Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ստրադիվարիուսի ջութակ եւ նոր անուններ

Սեպտեմբեր 28,2011 00:00

\"\"Վերադարձի փառատոնը՝ 5-րդ անգամ

Յուրաքանչյուր երաժշտի հանդեպ ավելի է մեծանում նրան լսելու ցանկությունը, երբ նախապես տեղեկանում ենք, թե նա հանդես է գալու աշխարհահռչակ, հիմնականում՝ իտալացի վարպետի կողմից պատրաստված գործիքով: Ազգային օպերային թատրոնում հոկտեմբերի 4-ին Վերադարձի դասական երաժշտության 5-րդ փառատոնի բացմանը թատրոնի նվագախմբի (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան) հետ հանդես կգա ջութակահար Հրաչյա Ավանեսյանը (Բելգիա), որն արդեն քանի տարի նվագում է Ստրադիվարիուսի (1717թ.) պատրաստած գործիքով, ինչով ժամանակին հանդես է եկել Նիկոլո Պագանինին: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին փառատոնի հիմնադիրներ, «Արվեստների պատկերասրահի» հիմնադիրներ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը: Հայտնի է, որ Պագանինիի՝ Գվարներիի պատրաստած ջութակը գտնվում է իր ծննդավայրում՝ Ջենովա քաղաքի թանգարանում: Գուցե Պագանինին նվագել է նաեւ Ստրադիվարիուսի ջութակով…
Մեր զրուցակիցները հայտնեցին, որ փառատոնի բացմանը ինչպես ջութակահարը, այնպես էլ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը (Գերմանիա) առաջին անգամ ելույթ կունենան հայաստանցի ունկնդիրների առջեւ: Իսկ թե հոբելյանական 5-րդ փառատոնն ինչո՞վ է առանձնանալու, Մ. Շահինյանը հայտնեց, որ հրավիրյալ 7 երաժիշտները առաջին անգամ են հանդես գալու փառատոնային համերգներին: Դրանք թվով 4-ն են եւ կկայանան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, մինչեւ հոկտեմբերի 24-ը: Իսկ փառատոնի փակումը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հոկտեմբերի 24-ին: Գ. Նազարյանն էլ առանց մանրամասնելու հավելեց, թե բացի ծանոթ ստեղծագործություններից, կլինեն նաեւ պրեմիերաներ: Խնդրեցինք հրապարակել հրավիրված երաժիշտների անունները: Դրանք են՝ դաշնակահարներ Մարիաննա Շիրինյանը (Դանիա), Վազգեն Վարդանյանը (Սլովենիա), դաշնակահար-դիրիժոր Ջոն Հոդյանը (ԱՄՆ), ֆլեյտահար-երգեհոնահար Վալերի Տոլստովը (Շվեյցարիա), վոկալիստ Բեթ Ուիլյամսը (ԱՄՆ):
Մեր զրուցակիցները հատուկ նշեցին, որ արդեն 5-րդ անգամ անցկացվող Վերադարձի փառատոնը չէր իրականանա՝ առանց ՀՀ առաջին տիկնոջ եւ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի հովանավորության ու աջակցության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել