Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՎԱՌՆԱՅՈՒՄ ԿՈՒԼ ՉԳՆԱՑԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՆՏԱԺԻՆ

Սեպտեմբեր 21,2011 00:00

Բուլղարական այս քաղաքում հայկական համայնքն ավելի ակտիվ է ու համախմբված

\"\"
Զորավար Անդրանիկի հուշարձանը «հայկական» միջոցառումների հավաքատեղի է ու սրբավայր:

\"\"
Լավագույն հայկական խորովածը Վառնայում:

\"\"
Հայրենասիրությունը՝ խանութի ցուցափեղկում:

\"\"
Երվանդ Գայազատէն՝ դստեր հետ:

Բուլղարիայի Վառնա քաղաքում շուրջ 3000 հայ է ապրում, այստեղ ազգային կառույցներն ավելի համախմբված են, բայց առավել ակտիվ են միջին սերունդը եւ տարեցները: Վերջերս քաղաքի Գալաթա հրապարակում տեղադրվեց Զորավար Անդրանիկի 6 մետրանոց գրանիտե արձանը: Վառնայում ՀՕՄ-ի ատենապետ Ֆլորա Վարդանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Զորավար Անդրանիկի արձանի մասին քաղաքապետարանի որոշումը բացասաբար է ընդունվել թուրքերի կողմից: Նա պատմեց, որ երբ Հայաստանում պատվիրված քանդակը Թուրքիայով Բուլղարիա տեղափոխելիս սահմանին հետաքրքրվել են՝ ո՞ւմ արձանն է, թուրքերին ասել են՝ իբր բուլղարացի բանաստեղծ Պ. Յավորովի: Արձանը տեղադրելուց հետո ամեն ինչ «ջրի երես» է դուրս եկել եւ առաջացրել ոչ միայն Վառնայի թուրքական մեծաթիվ համայնքի, այլեւ բուն Թուրքիայի դժգոհությունը: Բուլղարիան, սակայն, չի տրվել թուրքական շանտաժին՝ ի տարբերություն Ռուսաստանի, որը վերջին պահին Սոչիում ապամոնտաժեց Անդրանիկի արձանը: Տիկին Ֆլորան, ներկայացնելով Վառնայի հայ համայնքը, ասաց, որ հայերը բիզնեսում, առողջապահության համակարգում, ոսկերչության ոլորտում հաջողած մարդիկ են: Նա հպարտությամբ նշեց շրջանային դատարանի նախագահ Վանուհի Առաքելյանի, դատավոր-սկաուտ Կարեն Բեյլերյանի, Վառնայի ամենամեծ տրանսպորտային ֆիրմայի սեփականատեր եւ եկեղեցական վարչության ղեկավար Անդրանիկ Շաքարյանի անունները: Վառնայում գործում է հայկական պարախումբ, մեկ դպրոց եւ մեկ մանկապարտեզ՝ ՀՕՄ-ի հոգածությամբ: Եկեղեցական վարչությունը մտադիր է հայկական դպրոցը ամենօրյա դարձնել: Ըստ մեր զրուցակցի, դպրոցը դասագրքերի խնդիր ունի, ավելի ճիշտ՝ մատչելի հայերենով դասագրքերի ու նաեւ երիտասարդների հայրենաճանաչության:
Ֆ. Վարդանյանը նշեց, որ Վառնայի հայերը շահագրգիռ են եղել Անդրանիկի արձանի կանգնեցմամբ, մեծ է եղել դաշնակցության եւ ՀՕՄ-ի դերը այդ հարցում: Նրա ասելով, Գալաթայում, որտեղ ժամանակին ապրել է Անդրանիկը, շատերը մոռացել էին հերոսի մասին, ինչ վերաբերում է նրա ապրած տանը, այժմ այն ոչ թե թանգարան է, այլ մասնավոր տուն, ուր մարդիկ են ապրում: Լավ է, որ հուշատախտակ է փակցված: Վառնայի կենտրոնում՝ քաղաքապետարանի մոտ, կա նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Ֆ. Վարդանյանն ասում է, որ չնայած Վառնայում հայերը փոքրաթիվ են, բայց իբրեւ էլեկտորատ, բավականին ակտիվ են, եւ քաղաքային խորհրդի ու քաղաքապետի ընտրությունների ժամանակ առիթն օգտագործում են հայանպաստ ձեռնարկներն իրականություն դարձնելու համար: Տիկնոջ պատմելով, ամեն տարի ապրիլի 24-ին Վառնայի քաղաքապետարանը թույլատրում է երթ անցկացնել, ու շուրջ 300 մարդ անցնում է քաղաքի կենտրոնական փողոցներով, հայերին են միանում Վառնայի քաղաքապետ Կիրիլ Յորդանովը, Ռուսաստանի, Լեհաստանի հյուպատոսները, մակեդոնացիներ, բուլղարացիներ: Այդ ընթացքում դադարեցվում է տրանսպորտային երթեւեկությունը: Ֆ. Վարդանյանը ՀՀ սփյուռքի նախարարությանը կոչ է անում հետաքրքրվել Բուլղարիայում հայտնի հայկական «Գայանե Մարաշլյան» պարախմբով՝ այն ցանկություն ունի հանդես գալ Հայաստանում, բայց ֆինանսական պատճառներով չի կարող:
Երվանդ Գայազատէն զանազան պաշտոններ է զբաղեցրել Վառնայի հայկական կառույցներում եւ հայկական համայնքի ակտիվ անդամներից է: Պատմում է, որ Բուլղարիայում համայնավարության տարիներին բոլոր կառույցներն արգելված էին, բացի «Երեւան» միությունից: Այժմ բոլորը համախմբված են եւ գործում են Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում եւ եկեղեցական վարչության հետ միասին: Նրա խոսքով, իրենց եկեղեցական վարչությունը «ուժով» է եւ կարողանում է ինչ-ինչ հարցեր դնել քաղաքապետի առաջ: Եկեղեցական վարչության անդամները հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են: Պարոն Գայազատէի խոսքով, հայերը հարգված են Վառնայում՝ քաղաքային իշխանությունների կողմից: Շատերի պապերն ու հայրերն էլ են լավ համբավ ունեցել այս երկրում: Օրինակ, իր պապը՝ Ստեփան Գայազատէն, որ Զմյուռնիայից էր, շուրջ 40 տարի Իտալիայում հյուպատոս է եղել ու անգամ արժանացել այդ երկրի բարձրագույն պետական պարգեւին: Ե. Գայազատէն նույնպես ցանկություն ունի, որ բուլղարահայերի ու Հայաստանի միջեւ ավելի աշխույժ կապեր լինեն:
Վառնայի հայ դատի հանձնախմբի պատասխանատու Սարգիս Տուվարջյանը այն համոզումն ունի, որ չպետք է հայ լինել զուտ՝ ազգանվան «յան» վերջավորությամբ: Նա գտնում է, որ այսօրվա բուլղարահայ երիտասարդը պետք է իմանա իր արմատները, գիտենա, թե ինչու են իր նախնիները հայտնվել Բուլղարիայում եւ ինչ մարտահրավերներ կան հայության առաջ: Նա նաեւ հպարտ է, որ Հայաստանից դուրս միայն Վառնայում Անդրանիկի անունով հրապարակ կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել