Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի նամակը՝ մեկնաբանությամբ

Հունվար 11,2012 15:44

«Առավոտը» ստացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեկտեմբերի 26-ի թվագրությամբ նամակը՝ ուղղված մեր գլխավոր խմբագրին: Հրապարակում ենք այն՝ մեր մեկնաբանությամբ:

Նամակը. «Տարիներ շարունակ Ձեր խմբագրած թերթը լուսաբանել է (եւ շարունակում Է լուսաբանել) իմ գործունեությունը, անհայտ (երբեմն գոյություն չունեցող) հեղինակների ստորագրությամբ նյութեր հրապարակում իմ մասին։ Դրանք, որպես կանոն, միտված են եղել եւ են իրականության աղավաղմանը, իմ անձի անվանարկմանը, պիտակավորմանը (բացառություններ շատ քիչ են եղել): Եվ ես երբեք չեմ արձագանքել նմանօրինակ հրապարակումներին (թեեւ կարող Էի Ձեզ անվանարկել ու Ձեր անձնական եւ աշխատանքային գործունեության մասին նյութեր հրապարակ հանել, ինչպես Դուք եք հաճախ վարվում), երբեք չեմ փորձել դատական կարգով քննարկել կամ վիճարկել դրանց հավաստիությունը։ Միշտ մտածել եմ, որ երբեւէ կվերանայեք Ձեր մոտեցումը, կհրաժարվեք կանխակալ, նախապես ձեւավորված պատկերացումներից եւ մարզի, մարզպետարանի, մարզպետի մասին լուսաբանումներում Ձեր անձնական, սուբյեկտիվ մոտեցումները կողք կդնեք։ Մինչդեռ՝ չհրաժարվեցիք վաղուց որդեգրած մոտեցումներից։

Մյուս կողմից՝ ես անվրդով Էի վերաբերվում Ձեր հրապարակումներին, քանի որ մայրաքաղաքային մամուլը մարզերում շատ վաղուց հանրային կարծիքի վրա չի ունենում երբեմնի ազդեցությունը կամ ընդհանրապես ազդեցություն չի ունենում (դրա պատճառների մասին խոսակցությունն այլ թեմա Է), մանավանդ որ մարդիկ՝ մարզի ամենահեռավոր գյուղում անգամ, տեսնում են իրենց մարզպետի գործունեությունը։

Հետայսու եւս չեմ պատրաստվում փոխել վերաբերմունքս Ձեր հրապարակումների հանդեպ, չեմ պատրաստվում ո՛չ վիճարկել, ո՛չ հերքումներ ուղարկել. կրկնում եմ՝ դա իմ Էությանը հարիր չէ։ Այդ բոլորով հանդերձ մի առաջարկություն ունեմ։ Դուք, գրեթե բոլոր դեպքերում, իմ արած-չարածի, իմ անձի մասին դատողություններ եք անում եւ նյութեր հորինում այլ, կողմնակի աղբյուրներից քաղած տեղեկությունների հիման վրա, ինչը, թույլ տվեք ասել, ոչ միշտ է բարոյական։

Առաջարկում եմ Ձեզ՝ երես առ երես հանդիպել մեզ հետ եւ Սյունիքի մարզի, մարզպետարանի, մարզպետի մասին տեղեկություններ ստանալ անմիջապես մարզպետից։ Ընդ որում՝ պատրաստ եմ պատասխանել Ձեր՝ առանց բացառության բոլոր հարցերին՝ թույլատրելի եւ անթույլատրելի, կոռեկտ եւ ոչ կոռեկտ, սադրիչ եւ անկեղծ, ցինիկ եւ ողջամիտ, տնտեսական ու քաղաքական, սոցիալական ու հոգեւոր-մշակութային։ Ի վերջո՝ տեւական ժամանակ Դուք ինձ հայհոյում եք եւ չեք ուզո՞ւմ գոնե մեկ անգամ իմ կարծիքը լսել այն հարցերի մասին, որոնք իբր Ձեզ մտահոգում են։ Ուզում եմ նաեւ երես-երեսի գանք ու պարզենք՝ այդ ի՞նչ եք անում Դուք Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, մեր պետականության, հայ մարդու արժանապատվության պաշտպանության համար, որ ես չեմ անում   եւ  որը  Ձեզ  իրավունք  է  վերապահում  դատավորի   դեր   ստանձնել  ու  անընդհատ վիրավորել իմ անձն ու արժանապատվությունը։

Առաջարկում եմ հանդիպում-հարցազրույցը կազմակերպել Սյունիքի մարզպետի աշխատասենյակում՝ Ձեզ համար ցանկալի ժամանակ։ Առաջարկում եմ, միաժամանակ, Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն ուղարկել առնվազն հինգ օր առաջ, որպեսզի դրանց վերաբերյալ ավելի հիմնավոր ու ամբողջական պատասխաններ պատրաստեմ, մանավանդ որ գործող օրենքները նման հնարավորություն են ընձեռում։ Հարցազրույցը կձայնագրվի նաեւ մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի կողմից՝ հետագա աղավաղումներից խույս տալու համար։

Ակնկալում եմ Ձեր դրական արձագանքը, այլապես Սյունիքի մարզի, մարզպետարանի, մարզպետի մասին Ձեր բոլոր հրապարակումները՝ ենթադրաբար, ասեկոսեների հիման վրա, ծպտված կամ անանուն ւսղբյուրների օգտագործմամբ գրված, առնվազն կհամարեմ ոչ անաչառ, անլուրջ, ոչ ազնիվ ու ոչ բարոյական, տենդենցիոզ։

Ավելացնեմ նաեւ, որ առաջարկվող հանդիպում-հարցազրույցից հետո պատրաստ եմ ավելի ակտիվացնել մեր համագործակցությունը՝ Սյունիքի մարզի առօրյայի լուսաբանման հարցում»:

Մեր մեկնաբանությունը. Այս նամակում խիստ բազմաթիվ են, մեղմ ասած, վիճելի պնդումները՝ թե գոյություն չունեցող հեղինակների, թե այն մասին, թե Սյունիքի մարզպետը երբեք չի արձագանքել նման հրապարակումներին: Նա արձագանքել է միշտ, երբեմն էլ սպառնացել է դատարան դիմել: Ընդ որում, մեր թերթը միշտ էլ հրապարակել է նրա արձագանքները՝ հենց մեր թղթակիցներին, կամ լրագրողների խմբին տված հարցազրույցների տեսքով:

Նրան երես առ երես հանդիպելու առիթ ունեցել եմ ինքս էլ, երբ Սուրեն Խաչատրյանը դեռ Գորիսի քաղաքապետ էր, եւ մեր հարցազրույցում մասնավորապես բացատրեց իր մականվան ծագումնաբանությունը: Նաեւ «Առավոտի» աշխատակիցներ Մարգարիտ Եսայանը, Ռուզան Մինասյանը, Նելլի Գրիգորյանն են տարբեր տարիներին հարցազրույցներ հրապարակել նրա հետ: Այժմ էլ դա պարբերաբար անում է Կապանի մեր թղթակից Մերի Սողոմոնյանը: Այնպես որ, դարձյալ մեղմ ասած, այնքան էլ հիմնավոր չէ նրա այն պնդումը, թե «Տեւական ժամանակ Դուք ինձ հայհոյում եք եւ չեք ուզո՞ւմ գոնե մեկ անգամ իմ կարծիքը լսել այն հարցերի մասին, որոնք իբր Ձեզ մտահոգում են»:

Որպես ապացույց՝ կարող ենք ներկայացնել թեկուզ միայն մեկ ամսում՝ դեկտեմբերին, երբ գրվել է այդ նամակը՝ քանի անգամ ենք ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի ուղղակի խոսքը. «Սյունիքի մարզպետը կուզեր, որ 2012 թվականին իրար հարգեինք ու արժանավայել ապրեինք», «Սյունիքի մարզպետ. Քաջարան գյուղի շուրջ աղմուկը 1-2 հոգու անիմաստ շահարկում է», «Սուրիկ Խաչատրյան. «Չոքեք ու Աստծուց խնդրեք», «Սյունիքի մարզպետը պնդում է, որ ինքը ներողություն չի խնդրել»:

Ինչ վերաբերում է նամակում այն պնդմանը, որ եթե չհամաձայնենք իր պայմաններով՝ Սյունիքի մարզպետի աշխատասենյակում հարցազրույց անելու առաջարկին, ապա Սյունիքի մարզի, մարզպետարանի, մարզպետի մասին մեր բոլոր հրապարակումներն «առնվազն կհամարեմ ոչ անաչառ, անլուրջ, ոչ ազնիվ ու ոչ բարոյական, տենդենցիոզ»…. ինչպես պատասխանեմ, որ չխախտվեն «Առավոտում» հրապարակման կանոնները, որոնք ինքս էլ մշակել եմ… Լավ, ասենք այսպես՝ իր գործն է մտածել այն, ինչ ցանկանում է:

Մեր հրապարակման կանոնները չխախտելու մտահոգությամբ՝ չենք անդրադառնա նամակում արծարծված բազմաթիվ այլ հարցադրումների, եւ մասնավորապես այն գլխավոր հարցին, թե ինչ չի անում ինքը Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, մեր պետականության, հայ մարդու արժանապատվության պաշտպանության համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչքան պետք է մարդ հրեշ լինի, որ գոնե միայն Սամվել Հարությունյանի կողմից նշված այս կենդանու ոճռագործություններից հետո, նա երես ունենա մարդամեջ դուրս գա: Երբեմն թվում է թե մեր երկիրը պատվել է հրեշագործությունների մղձավանջով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031