Լրահոս
Օրվա լրահոսը

Աղոթիր կամ վճարիր. Վեսթմինսթրյան տաճար մտնելու գինը դա է

Հունվար 12,2012 12:26

Վեսթմինսթրյան աբբայությունում են ամուսնանում, թագադրվում, վերջում էլ` թաղվում բրիտանական արքայական ընտանիքի անդամները

Լոնդոնում շատ թանգարանների եւ ցուցասրահների մուտքն ազատ է բոլոր այցելուների համար. բրիտանական կառավարությունը հոգում է այդ մշակութային օջախների խնդիրներն այնպես, որ այցելուներից վարձավճար վերցնելու կարիք դրանք չեն ունենում: Փոխարենը ազատ չի, ասենք, Վեսթմինսթրյան աբբայության, կամ ավելի ճիշտ` Վեսթմինսթրում գտնվող սուրբ Պետրոսի գոթական տաճարի մուտքը: Այս տաճարում են թագադրվել եւ հետագայում` նաեւ թաղվել բրիտանական գրեթե բոլոր միապետերը, այստեղ է գտնվում նաեւ հռչակավոր Պոետների անկյունը, որտեղ թաղված են Բրիտանիայի հայտնի գրողները եւ արվեստի այլ գործիչներ, ինչպիսիք են Վիլյամ Շեքսպիրը, Ջորջ Բայրոնը, Լոուրենս Օլիվյեն եւ այլոք: Որոշ դեպքերում ընդամենը նրանց մահարձաններն են դրված, սակայն գերեզմանները գտնվում են այլ տեղում: Մի խոսքով` թանգարանային եւ ցուցասրահային նշանակության վայր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մասը կազմող այս տաճարը: Բայց նրանց համար, ովքեր մտնում են տաճար ոչ թե որպես մշակութային եւ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայր, այլ որպես Աստծո տուն` աղոթելու համար, տաճարի մուտքն ազատ է: Բնականաբար, դեռ չի ստեղծվել այնպիսի մի գործիք, որը կարող է մարդու մտքերն ու ցանկությունները կարդալ եւ իմանալ` տվյալ այցելուն աղոթելու, թե գեղեցիկի եւ նորի հանդեպ իր հետաքրքրությունը մարելու համար է մտնում այս տաճար, հետեւաբար, «վճարե՞լ, թե ՞չվճարել մուտքի համար» հարցի լուծումը թողնված է այցելուի ազնվությանը` հուսալով, որ մարդիկ կերկյուղեն Աստծո անունն օգտագործել ստելու նպատակով:

Հետաքրքիր էին նաեւ տաճարի մուտքի մոտ տեղադրված այս ցուցանակները. դրանցից մեկով այցելուներին խնդրում էին աղբի տոպրակի մեջ նետել իրենց մաստակները, մյուսով տեղեկացնում էին, որ մեծ պայուսակներով կամ ճամպրուկներով չեն կարող մուտք գործել ներս, իսկ փոքր պայուսակները պետք է ստուգվեն եւ ստուգելուց հետո աշխատակիցը կորոշի` թողնել ձեզ ներս, թե ոչ:

Երբ այդուհանդերձ կարողանում ես մտնել աբբայություն` վճարած գումարը եւ պայուսակիդ զննումը արդարացված ես համարում` իսկապես չափազանց յուրօրինակ եւ տպավորիչ կառույց է` կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիներին հատուկ ծայրահեղ ճոխությունների եւ հայկական եկեղեցիներին հատուկ խորհրդավոր, ու ինչ-որ տեղ` մռայլ ասկետիզմի մեջտեղում: Առանձնահատուկ տպավորություն են թողնում, իհարկե, գունավոր ապակիներից պատրաստված խճանկարները, որոնցով զարդարված են պատուհանները:

Վեսթմինսթրյան աբբայությանը կից նաեւ փոքրիկ հուշանվերների խանութ կա, որտեղ վաճառքի հանված իրերից եւ ոչ մեկը հնարավոր չէ գտնել լոնդոնյան հուշանվերների կրպակներում եւ խանութներում:

PrevPhoto
NextPhoto

Մելանյա Բարսեղյան

Լոնդոն-Երեւան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031