Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենք իրենց նվեր արեցին

Հուլիս 21,2011 00:00

\"\"Երեկ շախմատի Հայաստանի ազգային հավաքականը Նինբոյում շարունակվող աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության չորրորդ փուլում 3,5:0,5  հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Աֆրիկայի չեմպիոն Եգիպտոսի նկատմամբ, եւ, վերադարձնելով միանձնյա առաջատարի դերը, հուլիսի 20-ին նշվող Շախմատի միջազգային օրը ինքն իրեն նվեր մատուցեց:
Մեր թիմի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը որոշել էր համեմատաբար թույլ եգիպտացիների հետ մրցամարտում հանգստանալու հնարավորություն տալ հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանին, իսկ մեր ամենաերիտասարդ մասնակից, Հայաստանի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանին իր ունակությունները գործնականում ցուցադրելու հնարավորություն ընձեռել: Եվ Ռոբերտը հաղթանակով նշեց իր նորամուտը աշխարհի առաջնություն: Մեկական միավոր վաստակեցին նաեւ առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկած Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արեց: Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ռուսաստան-Ադրբեջան՝ 1:3, Ուկրաինա-Հունգարիա՝ 1,5:2,5, Իսրայել-Հնդկաստան՝ 1,5:2,5, ԱՄՆ-Չինաստան՝ 0,5:3,5:
Այսօր կայանալիք 5-րդ տուրից առաջ, որում Հայաստանի մրցակիցը Չինաստանն է, մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի. Հայաստան՝ 6,0 (11), Ադրբեջան՝ 5,0 (9,5), Չինաստան՝ 5,0 (9,5), Ռուսաստան՝ 5,0 (9), Հունգարիա՝ 5,0 (8), Ուկրաինա՝ 4,0 (8), Իսրայել՝ 4,0 (7,5), Հնդկաստան՝ 3,0 (7) եւ ԱՄՆ՝ 3,0 (7):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել