Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՐԴՈՂԱՆԸ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԼԱՑԱՑՐԵԼ Է

Հուլիս 01,2011 00:00

\"\"Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննադատել է ընդդիմադիր եւ քուրդ պատգամավորների՝ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին որոշումները: Tert.am-ի մատուցմամբ, Էրդողանը հունիսի 30-ին «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության նիստին հանդես է եկել ելույթով եւ մասնավորապես խոսել է Թուրքիայում հետընտրական զարգացումների մասին:

Քննադատելով «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ու «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցությունը վայելող քուրդ անկախ պատգամավորների՝ երդմնակալության արարողությունը բոյկոտելու մասին որոշումները, Էրդողանն ասել է. «Ընդդիմությունն ուզում է՝ թող գա, չի ուզում՝ թող չգա: Խորհրդարանի աշխատանքներին խոչընդոտող որեւէ բան չկա»: Իր ելույթի ընթացքում Էրդողանն արտասանել է շեյխ Էդեբալիի «Հեյ, տղա» խրատը, ինչից հուզվել եւ չեն կարողացել իրենց արցունքները զսպել պետնախարարներ Բյուլենթ Արընչն ու Զաֆեր Չաղլայանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետ եւ պետնախարար Բյուլենթ Արընչը նախկինում եւս Էրդողանի ելույթի ժամանակ չէր կարողացել զսպել իր արցունքները: Նույն աղբյուրի մատուցմամբ, Թուրքիայում երեկ նաեւ բախումներ են եղել թուրք զինվորների եւ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջեւ: Տեղի ունեցած բախման հետեւանքով զոհվել է 2 քուրդ զինյալ: Բախումը տեղի է ունեցել Թունջելիում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Հավելենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ երկրի արեւելյան եւ հարավարեւելյան շրջանները «ժամանակավորապես անվտանգության գոտի» հայտարարելու մասին որոշումը: Հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը այդ շրջաններ քաղաքացիների մուտքն արգելված կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել