«Ներկայացրել են մի խայտառակ նախագիծ, որն ավելի ամրապնդում է իշխանության ավտորիտար ձգտումները, միայն այն, որ օրենքին հետադարձ ուժ են փորձում տալ, դատավորների հետ կապված էլ ավելի տոտալ վերահսկողություն են ուզում սահմանել։ Եթե կարճ ասեմ՝ եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, Սահմանադրությունն այս տեքստով ընդունելը պարզապես անընդունելի կլիներ»,- պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսի ժամանակ անդրադառնալով նոր սահմանադրության նախագծին՝ կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ թույլ չեն տվել Ռոբերտ Քոչարյանին ծանոթանալ նոր սահմանադրության նախագծին, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Երկու օր առաջ կալանավայրում էի, պետք է նոր Սահմանադրության նախագծի տպագիր տարբերակը փոխանցեի հորս։ Այլ իրերի հետ այն տպված փոխանցել էինք, որ տան հորս։ Տղաներն ասացին, որ չեն վերցրել։ Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ պատճառաբանությունը որն է։ Չեն վերցրել, ինչպես շատ ուրիշ հարցերում են արհեստական խոչընդոտներ ստեղծում, կարծես փորձում են հորս կյանքն այնտեղ ավելի դժվար դարձնել։ Կարող է պրիմիտիվ մտածում են, թե այսպիսի բաներ անեն, Քոչարյանն այնտեղից զանգելու, ասելու է՝ այդ վեց ձայները տվեք։ Նման բան չի լինելու»։
Լևոն Քոչարյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության աշխատանքներին լուրջ խոչընդոտ է այն, որ Ռոբերտ Քոչարյանը չի հանդիպում խմբակցության անդամների հետ, միայն խմբակցության ղեկավարին է թույլատրվել հանդիպել։
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































