Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ չէր պայքարի

Հուլիս 06,2011 00:00

\"\"Մալայզիայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական (տղաների 37-րդ եւ աղջիկների 17-րդ) առաջնությունում, որին մասնակցում են 53 երկրների 281 ներկայացուցիչներ, Հայաստանի երկու պատվիրակներից առաջինը «Penang International Sports Arena»-ի մրցահարթակ մտավ 63 կգ քաշային կարգում հանդես եկող Քրիստինե Պետրոսյանը:

Միանգամից ասենք, որ այդ քաշային կարգի ինը ուժեղագույն մարզուհիների պայքարին մասնակցող մեր աղջիկը ոչ մի բանով աչքի չընկավ՝ խմբում գրավելով վերջին՝ իններորդ տեղը: Քրիստինեի մրցելույթից պարզորոշ նկատվում էր, որ նա պատրաստ չէ լուրջ մրցակցության: Պոկում վարժությունում բարձրացնելով նախապես պատվիրած 90 կիլոգրամը՝ Քրիստինեն, այնուհետեւ, երկու անգամ ձախողվեց 95 կգ-ում: Հրումում մեր աղջիկը միայն երկրորդ մոտեցմամբ կարողացավ գլխավերեւում պահել 111 կգ-ն: Եվ ապահովագրվելով զրո ստանալու վտանգից՝ հրաժարվեց երրորդ փորձից: Նրա երկամարտի գումարը կազմեց ընդամենը 201 կիլոգրամ, ինչը «A» խմբում ամենացածր ցուցանիշը եղավ: Համեմատության համար հիշեցնենք՝ անցած տարի Անթալիայում անցկացված աշխարհի մեծահասակների առաջնությունում Քրիստինեն պոկել էր 100, հրել 114 կիլոգրամ եւ երկամարտի 214 կգ-ով մեծահասակների մեջ գրավել 11-րդ հորիզոնականը: Մեզ հասած տեղեկություններով, Պենանգում Քրիստինեի ոտքը ցավում էր:

Հայաստանի երկրորդ ծանրորդը՝ +105 կգ քաշային Գոռ Մինասյանը, որի հետ մեր մասնագետները լուրջ հույսեր են կապում, պայքարի մեջ ներգրավվելու է աշխարհի առաջնության վերջին օրը՝ հուլիսի 7-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել