Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյան. ՀՔԾ հաղորդումը վիրավորանք է մարտի 1-ի զոհերի նկատմամբ

Դեկտեմբեր 27,2011 16:01

ԵԽԽՎ «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» 1837 բանաձեւի 3.2 կետում պահանջ կա, որ նույնիսկ 10 հոգու մահվան համար անհատական պատասխանատվության հարցը լուծելու հնարավորություն չունենալու պարագայում՝ դրա պատճառները լիարժեքորեն բացատրվեն քննչական մարմնի զեկույցում:

«Առավոտի» հարցին՝ արդյոք Հատուկ քննչական ծառայության հրապարակած տեղեկատվական հաղորդման մեջ  2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած  դեպքերի առթիվ քրեական գործով նախաքննության կատարած աշխատանքների, արդյունքների եւ խնդիրների վերաբերյալ՝ իրոք լիարժեքորեն բացատրվե՞լ են այդ պատճառները, նախկին Փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Բացարձակապես այդպես չեմ կարծում: Ոչ մի համոզիչ բացատրություն չբացահայտված լինելու վերաբերյալ  այս փաստաթղթում ես չեմ տեսել: Պարզապես Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հայտնի խորհրդակցությունից հետո երեւի պետք է եղել, որ ցույց տան, թե  եղել են 500-ից ավելի նոր հարցաքննություններ: Ըստ էության՝ դա ոչ մի բան չի ասում, որովհետեւ սպանությունները մնում են չբացահայտված: Իսկ Տիգրան Աբգարյանի մասով այն անհեթեթությունը, որ ժամանակին ներկայացնում էին՝ ինչ որ մեկի կրակոցի հետեւանքով՝ դիպուկահարի կրակոցով վիրավորվելու, եւ այդ անձնավորության անհետանալու հետ կապված՝ նույն եվրոպական կառույցների ծիծաղը կառաջացնի, եթե որեւէ մեկը լրջորեն կարդա այս փաստաթուղթը: Էլ չեմ ասում, որ ինքնին այս փաստաթուղթը շատ վիրավորական դրույթներ ունի՝ կապված զոհերի հետ»:

Մեր խնդրանքով նշելով ՀՔԾ հաղորդման մեջ վիրավորական այդ շեշտադրումները՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Վիրավորականն այն է, որ փոխանակ բացահայտեն նրանց մահվան հանգամանքները կամ հիմնավորնեն չբացահայտված լինելը՝ նրանք զոհերին ներկայացնում են իբրեւ հանցագործներ, հանցավոր խմբավորման անդամներ, երբ անհրաժեշտ էր, որ իրենք առաջին հերթին բացահայտեին այն մարդասպաններին, որոնց կրակոցների հետեւանքով զոհվել են այդ մարդիկ: Այս փաստաթղթի ամենավատ կողմը զոհերի հարազատների ու մեր հանրության համար նաեւ դա է:

Իսկ հաղորդումն իրենից որեւէ բան չի ներկայացնում: Սա փաստաթուղթ է այն մասին, թե ինչպես կարելի է 4 տարի շարունակ իրականացնել չբացահայտման գործընթաց, եւ փորձել հիմնավորել դա տարբեր անհեթեթ մեկնաբանություններով: Ու վերջին խոշորագույն անհեթեթությունն էլ այս փաստաթղթի գոյությունն է»:

Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցի այլ մանրամասները կներկայացնենք Ամանորից հետո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031