Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԻՄ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ

Սեպտեմբեր 21,2011 00:00

\"\"Լույս է տեսել լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» վավերագրություն-գիրքը: Լրագրողը ընտրել է բացառիկ մի շրջան, լուսաբանելով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հայ պատգամավորների գործունեությունը: Նա եղել է հավատարմագրված լրագրող այդ շրջանում: Մոտ 20 տարի է պահանջվել հսկայածավալ արխիվային նյութը հանրությանը ներկայացնելու համար: «Ինչպե՞ս եւ ե՞րբ ծնվեց գրքի գաղափարը» հարցից էլ սկսվեց մեր հարցազրույցը հեղինակի հետ:

-1989թ. հունիսին Արցախի հարցով ԽՍՀՄ ԳԽ պատգամավորական խմբի գալու կապակցությամբ նորից մեկնել էի Ստեփանակերտ: Գործուղում չունեի, գնացել էի իմ կամքով: Վետերանների հետ բացօթյա հանդիպման ժամանակ ինձ անսպասելի մոտեցավ ԼՂ մարզկոմի նախկին քարտուղար Հենրիկ Պողոսյանն ու ասաց. «Լսել եմ վաղը մեկնում եք: Երեւանից ուրիշ լրագրող չկա: Ախր սա պատմություն է, ո՞վ է գրի առնելու»: Շարժման առաջին տարիներին լրագրող չէր գնում Ղարաբաղ՝ երեւի մեկ-երկու հոգի: Հենրիկ Պողոսյանն ինձ օգնեց տասը օր շարունակ ներկա գտնվել ԽՍՀՄ պատգամավորական խմբի բոլոր հանդիպումներին՝ Արցախի շրջաններում ու գյուղերում, անգամ Արկադի Վոլսկու մոտ տեղի ունեցած փակ խորհրդակցությանն եմ ներկա եղել: «Ավանգարդը» այդ օրերին տպագրեց իմ ընդարձակ հոդվածաշարը Արցախից, ինչը մերժեցին այլ թերթեր: Հոկտեմբերին, երբ Մոսկվա էի ճանապարհում Արցախի ԳԽ պատգամավոր Բորիս Դադամյանին, ասաց. «Գուցե գա՞ս Մոսկվա, Ղարաբաղի հարցով պատգամավորական խմբի եզրակացությունն է քննարկվելու ԽՍՀՄ Գերագույն խորհրդում»: «Ավանգարդ» թերթի խմբագրապետ Մնացական Զոհրաբյանը, որին անչափ պարտական եմ գրությանս մեծ կարեւորություն տալու, ոգեւորելու, թերթի էջերն ինձ անսահմանափակ տրամադրելու համար, Կրեմլում աշխատելու միջնորդագիր տվեց, «Աղբյուր» հանդեսի իմ խմբագիր Պերճ Զեյթունցյանը լուռ ու մեծահոգաբար հանդուրժեց իմ երկարաժամկետ բացակայություններն աշխատանքից: Ու ծնվեց այս գիրքը: Երախտապարտ եմ նրանց բոլորին:
– Արդյո՞ք բոլոր փաստերը տեղ գտան գրքումդ:
– Իհարկե ոչ: Իմ արխիվը երեք մեծ արկղ է կազմում, որտեղ կան Արցախի հարցով բազմաթիվ բնագիր փաստաթղթեր. որոշումներ, դիմումներ, խնդրագրեր, մեր պատգամավորական խմբի գիշերային հավաքների սղագրություններ, ԽՍՀՄ ԳԽ հայտնի պատգամավորների հետ զրույցներ, Արցախի հարցով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ու պատգամավորական համագումարների փակ նիստերի ձայնագրություններ: Վստահ չեմ, թե ընտրել եմ ամենակարեւորները: Դուրս մնացածների հանդեպ մի տեսակ մեղքի զգացում ունեմ, կարծես իմ զավակներին եմ անտեսել: 18 տարի Եվրոպայում ինձ հետ ապահով շրջեցին ու տեղ չգտան գրքում: Տեղի սղության պատճառով դուրս մնացին նաեւ ԽՍՀՄ-ի փլուզման հետ կապված ԳԽ վերջին արտահերթ համագումարի շատ արժեքավոր ելույթներ, որոնք լույս են սփռում կայսրության կործանման իրական պատճառների, միութենական հանրապետությունների բռնած դիրքի ու ինքնավար միավորների մղած ծանր ու հուսահատ պայքարի պատմության վրա: Էլ չասեմ, թե ժապավեն չունենալու պատճառով ինչ արժեքավոր ձայնագրություններ եմ ջնջել. ԽՍՀՄ փոխնախագահ Գենադի Յանաեւի, ԽՍՀՄ ԳԽ նախագահի տեղակալ Ռաֆիկ Նիշանովի, Բորիս Ելցինի, Անդրեյ Սախարովի, հետագայում Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք միտրոպոլիտ Ալեքսիի, Վազգեն Վեհափառի, Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալահ Շուքյուր Փաշազադեի, Հրանտ Մաթեւոսյանի եւ այլն: Այսքանը միայն այս պահին հիշեցի: Այդ ձայները կորան, գնացին… Ճար չունեի, աշխատել էր պետք: Լուսանկարչական ապարա՞տ: Որտեղի՞ց: Երազել միայն կարող էի: Այսօրվա նման դրամաշնորհ բաժանողներ չկային: Եվ ոչ էլ բարերարներ: Ամեն ինչ մեր սուղ միջոցների հաշվին էր արվում: Բայց ինչ կա՝ արդեն կա, ու ես գոհ եմ: Պարտքս կատարեցի:
– Չե՞ս վախենում նրանցից, ում գործունեության մասին գրում ես բաներ, որոնք առաջին անգամ են հրապարակվում:
– Նրանց հետ միասին ճամփա ենք անցել, ճանաչում ենք, գիտենք իրար: Այդ տարիներին ողջ Հայաստանը մի ընտանիքի պես էր ապրում, ողջ հայությունն էր ՄԱՍՆԱԿԻՑ այդ պայքարին: Ում ձեռքից ինչ գալիս էր՝ անում էր: Ասենք, իմ աշխատանքը լրագրությունն էր, բայց կոչումս՝ մեկ այլ բան. ուրիշ ինչ կերպ կարող եմ պիտանի լինել գործին: Զենքից հիմա էլ եմ վախենում, բայց քնում-արթնանում էի անթիվ զինամթերքով ու պայթուցիկներով լի իմ տանը, ուր շատ հաճախ ռազմական խորհրդակցություններն էին անցնում: Ուզում եմ ասել, ես պասիվ հայեցող չեմ եղել կամ դեպքեր գրանցող, որ վախենամ: Ես ստույգ ՄԱՍՆԱԿԻՑՆ եմ եղել այդ դրամատիկ իրադարձությունների: Նրանց հետ մեկտեղ, նրանց կողքին, ում մասին գրել եմ: Այդ մարդկանց մեծ մասը ապրում է, կա, կարդալու է այս գիրքը ու նայելու իմ աչքերին: Խոստովանեմ, սակայն, որ իմ պատմության մեջ շատ հաճախ չեմ զսպել իմ անձնական սերն ու համակրանքները, երբեմն նաեւ՝ անհամաձայնությունները, բայց ես դա բնական ու մարդկային եմ համարում, քանի որ ամեն բան անցկացրել եմ ուղիղ իմ սրտի ու արյան միջով, դա իմ կյանքն է եղել: Ես այդպիսի մարդ եմ:
Ես հիմա էլ համոզված եմ, որ իմ բոլոր հերոսներն անխտիր, պարզ կոմունիստից մինչեւ մի գիշերում իրեն դեմոկրատ հռչակած որեւէ բազմակուսակցական, ու ես էլ նրանց հետ, բոլորս էլ արցախյան հարցի անկեղծ զինվորն ենք եղել: Միայն թե նրանք էլ այդ կերպ են պատկերացրել արգելքները հարթելու ուղիները ու գնացել են իրենց ուղիով: Այդ ո՞ր իմաստունն այսօր կարող է ասել, թե ինքը դեռ այն ժամանակ վստահ գիտեր հաղթանակի ճշմարիտ ճանապարհը ու կարող էր ավելի լավ առաջնորդ լինել: Այս իմաստով է, որ ես իմ բոլոր հերոսներին սիրում եմ հավասարապես: Նրանք ամենքն էլ ինձ համար թանկ են ու հարազատ նույն չափով:
Արցախը բոլորիս եւ ամեն մեկիս առանձին հաղթանակն է:
– Գրքի հետ կապված դու այցելել ես նախկին ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներին: Ինչպիսի՞ն է տպավորությունդ:
– Տխուր: Նրանց պայքարն ու փորձը ժամանակին անտեսվեց Հայաստանի նորանկախ իշխանությունների կողմից, ու շատերն այդպես էլ հեռացան կյանքից հանիրավի մոռացված, չգնահատված, ոմանք էլ՝ կարիքից ու անարդարությունից մաշված: Նրանց հետագա ճակատագրի մասին տխուր անդրադարձ կա գրքում: Լյուդմիլա Հարությունյանի նման հմուտ մտավորականին, ում բազմիցս դիվանագիտական աշխատանքի ակնարկներ էր արվում ԽՍՀՄ իշխանությունների կողմից, Հայաստանի խորհրդարան անգամ թույլ չտվին մտնել: Այս ցանկը կարող եմ շարունակել: Մինչդեռ Արցախի ազատությանը զորակոչված նրանց ուղղաբերձ հավատքը, այդ քաղցած ու ջղային երկրում մեր համազգային միության իդեալները պատվով հնչեցնելն ու պաշտպանելն իսկական հերոսություն էր Չարության կայսրության փլուզման տարիներին: Այդ նրանք էին, որ Արցախի հարցը Ազատության հրապարակից տեղափոխեցին միութենական բարձրագույն ատյաններ, որից հետո միայն խնդիրը միջազգայնացվեց ու տեղափոխվեց եվրոպական կառույցներ, ուր շարունակում է քննարկվել ու չլուծված մնալ առ այսօր: Եվ ես գրեցի այս գիրքը՝ իբրեւ հուշարձան՝ ներբողելու նրանց անբիծ կորովն ու անանձնական նվիրումը:
Որ վարձահատույց լինեմ բոլորիս փոխարեն: Որ սուրը գաղափարի հարձակումով փոխարինած նրանց վաստակն ու երախտիքը չմոռացվեն:
Այլ նորոգվեն ու հարգվեն:
Չէ որ նրանք Արցախի խնդրով նույն անհավասար կռիվը մղեցին ԽՍՀՄ-ի քաղաքական դաշտում, ինչ մեր ռազմիկները՝ արյունոտ պատերազմի բարիկադներում: Ուզում եմ սրտանց շնորհավորել իմ հերոսներին՝ Հայաստանի ու Արցախի անկախության տոնի առիթով: Նրանց ջանքերն իզուր չանցան: Փառք ու պատիվ նրանց բոլորին:
Հ. Գ. Նախորդ օրը հանրապետության նախագահը անկախության 20-ամյակի առթիվ պարգեւատրեց պատգամավորների: Նախկին ԽՍՀՄ հայ պատգամավորներից (ովքեր ողջ են դեռ), առաջին խորհրդարանի պատգամավորներից որեւէ մեկի անունը չհնչեց: Նրանք ցուցակից բացակա էին: Նախագահը պատճառաբանել էր միջոցներ չունենալը եւ կուսակցության լիդերների կողմից նրանց անուններն առաջադրելը: Բայց չէ՞ որ դա վերջին տարիների գործունեության գնահատում չէր, այլ՝ ողջ 20-տարիների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել