Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում հանրապետականն ընդդեմ հանրապետականի

Նոյեմբեր 05,2011 00:00

Կուսակցական կառույցների «դեմքերը» իրար «ուտում են», առաջիկա ԱԺ ընտրությանը շատ քվե հավաքելը կուսակցությունից
մեծ ջանքեր է պահանջելու:

\"\"

«Առավոտը» բազմիցս գրել է, որ մարզերում համայնքապետի ընտրությանը հաճախ իրար դեմ են դուրս գալիս Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ ընտրությանն ընդառաջ՝ մարզերի հանրապետականները փորձում են կենտրոնի բարեհաճությանը արժանանալ իրար դեմ դուրս գալով՝ փորձելով ցուցադրել իրենց անփոխարինելիությունն ու հզորությունը:
Որքան էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամատոմսերով լի պարկը ձեռքին պարբերաբար մեկնի մարզեր եւ դրանք շռայլի անգամ քաղաքականությունից հեռու մարդկանց, դրանից կուսակցության վարկանիշը մարզերում չի բարձրանում: Որքան էլ կուսակցության պատասխանատուները փորձեն առիթ-անառիթ հայտարարել, թե կուսակցության ներսում ամեն ինչ հալած յուղի նման է, միեւնույն է՝ կուսակցության ներսում կան ներքին խոր հակասություններ թե՛ մայրաքաղաքային վերնախավի, թե՛ մարզային կառույցների անդամների միջեւ: Այս հակասությունները սրվածության տարբեր աստիճան ունեն՝ կախված հակամարտ կողմերի թափից, դիրքից, որակներից:
Իջեւան քաղաքում այդ հակասությունները ի հայտ եկան ավագանու ընտրության մակարդակում: 2011 թվականին Իջեւանում ավագանու ընտրության ժամանակ հերթական անգամ տարբեր ճամբարներում էին հայտնվել ՀՀԿ իջեւանյան կառույցի ղեկավար Արծրունի Ղալումյանն ու ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Եթե նորաթուխ ՀՀԿ-ական Ներսիսյանը պայքարում էր ՀՀԿ-ական ավագանիների քվեների համար, ապա Ղալումյանը, լինելով ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը, սատարում էր ում ասես՝ ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական, ՀԱԿ-ի եւ այլ թեկնածուների: Դրանով նա փորձում էր ապահովել գործող քաղաքապետին ընդդիմադիր ավագանիների թիվը եւ վերջապես «գահընկեց» անել Ներսիսյանին, որի հետ Ղալումյանի խիստ թշնամական հարաբերությունը հին պատմություն է: Ղալումյանը հերթական անգամ ձախողվեց: Նոյեմբերին Իջեւանում քաղաքապետ են ընտրելու: Արծրունի Ղալումյանը մտադիր էր պայքարել Վարուժան Ներսիսյանի դեմ, սակայն հետո հրաժարվեց այս մտքից ու սատարում է իր ազգական՝ ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանին:
Շիրակի մարզում գնալով սրվում են հակասությունները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԱԺ մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի միջեւ: Մինչ հանրապետական պատգամավորն ու հանրապետական քաղաքապետը հեռակա կարգով իրար հետ հաշիվներ են պարզում, մարզի գործարարները անդամագրվում են ԲՀԿ-ին: Շիրակում վաղուց ԲՀԿ-ամետ քարոզարշավ է տանում ԱԺ փոխնախագահ, նախկին ՕԵԿ-ական, ներկայիս ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը:
Լոռու մարզում էլ հանրապետականները միասնական չեն, սակայն լուրջ եւ սուր կոնֆլիկտներ չեն եղել: Հանրապետական եւ «իր դիմումի համաձայն» մարզպետի պաշտոնից ազատված Արամ Քոչարյանն ու «իր դիմումի համաձայն» ազատված ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ծնունդով տաշիրցի Կարեն Կարապետյանը Տիգրան Սարգսյանին չեն սիրում, մարզում որոշակի ազդեցություն ունեն, ու սա չի կարող չազդել լոռեցի վարչապետի քայլերի արդյունավետության վրա:
Արմավիրի մարզում «Սարոյան եղբայրներ» ֆիլմի սցենարն է գեներալական Գրիգորյանների ընտանիքում: Պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանն առաջիկա ընտրությունների ժամանակ կպայքարի իր եղբորորդի, ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանի դեմ՝ փորձելով ԱԺ պատգամավոր դարձնել կնոջը՝ Նազիկ Ամիրյանին: Գեներալը ուզում է Արմավիրի մեկ այլ ընտրատարածքից էլ պատգամավորի մանդատ ապահովել որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համար: Գեներալի եւ նրա պատգամավոր եղբորորդու հարաբերություններն արդեն մի քանի տարի է, ինչ սրված են: Էջմիածին քաղաքը եւ հարակից գյուղերը ներառող ընտրատարածքից պատգամավոր դառնալու հույս ունի նաեւ դեռեւս հանրապետական, սակայն քաղաքական աջակցության դեգերումների մեջ գտնվող՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Հանրապետականն ընդդեմ հանրապետականի՝ իրականություն է նաեւ Սյունիքի մարզում: 2004 թվականից Սյունիքը ղեկավարող հանրապետական Սուրիկ Խաչատրյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, հանրապետական Մաքսիմ Հակոբյանը լուռ հակամարտության մեջ են, ինչը դրսեւորվում է Սյունիքի համայնքներում ընտրությունների հեռակա պայքարով: Խաչատրյանն ու Հակոբյանը իրար դեմ էին Գորիսի, Սիսիանի, Կապանի եւ այլ համայնքների ընտրություններում: Սուրիկ Խաչատրյանին դուր չի գալիս սյունեցի, «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար, սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանի ակտիվությունը: Իսկ Հանրապետականը ո՞ւմ կվստահի առաջիկա ընտրությանը քվե ապահովելու գործը, դժվար չէ հասկանալ՝ բոլոր երեքին. մարզպետը հարցերը լուծում է ծեծուջարդով, գործարարը՝ փողով, փոխնախարարը՝ զանգվածային միջոցառումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել