության լիարժեք, նախախաղային հավաքը ազգային թիմը կսկսի մայիսի 31-ին, իսկ կազմը կհայտարարվի նախորդ օրը:
Վարդան Մինասյանը հրավիրել էր միայն 13 թեկնածուի ու ազգայինի կազմում ներգրավել երիտասարդականի ֆուտբոլիստների: «Սկզբնական ցուցակում կար 19 ֆուտբոլիստ, սակայն վեց հոգի տարբեր պատճառներով դուրս մնացին, այդ թվում նաեւ՝ Սարգիս Հովսեփյանը, ով վնասվածք ուներ: Բացակայողներից ոմանք վնասվածքներ էին ստացել, ինչպես Հովսեփյանը, իսկ ոմանք էլ վերջին տուրերում այնքան էլ լավ չէին խաղացել: Իսկ երիտասարդներն ավելի շատ քանակ լրացնելու ու իրենց հասակակիցների հետ հանդիպմանը մասնակցելու համար էին ներկա հավաքին: Ինքս շատ կուզենայի տեսնել Նարեկ Բեգլարյանին, սակայն վերջին պահին իմացանք, որ նա վնասվածք ունի: Ինձ համար կարեւորն այն էր, որ նորեկները, որոնց ցանկանում եմ թիմում տեսնել ու հույս ունեմ հունիսի 4-ին կայանալիք խաղին ներգրավել, լավ տպավորություն թողեցին: Այնպես որ, հավաքն իր նպատակին ծառայեց»,- երկօրյա հավաքի ավարտից հետո նշեց Վարդան Մինասյանը:
Երիտասարդականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն էլ փաստեց, որ հավաքի արդյունքում արդեն կողմնորոշվել է ֆուտբոլիստների ընտրության հարցում: «Արդեն կողմնորոշվել եմ, որ հենց այս թիմը կխաղա հիմնականում: Բնականաբար, եթե ժամանակի ընթացքում լինեն ֆուտբոլիստներ, ովքեր իրենց լավ կդրսեւորեն, մեր տեսադաշտից դուրս չեն մնա: Ֆրանսիայում հանդես եկող ֆուտբոլիստներ Քեւին Դոլմաջյանն («Կանն») ու Աշոտ Սարդարյանը («Ժարվիլ») մասնակցել էին նախորդ հավաքին ու լավ տպավորություն թողել: Առաջիկա խաղից առաջ կայանալիք հիմնական հավաքին Աշոտն անպայման կհրավիրվի՝ լինելով Մոնտենեգրոյի հետ խաղին նախապատրաստվելու հրավիրված արտասահմանցի միակ նորեկը: Իսկ նախկինում էլ խաղացած ֆուտբոլիստներից կհրավիրվեն Մասիս Ոսկանյանն ու Գեւորգ Բադալյանը»,- ասաց Նազարյանը:
Հիշեցնենք, որ Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի հերթական խաղում Հայաստանի ազգային ընտրանին հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կհյուրընկալվի Ռուսաստանին, իսկ երիտասարդականն իր առաջին հանդիպումը Եվրո 2013-ի ընտրական փուլում կանցկացնի հունիսի 7-ին՝ Երեւանում, ընդունելով Մոնտենեգրոյի իր հասակակիցներն: Դա նաեւ առաջինը կլինի Ռաֆայել Նազարյանի համար՝ Մ-21-ի ղեկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել