Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ենք ուզում՝ արժեհամակա՞րգ, թե՞ փող

Մայիս 31,2011 00:00

Ըստ չեխ փորձագետ Վացլավ Նեկվապիլի, միայն այս հարցի պատասխանը հստակեցնելուց հետո Հայաստանը պետք է հռչակի իր արտաքին քաղաքական օրակարգը:

Երեկ Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա «Եվրամիությանը ինտեգրման Չեխիայի փորձը. դասեր Հայաստանի համար» սեմինարի նպատակն է քննարկել ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրից սպասելիքներն ու համագործակցության հնարավորությունները: Սեմինարի կազմակերպիչն է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը»՝ Չեխիայի դեսպանատան աջակցությամբ: Ուսումնասիրության է դրվել Չեխիայի փորձը, նկատի առնելով, որ Չեխիան եւս սոցճամբարի փոքր պետություններից է, որը ԽՍՀՄ փլուզումից հետո շատ արագ կարողացավ գտնել իր տեղը եվրոպական ընտանիքում: «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանի համար դեռ եվրոպական ընտանիքի մաս կազմելու առումով ամեն ինչ չէ, որ կորած է. «Ընդամենը երեք դար ենք Եվրոպայից ետ մնում. դեռ հույս կա»: Պարոն Գրիգորյանը տարակուսում է միայն, որ չնայած հայաստանյան քաղաքական ուժերի օրակարգում եվրաինտեգրացումը կարծես առաջնային տեղ է զբաղեցնում, մեկը մյուսին հերթ չտալով շատ գեղեցիկ ճառեր են արտասանում այդ թեմայով, սակայն որեւէ քաղաքական ուժի օրակարգում այդպես էլ առաջնահերթություն չի համարվում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը: ՀՀ ՍԴ ներկայացուցիչ Վալերի Պողոսյանը խոսելով «օրենքի գերակայություն» հռչակած եվրոպական նորմից՝ նկատեց, որ երբ մենք խոսում ենք եվրոպական չափանիշների եւ դրանց կիրառման մասին, հաճախ անտեսում ենք, որ եվրոպական օրենքներում գերակա են մարդու հռչակված իրավունքները: Մինչդեռ հայաստանյան օրենքներում մարդու իրավունքը, մեղմ ասած, ստորադասված է: Հետեւաբար նա գտնում է, որ այս պարագայում առավել նպատակահարմար են, որ մեր երկրում օրենքները գերակա չեն. «Վատ օրենքը լավ է՝ գերակա չլինի»: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն էլ տարակուսեց. «Իսկ ինչո՞ւ Եվրոպա գնալ. գուցե Արեւելք կամ Չինաստա՞ն»: Պարոն Թոխյանի մեկնաբանմամբ, այսօր Չինաստանն իր զարգացման տեմպերով, կյանքի պարամետրերով եւ զարգացման հեռանկարներով առավել գրավիչ է: Բացի այդ, արեւելյան հարաբերություններն, ըստ նրա, հայկական մենթալիտետին առավել մոտ են: Նա նույնիսկ էքսցենտրիկ համեմատություն արեց սեմինարի մասնակից ուսանողների համար. «Դուք պատրա՞ստ եք երեկոյան սեփական կնոջ ննջարանը մտնելուց առաջ դուռը թակել եւ ներս մտնելու թույլտվություն ստանալ»: Ինքը՝ Ֆելիքս Թոխյանը, Հայաստանի «եվրոպական վերջի» կողմնակից եւ ջատագով է: Ներկայացնելով Չեխիայի՝ ԵՄ-ին անդամակցության փորձը՝ չեխ փորձագետ Վացլավ Նեկվապիլը մեջբերեց Չեխիայի նախկին վարչապետներից մեկին, ով այդ առիթով ասել էր. «Եթե միայն փողի համար ենք ուզում մտնել ԵՄ, ապա ավելի լավ է՝ մտնենք Արաբական Էմիրություններ»:

Հ. Գ. Վացլավ Նեկվապիլի հետ «Առավոտի» բացառիկ հարցազրույցը՝ առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել