Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հուլիս 12,2011 00:00

\"\"ասում է 2007-ից թվականից գործող “Policy forum Armenia” կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը, որը նաեւ տնտեսական գիտությունների դոկտոր, Վաշինգթոնում գործող միջազգային ֆինանսական հեղինակավոր կազմակերպություններից մեկի ավագ տնտեսագետ է:

– Հաշվի առնելով, որ վերջին շրջանում իշխանական գործիչներն ուղղակի ծաղրում էին պատվիրակություններով երկխոսելու գաղափարը՝ Ձեր կարծիքով, ո՞ր գործոնները դեր խաղացին, որ փոխվեց որոշումը, եւ կոալիցիոն կուսակցությունները ձեւավորեցին աշխատանքային խումբ՝ ՀԱԿ-ի հետ երկխոսելու համար:
– Դժբախտաբար, թե գուցե բարեբախտաբար՝ ինքս անձնապես լուրջ չեմ վերաբերվում այն գործընթացին, որն այժմ ընթանում է իշխանության ու ՀԱԿ-ի միջեւ, քանի որ այդ ուժերի մեջ չեմ տեսնում այն ներուժը, որն ի վիճակի էր լուծել Հայաստանի առջեւ 21-րդ դարում ծառացած խնդիրները: Այսուհանդերձ՝ կարծում եմ, տեղի ունեցողը բավական տրամաբանական է. այս գործընթացի շարունակության կարիքն ավելի շատ ունի իշխանությունը, քան թե Տեր-Պետրոսյանական ընդդիմությունից բացի՝ որեւէ այլ ուժ: Ի սկզբանե նկատեմ, որ նման անթափանց գործընթաց վարելու մանդատ Տեր-Պետրոսյանին ժողովրդի կողմից չի տվել ոչ ոք: Նշեմ նաեւ, որ ընտրություններ կեղծելու եւ սեփական ժողովրդի հանդեպ ուժ կիրառելու իշխանության անփոփոխ ախորժակի կարեւորագույն գործոններին Տեր-Պետրոսյանական ընդդիմությունը ոչ մի կերպ չի անդրադառնում։ Արդյունքում գործընթացը համարում եմ ոչ լեգիտիմ եւ հասարակության լայն խավերի համար՝ ոչ շահավետ: Սա շոու է, որը պետք է շարունակվի, խաղ, որն առնվազն իշխանության համար բավական ռացիոնալ է:
– Պատահակա՞ն եք համարում արդյոք ժամանակային զուգադիպությունները՝ իշխանությունը երկխոսության պատրաստակամություն հայտնեց ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով քննարկումից եւ Կազանի հանդիպումից առաջ, բայց պատվիրակություններով բանակցելու առաջարկը թողեց առկախ՝ Կազանում ձախողումից հետո: Եվ ահա ԼՂ հարցում նոր ակտիվացումից եւ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների այցից ճիշտ 10 օր առաջ իշխանությունն այսուհանդերձ ձեւավորում է իր խումբը եւ հայտարարում, թե առաջին քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում:
– Բոլորովին հակված չեմ ներքաղաքական այս գործընթացը դիտարկելու արտաքին ազդակներին զուգահեռ: Վստահ եմ, կան պատճառահետեւանքային որոշ կապեր, բայց դրանք համարում եմ բավական անկարեւոր, քանի որ ՀՀ իշխանություններն անցած տարիների ընթացքում բավական լավ են սովորել միջազգային կազմակերպություններին խաղարկելու հնարքները: Եվ եթե կան պատճառահետեւանքային կապեր, ապա դրանք գնում են ներքինից դեպի արտաքին եւ ոչ թե հակառակը:
– Ուրեմն, ինչո՞ւ եք համարում, թե այս գործընթացի կարիքն ուներ ավելի շատ իշխանությունը: Հիմնավո՞ր եք համարում այն վերլուծությունները, թե ՀԱԿ-ի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է չեզոքացնել իշխանության համար իր ավելի վտանգավոր մրցակցին՝ Ռոբերտ Քոչարյանին, զրկելով նրա քաղաքական հենարաններին խորհրդարանում ամենամեծ խմբակցություններն ունենալուց, եւ փոխարենը ՀԱԿ-ին թույլ կտրվի ԱԺ-ում ունենալ ՀՀԿ-ից հետո ամենամեծ բաժինը:
– Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակամարտությունը կարծես թե հասունացել է արդեն այն աստիճանի, որ հասարակության համար էլ է դարձել տեսանելի: Այնպես որ, վստահ եմ, որ գործող իշխանությունն իրոք ունի նման մտավախություն: Եվ այն, ինչ արվում է՝ մասամբ արվում է նաեւ կանխելու համար եւ հակադրվելու քոչարյանական ճամբարի համախմբմանը:
Բայց հիմնականում՝ այս գործընթացն ուղղված է իրական ընդդիմության՝ ուզում եք, անվանեք 3-րդ ուժի, ուզում եք՝ 2-րդ ուժի դեմ (ինքս ՀԱԿ-ին չեմ համարում 2-րդ ուժ): Տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական խնդիրները այնքան են բարդացել, որ արդեն իսկ դառնում են ազգային անվտանգության հիմնահարցեր: Այդ օբյեկտիվ պատճառները չեն կարող չառաջացնել ժողովրդի մոտ ընդդիմական տրամադրվածություն: Իսկ իշխանությունը շատ լավ է հասկանում, որ այս օբյեկտիվ երեւույթների դեմն առնելու լավագույն միջոցն է ստեղծել մի գործընթաց, որով կարելի է զանգվածների գոնե մի հատվածին խաբել՝ ցասումը պակասեցնելու միտումով:
– Պարզաբանեք, թե ո՞ր քաղաքական ուժերին եք համարում իրական ընդդիմություն:
– Կցանկանայի ավելի ընդհանրական ներկայացնել պատկերացումներս, չնայած երեւի դժվար կլինի ընդհանրապես չնշել որեւէ ուժ: Ես պարզապես ցանկանում եմ տեսնել նոր մարդիկ, նոր որակներ, նոր տեսլականներ, նոր գործելաոճ, որոնք, ցավոք, առկա չեն գործող հիմնական խաղացողների մոտ: Կան միտումներ, կա դրական տեղաշարժ այնքանով, որքանով, ինչպես նշեցի՝ գոյություն ունեն օբյեկտիվ պատճառներ դժգոհությունների համար: Դրանց զուգահեռ՝ թեեւ ոչ այդքան արագ, աճում է նաեւ պահանջն ունենալու նոր որակի ընդդիմություն:
– Փորձենք բացառման մեթոդը՝ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», Ձեր կարծիքով, իրական ընդդիմությո՞ւն են: Եվ եթե ոչ՝ մնացած ուժերից ո՞ր մեկն է փոքրիշատե համապատասխանում Ձեր թվարկած հատկանիշներին եւ կարող է հրապարակ դուրս բերել գոնե նույնքան զանգված, որքան կարողանում է անել ՀԱԿ-ը:
– ՀՅԴ-ն չեմ տեսնում որպես ընդդիմադիր ուժ՝ նրա հայաստանյան ղեկավարների պատճառով: «Ժառանգության» դեպքում բավական ոգեւորիչ է 2007-ից նրա անցած ճանապարհը: Սակայն այս պահին կարծես «ատամների» պակաս կա, եւ առանձին լավ կազմակերպած միջոցառումներից լուրջ գործընթացների անցնելու խնդիր ունի «Ժառանգությունը»: Բավական ոգեւորված եմ «Սարդարապատ» շարժման հայտով:
– Չափազանց փոքրաթիվ մի շարժում, որը չի իրականացրել եւ ոչ մի զանգվածային գործողություն:
– Շարժման կամ խմբի զանգվածային լինելը դեռ ամենակարեւոր չափորոշիչը չէ հաջողության համար: Վերջին տարիներին ունեցել ենք նախադեպեր, երբ առանձին անհատներ հավաքել են բավական մեծ զանգվածներ՝ չունենալով որոշակի տեսլական եւ անհրաժեշտ այլ որակներ: Իսկ «Սարդարապատ» շարժման մեջ տեսնում եմ թե՛’ նոր մարդկանց, թե՛’ նոր գործելաոճ: Եվ հույս ունեմ, որ կկարողանան նախաձեռնող խմբի ձեւաչափից հնարավորինս արագ անցնել զանգվածային իրական շարժման, երբ պատրաստ կլինեն:
– «Policy Forum Armenia»-ն վերջին շրջանում կարծես փոխո՞ւմ է գործելաոճը՝ զեկույցներից անցնելով միջոցառումների կազմակերպման:
– Մեր առաքելությունը բազմաշերտ ու բազմաբնույթ է. ե՛ւ հանդես ենք գալիս զեկույցներով, որոնք արտահայտում են հայկական աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին մեր տեսակետները, ե՛ւ ներկայացնում այլընտրանքային առաջարկներ քաղաքականության տարբեր ոլորտների վերաբերյալ, եւ ի վերջո՝ հնարավորություն տալիս երրորդ կողմերին բաց քննարկումների միջոցով առաջադրել տեսակետներ: Այս տարեսկզբից մի շարք միջոցառումներ ենք կազմակերպել՝ նշեցինք մեծ այլախոհ Վիգեն Բաբայանի 70-ամյակը, հետո հյուրընկալել էինք «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներին եւ այլն: Շուտով լույս կընծայվի «Policy Forum Armenia»-ի տարեկան ամփոփիչ զեկույցը: Եվ մշակման ընթացքում են երկու զեկույցներ, որոնցից մեկը կառնչվի Հայաստանում կոռուպցիայի եւ կառավարման խնդիրներին, իսկ երկրորդը ժողովրդագրական խնդիրներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել