Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ ՏՈԼՄԱ ՈՒՏԵԼՈՒ

Հուլիս 08,2011 00:00

Առաջին անգամ Սարդարապատում՝ Տոլմայի փառատոն

ՈՎ սիրում է հայկական տոլմա, հուլիսի 14-ին թող լինի Սարդարապատում:
\"\"Այդ օրը Սարդարապատի հուշահամալիրում մի խումբ տոլմայասերներ ավելի քան 1000 հյուրերի կհյուրասիրեն հայկական խաղողի թփով եւ կաղամբով, ինչպես նաեւ նոր մտացածին համեղ տոլմաներ: Առիթը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ի նախաձեռնած Տոլմայի փառատոնն է:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը «Առավոտի» հետ զրույցում \"\"ասաց, որ նման միջոցառում Հայաստանում եւ աշխարհում առաջին անգամ է կազմակերպվում: Նրա խոսքով՝ «Միջոցառման նպատակը հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն է եւ հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցի ամրագրումը, ինչպես նաեւ տոլմայի ներկայացումը որպես հայկական կերակրատեսակ՝ հերքելով այն տարածված թյուր կարծիքը, թե այդ կերակրատեսակը թուրքական արմատներ ունի»:
Ս. Մամուլյանը փառատոնին հրավում է բոլորին: Այս մասով նա ասաց. «Ով սիրում է տոլմա կամ իրեն համարում է համեղ տոլմա պատրաստող, իր պատրաստած որոշակի քանակությամբ տոլմայով կլինի Սարդարապատում: Բաց տարածության մեջ ներկաներին կհյուրասիրվի տարբեր մարզերի ավանդույթներով, հին հայկական ձեւերով պատրաստած տոլմա՝ տարբեր տաղավարներում: Բացի մարզերից հրավիրված անհատներից, ներկայացված են լինելու նաեւ հայաստանյան ռեստորաններ՝ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից՝ առանձին տաղավարներում: Այժմ բանակցություններ են տարվում վրացական տաղավարի ապահովման մասով: Ցանկանում ենք, որ վրացական տաղավար էլ լինի՝ վրացական ձեւով պատրաստած տոլմայով, չնայած փառատոնի առաքելությունը տոլմայի հայկական արմատներ ունենալու քարոզումն է»:
Միջոցառման կազմակերպչի փոխանցմամբ, հյուրասիրությանը զուգահեռ՝ տեղի է ունենալու նաեւ մրցույթ. «Անմիջապես տեղում մրցույթին նախապես հայտագրված մասնակիցները կպատրաստեն հայկական ավանդական տոլմա: Մրցութային մասին կմասնակցեն ինչպես Հայաստանի առաջատար ռեստորաններ, այնպես էլ անհատներ Երեւանից եւ մարզերից. ընդհանուր առմամբ՝ 20 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը կպատրաստի ավանդական տոլմայի իր տարբերակը՝ յուրօրինակ բաղադրատոմսով: Մրցույթի համար կազմվել է 5 հոգուց բաղկացած ժյուրի՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» կազմակերպության անդամներից: Անցկացվելու է երեք անվանակարգով՝ «Համահոտային հատկանիշներ», «Նոր մտահղացում» եւ «Արտաքին տեսք»:
Մրցույթի հաղթողներին սպասվում են մրցանակներ: Առաջին տեղի համար նախատեսված է կավե գավաթ, իսկ մյուս անվանակարգերում հաղթողներին տրվելու են հուշամեդալներ:
Նշենք, որ փառատոնը անցկացվելու է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Առաջին անգամ անցկացվող Տոլմայի փառատոնը կհյուրընկալի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցող հայ եւ օտարազգի անվանի դերասանների, ռեժիսորների, կինոաշխարհի անվանի մարդկանց, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց: Հրավիրված են նաեւ շուրջ 50 մասնակից՝ Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից եւ Վրաստանից: Ս. Մամուլյանը տեղեկացրեց, որ փառատոնը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը. «Մյուս տարի նպատակ ունենք միջոցառումը ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն, որպեսզի մեր փառատոնին մեծ խմբով տուրիստներ մասնակցեն»:
Հուլիսի 14-ի Տոլմայի փառատոնը կուղեկցվի «Կարին» ազգագրական համույթի երգ ու պարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել