
Տոպրակի պարունակությունը հետեւյալն էր. մեկ շիշ տեղական արտադրության օղի, մեկ հատ հյութ եւ մեկ շիշ ձեթ, հավանաբար ՀՀ ռազմավարական պաշարներից: Տեղեկատվությունը հարուցել էր ՕԵԿ-ականների բուռն դժգոհությունը, որն արտահայտվեց օրերս մեր թղթակցի հետ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի երկխոսության ընթացքում։ Տիկին Բիշարյանը, մեզ մեղադրելով ՕԵԿ-ի PR-ն անելու մեջ, չսպասելով հարցին, հայտնել էր մեր թերթի հետ շփվելու ցանկության բացակայության մասին եւ անջատել էր հեռախոսը։
Մենք եւս չենք այրվում ՕԵԿ-ի հետ կամ նրանց մասին խոսելու ցանկությամբ։ Դե ինչ արած, ճաշակի հարց է։ Բայց օրերս մեր գործընկերոջ հետ կատարվածը մեկ անգամ եւս ստիպում է անդրադառնալ իշխանությանը մաս կազմող այս կազմավորմանը։ Մեր ընկերոջ տան հեռախոսով հնչած զանգով մի անձնավորություն հայտնել է, որ իր տղան տոներից առաջ ամանորյա նվեր-տոպրակ է ստացել ՕԵԿ-ի գրասենյակից եւ ըստ պայմանավորվածության, տոներից հետո պետք է ներկայանար գրասենյակ, սակայն չի ներկայացել։ Կնոջ զարմացած՝ «12 տարեկանի կուսակցականս որն է» հարցից հետո զարմանալու հերթը հասնում է զանգահարողին։ Խոսակցությունից պարզվում է, որ Հակոբ Եթիմյան անունով մեկը, Ամանորից առաջ օգտվել է ՕԵԿ-ի «բարիքներից», խոստացել է տոներից հետո անդամակցել ՕԵԿ-ին եւ պատահական հեռախոսահամար թողնելով հեռացել է:
«Երկիր»


















































