Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՕՐԵՆՔԸ ՏԵՐ ՈՒՆԻ, ՈՒՐԵՄՆ, ԱՐԴԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Հուլիս 12,2011 00:00

Բառակույտը միտք չի արտահայտում նույնքան, ինչքան որ հեռու է անհատների խառնակույտը խոհակից ընկերների հանրույթից: Եվ նկուղում ծնված մտքերը ցածր առաստաղից այն կողմ չեն անցնում՝ լինեն ազգափրկիչ, հազիվ գիտակցված, չգիտեմ ինչ, բայց միշտ՝ տափակ: Եվ վա՛յ էն ազգին, ում հույսը նկուղում ծնված միտքն է ու հավաքական չբերությունը: Իսկ այդպիսի բան կա. գուցե մտածված չիմացություն է կամ պատվիրված տգիտություն: Նույնչափ ահավոր են: Հավաքական չբերություն, որ ընդամենը ապագա պտուղի խոստում է եւ ոչինչ ավելի, քանզի արգանդի բացակայություն է եւ կեղծ արուների հոխորտանք:

 \"\"

Երբ խոսք է լինում իշխանության բարոյականության մասին, առաջին հերթին նկատի են առնվում տվյալ երկրում օրենքի անվերապահ գերակայությունը եւ օրենքին տվյալ երկրի իշխանության սպասավորության հանգամանքը: Այլ կերպ ասած, օրենքին եւ այդպիսով պետականությանը սպասարկելու հանգամանքը իշխանության բարոյականության չափն է: Ասվածը վերաբերում է ժողովրդավարական զարգացման ուղի ընտրած երկրներին, քանի որ որեւէ բռնատիրության պարագայում օրենքի գերակայության կամ իշխանության բարոյականության մասին խոսելն անհեթեթություն է:
Երբ այս տեսանկյունից փորձում ես վերլուծել Հայաստանի ներքաղաքական կյանքը, չես կարողանում ցավով չարձանագրել, որ մեզանում իշխանության ինստիտուտը ոչ մի կերպ չի կայանում՝ որպես պետականությունը սպասարկող միասնական կառույց: Ճշմարտություն է եւ այն, որ մեր երկրի իշխանությունները գրեթե չեն էլ մտահոգվում նման գործուն ինստիտուտ ձեւավորելու խնդրով: Այդ է վկայում նաեւ նրանց՝ ներքաղաքական ասպարեզում դրսեւորած հատվածական, պահի թելադրանքով պայմանավորված վարքագիծը: Օրենքի անվերապահ գերակայությունը, որպես հասարակական համակեցության հիմնաքար, որոշակի ժամանակամիջոցում միայն կարող է վերջնականապես հանգրվանել հասարակական գիտակցության մեջ: Սակայն դա կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ իշխանություններն իրենք նախաձեռնողաբար եւ հետեւողականորեն ապացուցեն իրենց ենթակայությունը օրենքին, չխուսափեն պետականության սպասավորի իրենց դերից, հետեւաբար եւ՝ պատասխանատվությունից:
Հայաստանում օրենքներն ընդունվում են կարծես միայն ձեւի համար՝ այդպիսով հասարակական հարաբերությունները կարգավորող լծակներից վերածվելով միայն մտրակի, այն էլ, որպես կանոն, «մանրերի» գլխին: Մեզանում իշխանությունն է օրենքի տերը եւ այն գործադրում է՝ ըստ իր հայեցողության: Այսպիսով, ոչ միայն խոչընդոտվում է իրական ժողովրդավարության արմատավորման գործընթացը, այլեւ իրական սպառնալիք է ստեղծվում մեր ինքնիշխանության համար:
Իշխանության մարմինների գործառույթների ոչ հստակ տարբերակումը, օրենսդրական արտագրված ու մանվածապատ ակտերը, հաճախ էլ հակասական ու չմտածված որոշումները պարարտ հող են ստեղծում տարբեր կարգի չարաշահումների, մեկի տնօրինությանը հանձնած բնագավառը սեփական բոստանի վերածելու, վերջապես՝ եղած-չեղած օրենքը շրջանցելու համար:
Ազգային ժողովը բողոքում է կառավարությունից, կառավարությունը՝ Ազգային ժողովից, երկուսն էլ՝ դատական իշխանությունից, վերջինս էլ՝ բոլորից: Այսպես ասած, միջին օղակն էլ բոլորի հետ ու առանձին քեֆ է անում: Հաստատ սա չէ իրավական պետություն ստեղծելու ճանապարհը: Որտե՞ղ է տեսնված, որ ոչ թե գնագոյացման, այլ գնահորինվածքի պայմաններում մարդկանց աչքը մտցնեն տնտեսական աճի մասին հանելուկ-հեքիաթը, որ երկրի ոստիկանությունը բողոքի դատախազության գործելաոճից, դատախազությունը՝ ոստիկանության, եւ երկուսն էլ ճիշտ լինեն, եւ ոչ մեկը մեղավոր չլինի…
Եթե ընդունում ենք «կադրերն են որոշում ամեն ինչ» կարգախոսի հավաստիությունը, տրամաբանորեն պիտի ընդունենք նաեւ, որ նույն այդ կադրերը կարող են ամեն ինչ քարուքանդ անել: Սա, իհարկե, ընդհանրապես: Հիմա իշխանության ղեկավարները հավաքում են իրենց թիմերը, թիմի անդամներն էլ, իրենց հերթին՝ իրենց թիմերը: Սա համարենք ժամանակակից աշխարհում ընդունված կառավարման առաջադեմ ձեւ: Բայց մեդալն ունի նաեւ երկրորդ երեսը: Եթե հանրապետությունը քո ընտրած ճանապարհով տանելու համար թիմ ես հավաքում, պիտի ունենաս նաեւ այդ ճանապարհից շեղված, բոլորովին այլ կողմ գնացած ձախողված թիմակիցների համար պատասխանատվություն: Քաղաքական-տնտեսական սեփական ծրագիրն իրականացնելու համար հարմար մարդկանց այս ու այն պաշտոնին նշանակելու պրակտիկան եւ այն իշխանավարության առաջադեմ ձեւ ներկայացնելը մեզանում հիանալիորեն ընդօրինակված են, բայց պատասխանատվությունը դեն է շպրտված: Բարձրաստիճան պաշտոնյան բռնվում է կաշառակերության մեջ՝ մեղավոր է միայն ինքը. այս դեպքում թիմ չկա: Երկրի արտաքին քարոզչությունը, այն էլ ներկայիս պայմաններում, ընդհանրապես ձախողված է, բայց կան, չէ՞, այդ խողովակից ազգուտակ կերակրող պատասխանատու որովայններ, որոնք բաց ու համարձակ նույնիսկ լկտիության շոուներ են կազմակերպում:
Քաջ գիտենալով, որ սոցիալական թշվառության մեջ գալարվող, քաոսից այլեւս կաթվածահար ժողովուրդը արդեն ի վիճակի չէ նախկին համառությամբ տեր կանգնելու իր անկախությանը, այժմ էլ աճուրդի է դրվել մեր պայքարի թերեւս միակ ձեռքբերումը՝ ինքնիշխանությունը:
Այսինքն, մենք մեր տանը գտնվելով, դառնում ենք ընդամենը ականատես…
Պարադոքսալ է, բայց կառավարության որդեգրած գործելակերպը ստեղծել է անսկզբունքային քայլերի հիմնավորման բացառիկ հնարավորություն: Այն եւ՛ ժողովրդի աչքում նվազեցնում է հերթական սխալի համար իշխանությունների մեղքի չափը (ուրիշ ճար չկա), եւ՛ դեպքերի օբյեկտիվ ընթացքով պայմանավորված գործելակերպի պատրանք ստեղծելով՝ նրանց հնարավորություն տալիս ձերբազատվելու սեփական ժողովրդի հանդեպ գործած մեղքի զգացումից:
Սա էլ, թերեւս, տեղավորվում է որդեգրած բարոյականության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031