Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Սեպտեմբեր 23,2011 00:00

«Առավոտում» տպագրված «Վայ այն երկրին, որտեղ ուսումը բիզնես է» հրապարակման հեղինակը՝ Համլետ Մոսինյանը գրում է ինչ-որ աղաղակող փաստերի մասին, իսկ մենք նշենք դրանց՝ աղաղակող հերյուրանք լինելու փաստը։ Հոդվածին կից ներկայացնում ենք Վլադիմիր Բեկթաշյանի ավարտական փաստաթղթի նմուշը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ այն բարձրագույն կրթության փաստաթուղթ է։ Նախքան Հյուսիսային համալսարանի մասնաճյուղի ղեկավար լինելը՝ պարոն Բեկթաշյանը զբաղեցրել է այլ, այդ թվում՝ նաեւ պետական պաշտոններ։ Վլադիմիր Բեկթաշյանը դեռեւս 1974 թ.-ին ընտրվել է ՀԼԿԵՄ Թումանյանի շրջկոմի երկրորդ քարտուղար, այնուհետեւ՝ առաջին քարտուղար։ Ապա՝ 1979թ.-ին ՀԿԿ Թումանյանի շրջկոմի հրահանգիչ, մեկ տարի անց ընտրվել է քաղաքային սովետի գործկոմի նախագահի տեղակալ։ Աշխատանքային գործունեության ընթացքին արժանացել նաեւ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի շնորհակալության։ Տարիներ անց նա նշանակվել է քաղխորհրդի նախագահ։ Կրկին բազում կատարած գործեր եւ կրկին շնորհակալագրեր։ 1997թ.-ին պարոն Բեկթաշյանը նշանակվել է Ալավերդու քաղաքապետարանի սոցիալ-մշակութային եւ սպորտային հիմնարկների բաժնի վարիչ։ Այդուհետ է, որ Վլադիմիր Բեկթաշյանն աշխատանքի է անցել Հյուսիսային համալսարանի «Թումանյան» մասնաճյուղում: Ինչեւէ, հոդվածագրի անձնական հակակրանքն այստեղ ակնհայտ է, ինչը խոսում է տվյալ հոդվածի ոչ օբյեկտիվ լինելու մասին։ Ի դեպ, եթե հոդվածագիրը ցանկություն ունի ճշտել պարոն Բեկթաշյանի մասնագիտությունը (որն անհասկանալի պատճառներով դիպլոմում նշված չէ), ապա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այսօրվա փուլում դժվար չէ գոնե համացանցի միջոցով փնտրել եւ գտնել, որ տվյալ փաստաթղթի տերն ունի «քաղաքագիտություն եւ քաղտնտեսություն» մասնագիտացումը։ Հոդվածագիրը նշել է միայն մասնաճյուղի դասախոսների գիտության թեկնածու կամ դոկտոր լինելու փաստը: Մենք կցանկանայինք նշել նաեւ մեր շրջանավարտների արժանի լինելու փաստը եւս։ 1-3-րդ կուրս Ալավերդիում ուսանելուց հետո, ուսանողները վերջին ավարտական տարին սովորում են Երեւանում, եւ եթե տարեկան 700 շրջանավարտից 10%-ը գերազանցիկներ են, ապա այդտեղ մեծ մաս են կազմում նաեւ ալավերդցիները։ Ի դեպ, Հյուսիսային համալսարանի «Թումանյան» մասնաճյուղի շրջանավարտներից շատերը այդ մասնաճյուղի ղեկավարի օրինակով արժանացել են պետության համակրանքին ու զբաղեցնում են բավական լուրջ պաշտոններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել