Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատամ Փոքրիկ իշխանի գոյությանը». Երիտասարդ դերասանի ցանկությունը

Դեկտեմբեր 28,2011 16:42

26-ամյա Անուշավան Թադեւոսյանը  մանկապատեզային տարիքից չի երազել դերասան դառնելու մասին: Ցանկացել է, երբ արդեն պատանի էր. «Եղավ մի ժամանակաշրջան, որ շատ էի տարվել գրականությամբ՝ մանավանդ ռուս,   հեղինակների կյանքը կարդալով՝ տեսա, թե որքան մեծ դեր էն հատկացրել թատրոնին…..ուսումնասիրեցի թատրոնը և հասկացա, որ ներսումս կուտակված ասելիքը բեմից ավելի լավ կհնչի, դրա համար ընտրեցի դերասանությունը…. իսկ հետո ուղղակի սիրահարվեցի բեմին»,- ասում է նա:  Ավարտել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի Դերասանական ֆակուլտետը, սկզբում խաղացել է «մանր-մունր» դերեր, hետո դրանք արդեն լրջացել են, առաջին անգամ մեծ բեմ բարձրացել է՝ Համազգային թատրոնում, երբ դեռ 2-րդ կուրսում էր սովորում, խաղացել է «Շխոնց Միհրան» ներկայացման մեջ. «Անհավանական զգացողությունն էր, այդպիսի հաճույք երեւի կյանքում չկա: Շատերը կասեն՝ բա երեխա՞ն…. ամուսնացած չեմ, չգիտեմ «երեխու համը»….Քեզ զգում ես այլ աշխարհում, չգիտեմ՝ երեւի գնահատելը դա է, դու քեզ գնահատված ես զգում…»,- ասում է Անուշավանը: Ուսանող էր ոչ միայն կյանքում, նշված ներկայացման մեջ էլ. «Նախ՝ որպես մեկնարկ այդ դերը երեւի կարեւորներից էր, հետո՝ կարեւոր էր նաեւ՝ կոլեկտիվի հետ աշխատանքը, չնայած թատրոնը աշխատանք չէ, իսկ հետաքրքրության առումով ես ինձ նոր կողմերով էի սկսում ճանանչել, բացահայտել…»,- ասում է նա: Հետո խաղացել է Մորիս Մետերլինկի «Կույրերը», Բալզակի «Էժենի Գրանդեում» ներկայացումների մեջ, վերջինում էլ  Բալզակն էր:  Անուշավանն ասում է՝ իր գործը շատ է սիրում, հասկացել է.  «Կարելի է այս աշխարհում ապրել առանց եգիպտական բուրգ հրաշալիք կոչվածի, բայց անհնար է ապրել առանց այն ամենի, ինչ սիրում ես»: Այսօրվա թատրոնի մասին էլ ունի իր կարծիքը. այստեղ պակասում է մոտեցումը. «Բերեմ օրինակ, եթե մարդը գնում է հիմար համերգ, ու մենք բոլորս սվիններով ենք դա ընդունում, ուրեմն մարդն ունի լիցքաթափման կարիք, թատրոնը պիտի այնպիսին լինի, որ մարդը գա թատրոն լիցքաթափվելու, և ինչքան էլ մեղքը բարդենք ժամանակի թելադրանքի վրա, միեւնույնն է, թատրոնը պիտի ճաշակ թելադրի, ոչ թե անճաշակության գերին դառնա… »: Դերասանությունից զատ էլ՝ տարված է ֆուտբոլով, երաժշտությամբ եւ ընթերցանությամբ. Սիրած ֆուտբոլային ակումբը Իտալիայի «Յուվենթուսն է», գրողը Չարենցը, սիրած գործերից են Չեխովի պատմվածքները, տարված է ժազնու դասական երաժշտական ժանրերով:

Երիտասարդ դերասանը սերիալում նկարահանվելու մի քանի առաջարկներ ստացել է, ասում է՝ սկզբում տարակուսել է, մտածել՝ գուցե փորձի՞, բայց վերջում ետ է կանգնել ու հրաժարվել. «Նախ՝ որակի ու ճաշակի խնդիր կա, կարծում եմ՝ կայացման ճանապարհին չպիտի տրվել գայթակղությանը, փողին ճանաչմանը և այլն…Կարծում եմ ՝այլ տեղ ավելի շատ օգտակար կլինեմ, վռազել պետք չի»,- ասում է Անուշավանը: Անցած տարի ինքն էր բեմադրիչներից մեկը մի ներկայացման՝ «Քայլող հիշողություն», որում իր համար էլ դեր կար: Եկող տարի էլ նոր ֆիլմ է պատրաստում Ղարաբաղյան պատերազմի մասին եւ նոր բեմադրություն, որի մասին էլ ասում է.«Հիմքը մարդն է՝ իր բոլոր արժանիքներով ու ախտերով»:

26-ամյա դերասանը կյանքում ամենից շատ կարեւորում է սերը. «Սերը՝ բոլոր իմաստներով՝ մոր, հայրենիքի, մարդու նկատմամբ ….բան, որի մասին բոլորը գիտեն, բայց շատ հաճախ անտեսվում է անտարբերության քողի տակ»,- կարծում է նա: Որպես երիտասարդ էլ մտածում է, որ մենք խոստումնալից ենք, բայց միեւնույն ժամանակ տարակուսում.  «Ախր շատ անտարբեր ենք է, ոչինչի նկատմամբ ցավ չունենք. կորցնում ենք՝ դեռ չգտած, վաճառում ենք՝ առանց ունենալու, Եվրոպա ենք ուզում՝ առանց մի կարգին Ասիա չեղած, թեւեր ենք երազում՝ ազատության մասին բան չիմանալով, չգիտեմ է:  Մտածում եմ՝ գուցե վատատես եմ, բայց չեմ կարծում…»:

Իր համար մի հետաքրքիր գործ էլ է գտել. պատրաստել է  սիրված հեքիաթների ձայնասկավառակ, անվանել «Հեքիաթների աշխարհում», այստեղ ընդգրկված է 12 հեքիաթ, մեծ մասը ժողովրդական է, ինքն է հեքիաթները կարդում. «Մտածեցի, որ երեխաներին պիտի շատ ուշադրություն դարձնել և մի քիչ կտրել հիմար մուլտերից»,- ասում է նա. Իր համար էլ Ամանորին ցանկություն է պահել.  «Չկորցնեմ հեքիաթի նկատմամբ հավատս, միշտ հավատամ Փոքրիկ իշխանի գոյությանը,  չկոտրվեմ կյանքի հորձանուտում….»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031