«Նարեկացի» արվեստի միությունում երեկ կայացավ գեղանկարիչ Ալբերտ Փարվանյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ըստ բացմանը ներկա մասնագետների՝ Փարվանյանն առանձնանում է իր յուրօրինակությամբ եւ ստեղծագործությունների խոր բովանդակությամբ: Նա նման չէ ոչ մեկին, նրա արվեստն ունի իր տարբերակիչ ճակատագրի գիծը: Արվեստագետն ունի գրական հակումներ, ստեղծագործում է, գրում, սակայն տպագրելու մասին չի մտածում: Նա պաշտում է արվեստը, շնչում դրանով:…
Հետաքրքրվեցինք՝ լինելով նկարիչ, գրող, իր համար ավելի հեշտ է մտքերն ու զգացմունքները նկարների՞, թե՞ խոսքի միջոցով արտահայտել:«Ես գեղարվեստական նկարներով իմ խոսքն ավելի հստակ, ավելի պարզ եւ հասկանալի եմ ներկայացնում: Երբեմն գրում եմ, բայց՝ ինձ համար: Ինձ ոգեշնչում է մարդը, միջավայրը, մարդու տրամաբանությունը, հոգեվիճակը, արժեքները: Մի անգամ ինձ ասացին՝ ինչի՞ պակաս ես զգում, ասացի՝ մարդկանց, այն մարդկանց, ովքեր հոգի ունեն արվեստի նկատմամբ: Ցուցահանդեսի նպատակն է կապել մարդկանց արվեստին, ծանոթացնել նկարներին եւ առիթ ստեղծել մյուսներին տեսնելու իմ արվեստի աշխարհը»,- ասաց նա: Ցուցահանդեսի մուտքն ազատ է մինչ նոյեմբերի 15-ը:
ԱՆԺԵԼԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































