
– ՀՀԿ-ն 2008-ի հունվարին հայտ էր ներկայացրել Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելու համար, ինչո՞վ է պայմանավորված այս եվրոպականացումը:
– Այս ընտրությունը գիտակցված ընտրություն է եւ թելադրված չէ քաղաքական նպատակահարմարությամբ: Եվրոպական ժողովրդական կուսակցությունն այսօր Եվրոպայում միավորում է 17 երկրների նախագահների եւ վարչապետների, 74 կուսակցությունների՝ 39 երկրներից: Եվրոպական ինտեգրման ճանապարհին շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ինստիտուտները իրենց տեղը գտնեն եվրոպական համապատասխան կառույցներում: Այս փորձը հայաստանյան քաղաքական դաշտում կա, սոցիալիստները՝ ի դեմս ՀՅԴ-ի, Սոցինտերնի հիմնադիր անդամներից մեկն են, անցյալ տարի լիբերալ ուժը՝ ՀԱԿ-ը, անդամակցեց եվրոպական լիբերալների ֆորումին: Շատ բնական է, որ Հայաստանի թիվ մեկ պահպանողական-ազգային կուսակցությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, իր համար եւս պետք է գտնի եվրոպական հարթակ, համախոհների, գաղափարակիրների: Եվ մենք ընտրեցինք Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը քրիստոնյա-դեմոկրատների եւ աջ քաղաքական սեկտորի կուսակցությունների հովանոց-կառույց է: Մենք առաջինն էինք Հայաստանից, որ նման հայտ ենք ներկայացրել: Հետո մեզ հետեւեցին ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» մեր գործընկերները: Այս նույն հերթականությամբ նոյեմբերի ութին ԵԺԿ-ի քաղաքական վեհաժողովում քննարկվեցին կուսակցությունների հայտերը: Հայաստանից մասնակցում էին նշածս չորս կուսակցությունների պատվիրակություններ: Հանրապետական կուսակցության պատվիրակությունը գլխավորում էր մեր երկրի վարչապետը, ով ելույթ ունեցավ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, եվրոպական արժեհամակարգի ներդրման շուրջ: Իսկ կուսակցական հայտը ես եմ ներկայացրել: Խոսել եմ կուսակցության գաղափարախոսության, ծրագրային դրույթների, կուսակցության պատմության մասին: Գիտեք, որ մեր կուսակցությունը շատ հարուստ պատմություն ունի: Քիչ կուսակցություններ կան Հայաստանում, որ նման հարուստ եւ յուրահատուկ պատմություն ունեն եւ կարող են հպարտանալ այդ պատմությամբ, խոսքը դեռ խորհրդային տարիներից ընդհատակյա գործունեության մասին է, ԱՄԿ-ի մասին, ղարաբաղյան շարժմանը հենց առաջին օրերից մեր կուսակցության ապագա լիդերների մասնակցության մասին, այն մասին, որ անկախ Հայաստանում առաջին գրանցված կուսակցությունը Հանրապետական կուսակցությունն է: Եվ պատահական չէ, որ անդամակցությունը ԵԺԿ-ին ներկայացրել է հենց Հանրապետականը: Նորից եմ կրկնում, սա կոնյունկտուրային ընտրություն չի եղել, եւ գաղափարաբանական այնպիսի ընդհանրություններ եւ նմանություններ կան ՀՀԿ-ի եւ ԵԺԿ-ի միջեւ, որ անծանոթ աչքը կարող է մտածել անգամ, թե նույն մարդիկ են գրել այդ կուսակցությունների պլատֆորմները: ՀՀԿ-ի եւ ԵԺԿ-ի արժեհամակարգը խարսխված է ավանդական, քրիստոնեական արժեքների վրա, սոցիալապես պատասխանատու ազատ շուկայական տնտեսության վրա, տնտեսության ազատականության, սոցիալական արդարության եւ օրենքի գերակայության:
– Ինչո՞ւ հենց կրթության նախարարը ներկայացրեց կուսակցության հայտը:
– Ինձ ԵԺԿ համաժողովում եւս այդ հարցը ուղղեցին, եւ ես ի պատասխան ասացի, որ բնական է, որովհետեւ արժեհամակարգի ստեղծման, օրինականացման եւ վերարտադրության համար թիվ մեկ հարթակը կրթությունն է, որտեղ ոչ միայն գիտելիք է սերմանվում ու տարածվում, այլեւ կրթվում եւ դաստիարակվում է հայ քաղաքացին:
– Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս մղումը դեպի Եվրոպա, ինչո՞ւ է ՀՀԿ-ն ձգտում դառնալ ԵԺԿ անդամ:
– Պատասխանը պարզ է՝ որովհետեւ կիսում ենք նմանատիպ գաղափարներ, կրում ենք միեւնույն արժեքներ եւ եվրոպական ինտեգրման ճանապարհին ուզում ենք գտնել մեր տեղը՝ ոչ միայն պետության մակարդակով, այլեւ քաղաքական ուժի մակարդակով: Վստահ ենք, որ անդամակցությունը մեզ թույլ կտա Հայաստանում առավելագույնս ներմուծել եւ արմատավորել եվրոպական քաղաքական կյանքի եւ մշակույթի վաղուց արմատավորված դրական ավանդույթները, բարձրացնել կուսակցական ժողովրդավարության մակարդակը, առհասարակ՝ ինստիտուցիոնալ ավելի խորը կապեր ստեղծել ԵԺԿ-ի հետ: Այս կապը թույլ կտա նաեւ ստեղծել եվրոպական ինստիտուտների հետ համագործակցության նոր հարթակ: Այսինքն՝ բժշկական լեզվով ասած՝ ցուցումները շատ են, հակացուցում չկա:
– Անդամակցության համար, բացի Ձեր ներկայացրած տեղեկություններից, անշուշտ հարկավոր է լինելու այլ քայլեր եւս, օրինակ՝ չե՞ն գալու եվրոպացիները՝ տեղում ծանոթանալու կուսակցությանը:
– Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ նոյեմբերի 21-ից 23-ը Հայաստան կժամանի ԵԺԿ փաստահավաք առաքելությունը, որը կուսումնասիրի բոլոր կուսակցությունների գործունեությունը տեղերում, հանդիպումներ կունենա, որի հիման վրա կկազմվի զեկույց, որն էլ կներկայացվի ԵԺԿ-ի հաջորդ քաղաքական վեհաժողովին՝ անդամության հարցը վերջնականապես լուծելու համար: Մենք այս պահին կարող ենք հավակնել ԵԺԿ-ում դիտորդ-անդամություն կարգավիճակին: Հուսով ենք, որ այս գործընթացը հաջողությամբ կպսակվի:
– Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը» Հանրապետականի հետ միաժամանակ դառնան ԵԺԿ անդամ, այսինքն՝ Հայաստանի մասով փաթեթային որոշում կայացվի:
– Քաղաքական մեծահոգություն չդիտարկեք իմ խոսքերը, ավելի շատ բարեկրթություն դիտարկեք՝ մենք հաջողություն ենք մաղթում մեր բոլոր այն գործընկերներին, որոնք անդամության նույնատիպ հայտ են ներկայացրել: Որքան ավելի շատ հայաստանյան կուսակցություններ ներգրավվեն իրենց համար ընդունելի եւ բնական եվրոպական քաղաքական տարածքներ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ Հայաստանում քաղաքական մշակույթը շատ ավելի արագ կարդիականացվի: Գաղտնիք չէ, որ մեր երկրում արդիականացման առաջատարը նույնպես Հանրապետական կուսակցությունն է: Ինչ որ անում է մեր կուսակցությունը, դառնում է քաղաքական դաշտի թիվ մեկ թեման՝ կլինի կադրային հարց, ծրագրային որոշում եւ այլն:
– Այդպես էլ պետք է լինի, այսօր դուք եք իշխող ուժը:
– Իշխող ուժեր տարբեր երկրներում շատ կան, բայց ազդեցությունը քաղաքական համակարգի վրա եւ քաղաքական նորաձեւություն, մշակույթ թելադրող առաջատարի դերը ոչ բոլորն ունեն:
– Արդյոք Ձեզ Եվրոպայում չհարցրի՞ն, որ եվրոպական կուսակցությանն անդամակցելը շատ քիչ է, երբ դու քո երկրի ներսում խնդիրներ ես ունենում, երբ նույն եվրոպական արժեքների կայացման, խորացման համար բավարար աշխատանք չես իրականացնում:
– Վարչապետը իր ելույթում շատ մանրամասն անդրադարձավ բարեփոխումների այն փաթեթին, որ իրականացվում է մեր երկրում՝ պետաիրավական համակարգից մինչեւ մաքսային-հարկային, տնտեսական ազատականությունից մինչեւ կրթական բարեփոխումներ: Աներկբա է, որ վերջին երկուսուկես-երեք տարիների ընթացքում բարեփոխումների լուրջ ընթացք է նկատվում: Սա երկրի իշխանությունների քաղաքական որոշումն է՝ արմատական բարելավումների ենթարկել բոլոր համակարգերը:
Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ


















































