Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄՈԼՈՐԵՑՆԵԼ

Սեպտեմբեր 21,2011 00:00

\"\"ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը  Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովին:
Երեւան, 19.09.2011թ
.

Համաժողովի հարգարժան մասնակիցներ.
Նախ կցանկանայի միանալ Հայոց պետականության քսանամյակի կապակցությամբ հնչած շնորհավորանքներին եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս աշխարհասփյուռ հայ ժողովրդի: 
Թերեւս համաժողովը այն եզակի առիթներից է, որ հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր անկյուններից Մայր Հայրենիքում հավաքված սփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղեկացնելու արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ հանգուցալուծման հնարավորություններին:
20 տարի առաջ՝ Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հանդիսացել է մեր արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը: Այս երկու տասնամյակի ընթացքում մեր դիվանագիտությունը ջանքեր չի խնայել հասնելու ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա կարգավորմանը:
Կարգավորման ճանապարհին մենք ունեցել ենք թե հաջողություններ, թե բացթողումներ, եղել են պահեր, երբ համաձայնության կայացումը բավականին մոտ է թվացել, սակայն Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է ամենաբարձր մակարդակով արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչպես դա եղավ, երբ Բաքուն հրաժարվեց 2001 թ.  Փարիզում ձեռք բերված պայմանավորվածություններից, եւ տասը տարի անց՝ բոլորովին վերջերս նույնը արեց Կազանում:  
Եթե փաստերը խեղաթյուրելով՝ նրանք ակնկալում են, որ կարող են շարունակաբար մոլորության մեջ պահել իրենց հասարակական կարծիքը, ապա նույնն անել միջազգային հանրության հետ՝ ուղղակի անհնար է դառնում:
Ներկայումս բանակցություններն ընթանում են 2007 թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Այդ առաջարկությունները արդյունք էին, այսպես կոչված, պրահյան գործընթացի, որը սկսվեց այն բանից հետո, երբ 2001 թ. փարիզյան պայմանավորվածությունները թղթի վրա դրվեցին Քի-Վեսթում, սակայն, վերջին պահին, ինչպես նշեցի, մերժվեցին Ադրբեջանի կողմից:
Այստեղ ավելորդ չի լինի նաեւ հիշեցնել, 2007 թ. նոյեմբերից հետո շուրջ մեկ տարի, Բաքուն հրապարակայնորեն պնդում էր, որ մադրիդյան փաստաթղթի հիման վրա բանակցություններ չեն վարվում եւ չեն կարող վարվել, եւ փորձում էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում 2008 թ. մարտին ընդունված բանաձեւը  ներկայացնել որպես բանակցությունների հիմք:
Մեկ տարի անց, 2008 թ. նոյեմբերի սկզբին՝  Մոսկվայում՝ Մայնդորֆում ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի եւ  Ադրբեջանի նախագահների հայտարարության մեջ, Ադրբեջանը վերջապես համաձայնեց ամրագրել, որ բանակցությունները վարվում են հենց մադրիդյան փաստաթղթի հիման վրա:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մադրիդյան հիմնարար սկզբունքները ուրվագծում են ապագա խաղաղ պայմանագրի հիմնական սկզբունքները եւ դրույթները:
2007 թ. նոյեմբերից 2011 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ներկայացվել են մի շարք աշխատանքային տարբերակներ, որոնք որոշակի փոփոխություններ են կրել: Դրանցից ոչ մեկին՝ առաջինից մինչեւ վերջինը, Ադրբեջանը համաձայնություն չի տվել:
Դա կրկնվեց նաեւ վերջին տարվա ընթացքում: Հայաստանը հստակ պատասխան է տվել 2010 թ. հունիսյան, հոկտեմբերյան, դեկտեմբերյան եւ 2011 թ. հունիսյան տարբերակներին: Ադրբեջանն ամեն անգամ բազմաթիվ փոփոխություններ էր առաջարկում՝ առնվազն տասը փոփոխություն 2011 թ. մարտին՝ Սոչիում, երբ քննարկվում էր 2010 թ. դեկտեմբերյան տարբերակը, եւ նորից տասը փոփոխություն վերջին հանդիպման ժամանակ՝ 2011 թ. հունիսին Կազանում:
