Սիրված դերասանուհի Ժենյա Ավետիսյանը՝ իր եւ ստեղծագործական ուղու մասին
Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի բեմական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:
Երբ 1960-ականների սկզբներին Մայր թատրոնի բեմ բարձրացավ «Աշխարհն, այո, շուռ է եկել» ներկայացումը (բեմադրիչ՝ Վարդան Աճեմյան), հայ բեմի մեծերի կողքին առաջին անգամ հայտնվեց հմայիչ ու գեղեցիկ Ժենյա Ավետիսյանը: Սա արտիստուհու երկրորդ կամ երրորդ բեմելն էր: Հիշյալ ներկայացման մեջ Վարդուհու դերակատարումը յուրատեսակ առասպելային ժանր էր սկսնակ դերասանուհու համար: Նրան հաջողվեց նաեւ հաջորդ՝ «Հարսնացու հյուսիսից» (բեմադրիչ՝ Կիմ Արզումանյան) ներկայացման մեջ կայտառ, զվարթ, մի խոսքով՝ կաղապարներից դուրս ներկայացնել Վալյային: Վալյան յուրատեսակ խորհրդանիշ դարձավ, ասում են՝ նույնիսկ նույն հանդիսատեսը օրեր շարունակ թատրոն նույն ներկայացմանն էր հաճախում՝ տեսնելու Ժենյայի անբռնազբոս, կանացի հմայքով լեցուն այս դերակատարումը: 50 տարի անընդմեջ Ժ. Ավետիսյանը մարմնավորեց շուրջ 50 տարբեր կանանց: Զուգահեռաբար կինոյում եւ հեռուստատեսությամբ դերասանուհին խաղացել է մոտ 20 դեր: Նա իսկապես օժտված է հանդիսատեսին ձգելու մի անասելի ուժով: Օրինակ, ո՞ւմ չի գերել Ժ. Ավետիսյանի Նատան՝ «Գիքոր» ֆիլմում (ռեժիսոր՝ Ս. Իսրայելյան): Այս դերակատարումը կարելի է բնութագրել ընդամենը հետեւյալ արտահայտությամբ՝ դերասանուհին ամբողջությամբ հմայք է հեղում էկրանից, ցույց տալիս հայ ունեւոր կնոջ բոլոր հրապույրները՝ սեթեւեթանքը, գեղեցկությունը ներկայացնող «պոզաները» եւ այլն: Իսկ արդյո՞ք ռեժիսորները Ժ. Ավետիսյանին դերեր են առաջարկել՝ ելնելով նրա տաղանդի ինքնատիպությունից, չէ՞ որ համաշխարհային կինոյում, թատրոնում հաճախ ոչ թե տաղանդն է ճանապարհ հարթում, այլ տղամարդ ռեժիսորները դերասանուհու մեջ տեսնում են զուտ կանացի բարեմասնությունները: Ի պատասխան՝ Ժենյա Ավետիսյանն «Առավոտին» անկեղծացավ. «Գուցե եղել են նման ռեժիսորներ, բայց հավատացնում եմ, ստեղծագործական աշխատանքում երբեք չեմ զգացել տղամարդկանց կողմից «այլ աչքով» նայվելու միտում: Ես միշտ էլ պահպանել եմ հայ կնոջ բարոյական կերպարը»:
Հիշեցնենք, որ 1964 թվականից Ժ. Ավետիսյանը ընտանիք կազմելով դերասան Յուրի Ամիրյանի հետ, շուրջ 45 տարի ոչ միայն նույն հարկի տակ, այլեւ բեմում ու հեռուստատեսությամբ խաղընկեր է եղել:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