Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները բողոքում են, որ զինկոմիսարիատը Աշոցքից Ամասիա է տեղափոխվել

Հունվար 07,2012 17:03

Հենց նոր Aravot.am-ը ահազանգ ստացավ Աշոցքի բնակիչներից այն մասին, որ իրենք գյուղովի վաղ առավոտից  փակել են Երևան տանող ճանապարհը` կառավարությունից պահանջելով հետ վերցնել Աշոցքի զինկոմիսարատը Ամասիա տեղափոխելու մասին որոշումը: Բողոքավորների ներկայացնելով` զինկոմը սպասարկում է այս տարածաշրջանի մոտ 10 հազար բնակիչների, իսկ հիմա մի թուղթ վերցնելու համար ստիպված են  սար ու ձոր ընկնել, հսկայական ճանապարհ կտրել, մեծ ծախսեր անել ու Ամասիա հասնել: Չհաշված այն, որ Աշոցքի բնակիչներից շատերը ստիպված կկորցնելնիրենց աշխատատեղերը: «Մեր մոտի բնակիչները թվով շատ ավելին են, քան Ամասիայինը, սա չտրամաբանված  ու անարդար որոշում է, որի դեմ մենք մի քանի ամիս է` պայքարում ենք»,-ասում էին բողոքավորները, պնդելով, թե այդ որոշումը արդյունք է այն բանի, որ մի բարձրաստիճան պաշտոնյա` ծնունդով Ամասիայից, այնպես է արել, որ զինկոմիսարիատը միացվի Ամասիայի զինկոմիսարիատին: «Եթե Ամասիան թափով պաշտոնյա ունի, մենք `ոչ, դա չի նշանակում, թե մեր նկատմամբ նման խտրական վերաբերմունք պետք  է ցույց տան: Այդ մարդը ամասիացիներին լավ տիրություն է անում, բայց`մեր հաշվին: Եթե աշխատատեղ է ուզում ստեղծել իր ծննդավայրում, թող նորմալ գործ դնի, ոչ թե ուրիշը հացը կտրի: Հենց նա է միջամտել, որ մեր զինկոմիսարիատը տանեն միացնեն Ամասիայի զինկոմին:  Փոխնախախար Արմեն Գևորգյանն  էլ նոր տարուց  մի քանի օր առաջ եկավ, մեր բողոքը լսեց, խոստումներ տվեց ու մոռացավ», -նեղսրտում էին  մեր զրուցակիցները: Վերջիններս  հատկապես վրդովվել էին  այն փաստից,  որ փոխնախարարական մակարդակով  որոշվել էր հարցը լրացուցիչ քննարկման դնել  ու տեղափոխումը 3 ամսով հետաձգել, սակայն նոր տարվա տոները չավարտված` անակնկալ են մատուցել: Մենք պարզեցինք, որ Աշոցքում տեղակայված զինկոմը սպասարկում է նաև Ամասիայի բնակչությանը, իսկ Աշոցքը 25 գյուղ ունի` 10 հազար բնակչով, մինչդեռ Ամասիայում բնակչության թիվը  մոտ 5-6 հազարի է հասնում, բնականաբար և   Աշոցքից բանակ գնացողների թիվը շատ ավելին է, զինկոմում աշխատողների թիվը` նմանապես: Մի խոսքով պայմանները գրեթե հավասարազոր են, մի բան էլ Աշոցքինը առավել, հետևաբար և  այս տեղանքի  բնակիչների համար անհասկանալի է մնում զինոկմի վարչական շենքը Աշոցքից Ամասիա տեղափոխելու իմաստը: Այս պահին Աշոցք է մեկնել Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, նա հանդիպել է զինկոմի դիմաց հավաքված մարդկանց հետ, պաշտոնյան մեզ հեռախոսով փոխանցեց, որ մարզպետ Գիզիրյանը խոսել է նախարարի հետ, փորձում է հարցը կարգավորել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031