Ադրբեջանցիները իրենց մերժումները արդարացնելու նպատակով ասում են, թե իբրեւ այս հիշատակված տարբերակները ներկայացվել են միայն մեկ համանախագահի կողմից՝ ակնարկելով Ռուսաստանին: Եվ դա առաջին անգամ չէ, որ նման ակնարկ է արվում: Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, թե նման վարքագիծը ինչպես է կոչվում: Հատկապես, երբ համանախագահները, ինչպես նաեւ համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հրապարակայնորեն լիակատար աջակցություն են հայտնել եւ հայտնում ՌԴ ղեկավարության ջանքերին: Բավական է ընթերցել Դովիլում Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի համատեղ հայտարարությունը:
Դովիլյան հայտարարության եւս մեկ կարեւոր դրույթ: Այն հստակ եւ բառացիորեն հասցեագրված է հակամարտության բոլոր կողմերին, եւ դրա մասին ասվում է ոչ մեկ անգամ: Ինչո՞ւ: Քանի որ ակնհայտ է, որ առանց ԼՂ կողմից հիմնարար սկզբունքների հավանությանը, հնարավոր չէ անցնել խաղաղ համաձայնագրի մշակմանը, եւ առանց բանակցություններին ԼՂ ուղղակի մասնակցության, հնարավոր չի լինի համաձայնագրի կնքումը, հիմնախնդրի հանգուցալուծումը:
Դովիլից հետո իր մեկնաբանություններում Բաքուն ուշադրություն դարձրեց այդ հայտարարության մեջ Հելսինկիի եզրափակիչ ակտին արված հղմանը, ըստ որի՝ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքները չեն հակասում միմյանց: Իհարկե, չեն հակասում, հենց նաեւ այդ պատճառով է, որ 1975 թ. Եզրափակիչ ակտի ընդունումից հետո, շուրջ երեք տասնյակ նոր պետություն է ստեղծվել եւ հիմնականում հենց իրենց ճակատագիրը տնօրինելու, ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացման շնորհիվ:
Բաքուն մոլորության մեջ է գցում իր հասարակական կարծիքը, ասելով, թե իբրեւ Հելսինկիի եզրափակիչ ակտում խոսվում է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտությունների կարգավորման մասին: Նման բան Հելսինկիի եզրափակիչ ակտում պարզապես չկա:
Իսկ նրանց, ովքեր Եզրափակիչ ակտում կարդում են այն տողերը, որոնք իրենց դուր են գալիս եւ չեն բարեհաճում կարդալ մինչեւ վերջ, կցանկանայի նաեւ հիշեցնել, որ Եզրափակիչ ակտում հատուկ ընդգծվում է, որ միջազգային իրավունքի տարընթերցումների պարագայում ՄԱԿ-ի կանոնադրությունը գերակա է:
Իհարկե, կարեւոր է նաեւ, որ Դովիլյան հայտարարության մեջ նշվում է ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին, որը Բաքուն նորից յուրովի է մեկնաբանում: Պարզապես դրան հասնելու համար հարկավոր է ամբողջապես իրագործել այն երեք սկզբունքները եւ վեց տարրերը, որոնց մասին ասում են համանախագահ երկրների ղեկավարները լ՝Աքվիլայում, Մուսկոկայում եւ Դովիլում Մեծ ութնյակի գագաթաժողովների շրջանակներում արված իրենց համատեղ հայտարարություններում: Հիշեցնեմ, որ այնտեղ կա շատ կարեւոր մի տարր, որը ադրբեջանական կողմը փորձում է մոռացության տալ կամ առնվազն հետին պլան մղել: Դա Արցախի բնակչության իրավունքն է՝ որոշել ԼՂ վերջնական կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մադրիդյան առաջարկների այն դրույթի վրա, որ մինչեւ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղը ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որը պետք է միջազգայնորեն ամրագրվի, եւ դա հենց այն է, ինչն առաջարկել են եռանախագահները եւ ինչին համաձայնել է Ադրբեջանի ղեկավարը 2009 թ. մայիսին Պրահայում, առ այն, որ ԼՂ միջանկյալ կարգավիճակ նշանակում է «status quo plus», այսինքն՝ այն ամենը, ինչ այսօր ունի Լեռնային Ղարաբաղը, գումարած այդ կարգավիճակի միջազգային ճանաչում:
Ադրբեջանի ղեկավարները շատ են սիրում իրենց ուզածով մեկնաբանել մադրիդյան առաջարկությունները՝ հույս փայփայելով, որ դրանք կընդունվեն հալած յուղի պես: Սակայն ոչ ոք այդ մեկնաբանությունների կարիք չի զգում: Սկզբունքներն ու տարրերը ներկայացված եւ մեկնաբանված են համանախագահ պետությունների ղեկավարների կողմից՝ թե 2009, թե  2010 եւ թե 2011 թվականներին եւ խոսքը գնում է միեւնույն սկզբունքների եւ դրույթների մասին: Այդ պատճառով առնվազն ինքնախաբեություն է այն, ինչ պնդում  է Բաքուն, որ 2010-2011 թթ. եռանախագահների կողմից արվել են առաջարկություններ, որոնք փոխում էին բանակցությունների էությունը եւ հիմնարար սկզբունքները:
Ես կցանկանայի մանրամասնել վերոհիշյալ հայտարարություններում ամրագրված  երեք սկզբունքները եւ վեց տարրերը: Երեք սկզբունքներն են. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը: Վեց դրույթներն են. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ: Երկրորդը, մինչ կամարտահայտության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ:  Երրորդը՝ անխափան կապ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Չորրորդը, անվտանգության միջազգայնորեն ամրագրված  երաշխիքներ՝ ներառյալ նաեւ խաղաղապահ գործողություն Ղարաբաղի շուրջ: Հինգերորդը. փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի իրավունք: Վեցերորդը. տարածքների վերադարձ: Այստեղ պետք է նկատի ունենալ, որ նաեւ Արցախի որոշ տարածքներ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ:
Ադրբեջանը երեք սկզբունքներից, փաստորեն, ընդունում է միայն մեկը՝ տարածքային ամբողջականությունը, այն էլ իր յուրովի ընկալմամբ,  իսկ վեց դրույթներից ընդունում է կամ առավելություն է տալիս մեկին՝ տարածքների վերադարձին:
Հենց դրա պատճառով էր, որ 2010 թ. հուլիսին Ալմաթիում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որ վերոհիշյալ բոլոր սկզբունքները եւ դրույթները մշակվել են որպես մեկ ամբողջություն եւ չի կարելի որեւէ մեկը անջատել կամ առավելություն տալ մեկին մյուսի նկատմամբ: 2010 թ. դեկտեմբերին  Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին եռանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի անունից դա եւս մեկ անգամ ընդգծեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Հայաստանը կիսում է այդ մոտեցումը:
Վերջերս Ադրբեջանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ սիրում  են կրկնել, որ իմաստ չկա ժամանակ կորցնել հիմնարար սկզբունքների համաձայնեցման վրա, եւ ճիշտ կլինի անցնել միանգամից խաղաղ պայմանագրի մշակմանը: Դրա մասին Բաքուն եւս մեկ անգամ հայտարարեց Կազանի գագաթաժողովից հետո: Ադրբեջանական ղեկավարության կողմից արդեն երկու տարի հնչեցվող այդ գաղափարի վերաբերյալ եռանախագահները հայտնել են իրենց կարծիքը, որ եթե Ադրբեջանը չի կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, ապա ինչպես կարելի է խոսել խաղաղ համաձայնագրի մշակման մասին:
Վերջին տարիների ընթացքում չկարողանալով բանակցային գործընթացում իրականացնել իր անիրատեսական պատրանքները՝  նավթային եկամուտներից ստացված գումարները գործոն դարձնել իր օգտին հակամարտության կարգավորման գործում, հասնելով մի հանգրվանի, երբ իր մոտեցումները ակնհայտ հակասության մեջ են մտել միջազգային հանրության դիրքորոշման հետ եւ այն, ինչ մատուցել է իր սեփական ժողովրդին՝ պարզունակ սուտ է դուրս եկել, Բաքվի իշխանությունները փորձում են ձերբազատվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքներից: Եվ Ադրբեջանի համար խնդիր է դարձել՝ թե  ինչպես բարդել պատասխանատվությունը այլ կողմերի վրա: Պարզ է, որ դրանում էլ է Ադրբեջանը ձախողվում:
Ինչպես մեր պետության ղեկավարն է հայտարարել. Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, եւ մեր քայլերը կլինեն համարժեք: Համոզված եղեք՝ նոր արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել:
Հանրապետության նախագահի ղեկավարությամբ մեր դիվանագիտության կողմից ձեռնարկվել են քայլեր, որոնք բերել են որոշակի արդյունքների:  Լեռնային Ղարաբաղի հարցում մենք այսօր ասում ենք, որ միջազգային հանրության մոտեցումը համահունչ է մեր դիրքորոշմանը: Դրա մասին են վկայում, ասվածին ի լրումն նաեւ, ԵԱՀԿ Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի նախարարական համաժողովների եւ Աստանայի գագաթաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված փաստաթղթերը: 
Անկախ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծից, Հայաստանը, ինչպես եւ նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել