Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժականը բյուրեղներ կաճեցնի

Հուլիս 01,2011 00:00

Երեկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կնքվեց երկու պայմանագիր: Առաջինը՝ Մանկավարժական համալսարանի եւ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի միջեւ՝ համատեղ գիտաուսումնական «Ոչ գծային օպտիկական, լազերային եւ ֆոտոնիկական բյուրեղների լաբորատորիայի» ստեղծման մասին պայմանագիր:

Համատեղ լաբորատորիան կգործի համալսարանի համակարգում:

Այն ստեղծվում է բուհի «Քվանտային էլեկտրոնիկայի եւ ինտեգրալ օպտիկայի նոր նյութերի լաբորատորիայի» եւ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Ոչ գծային բյուրեղների եւ սարքաշինության լաբորատորիայի» «Բյուրեղների աճեցման խմբի» բազաների հիման վրա: «Բյուրեղների աճեցման խումբը» ինստիտուտի կառուցվածքային փոփոխությունից հետո կվերածվի «Օքսիդային բյուրեղների աճի լաբորատորիայի»: Ողջունելով համատեղ լաբորատորիայի ստեղծման գաղափարը, Ֆրանսիայի Մեցի համալսարանի պրոֆեսոր, լաբորատորիայի գիտական թիմի ղեկավար, ծրագրի պատասխանատու Միշել Ալիերին ասաց. «Լաբորատորիայի ստեղծումը կընձեռի համագործակցության նոր հնարավորություններ ժամանակակից գիտական ասպարեզում, ինչպես նաեւ երկկողմանի ասպիրանտների եւ հետազոտողների փոխանակային ծրագրի իրականացման հնարավորություն կտա: Սա կրթությունը գիտությանը մոտեցնելու լավագույն քայլերից է»: Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը նկատեց, որ պայմանագրի կնքումը արդյունավետ համագործակցության առաջին գործնական քայլն է, իսկ լաբորատորիայի ստեղծումը՝ այդ համագործակցության առաջնահերթություններից:

Ստորագրվեց նաեւ միջազգային հայ-ֆրանսիական՝ «Ֆոտոնիկական, ժամանակակից նյութեր ֆոտոնիկայի եւ օպտիկական սենսորների համար» լաբորատորիայի ստեղծման մասին պայմանագրի նախագիծ:

Ի դեպ, Միշել Ալիերին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին եւ Արամ Պապոյանին անակնկալ էր պատրաստել. որպես համագործակցության իրականացման խորհրդանիշ, ֆրանսիացի պրոֆեսորը իր գործընկերներին նվիրեց արհեստական բյուրեղով պատրաստված հուշանվեր: Պարոն Միրզախանյանն էլ նրան նվիրեց ՀՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի սաների ձեռքով արված կտավ՝ հայկական բնապատկեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել