Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի «դաբրոյով» պատրաստվում են նոր բիզնե՞ս դնել

Փետրվար 18,2012 13:17

Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի կրճատված աշխատակիցները պնդում են, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ադամյանը կրճատումներ է անում, որ պոլիկլինիկան փակի եւ դրա շենքում բիզնես բացի:

Պոլիկլինիկայի շենքը:

Պոլիկլինիկայի տնօրեն, մասնագիտությամբ անոթաբան Տաթեւիկ Փանոսյանի՝ կաշառակերության կասկածանքով ձերբակալումից հետո այս բուժհիմնարկում զանգվածային կրճատումներ են կատարվում: Այդ ամենն իրականացվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ական Գագիկ Ադամյանի թեթեւ ձեռքով: Նա մի քանի ամսվա ընթացքում հասցրել է ազատվել թե բուժական եւ թե վարչական մոտ 17 աշխատողներից: Ընդ որում, պատճառաբանությունները տարբեր են եղել՝ մեկը ԲՀԿ-ական է եղել, որը ձեռ չի տվել ՀՀԿ-ական Ադամյանին, մյուսի հետ նրա «սիմպատիան» չի բռնել, երրորդն իբրեւ թե «մաֆիայի պարագլուխն» է եղել, մյուսն էլ՝ «անգյալ ու հարբեցող»: Նրանցից յուրաքանչյուրը դիմել էր «Առավոտ» օրաթերթին՝ իրենց իրավունքը վերականգնելու ակնկալիքով: Գագիկ Ադամյանը «Առավոտի» հետ զրույցում պատճառաբանել էր, որ պոլիկլինիկան խեղդված է պարտքերի մեջ, կալանք է դրված հաշիվների վրա, հաստիքներն ուռճացված են եղել նախկին տնօրենի օրոք, օրինակ՝ հավաքարարի հաստիքի տակ համակարգչային օպերատոր կամ դեղագործ են աշխատել եւ այլն, իսկ այժմ ինքը ստիպված է կարգուկանոն մտցնել: Չնայած տնօրենի արդարացումներին՝ աշխատանքից ազատվածները շարունակում են Գագիկ Ադամյանի հասցեին անեծք հնչեցնել, քննադատելով, որ նա նույնիսկ դիպլոմ չունի, եւ որ նրան պաշտոնի են դրել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու նրա որդին՝ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը:

Նախկին աշխատակիցների պնդմամբ՝ Գյումրու ավագանու անդամ Գագիկ Ադամյանին ու առողջապահության փոխնախարարին միմյանց է կապում համընդհանուր բիզնեսը. Գյումրիում գտնվող «Ապավեն» բժշկական կենտրոնը նրանց երկուսինն է, հետեւաբար եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ինչպես ուզում, այնպես էլ վարվում է:

«Առավոտն» այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց Գագիկ Ադամյանից: Նախեւառաջ հետաքրքրվեցինք, թե նա ունի՞ որեւէ դիպլոմ: Ի դեպ, մեր օրաթերթը մի քանի օր առաջ փորձեց Շիրակի մարզպետարանում նրա անձնական գործերի մեջ տեսնել դիպլոմը, սակայն՝ ապարդյուն, խորհուրդ տվեցին սա ճշտել առողջապահության վարչության պետից: Պարոն Ադամյանն այսպես պատասխանեց մեր հարցին. «Պարտադիր չէ բժշկական կրթություն ունենալը, դա կառավարության ե՛ւ նոր որոշման մեջ կա, ե՛ւ նաեւ եղել է շատ վաղուց, ուղղակի բժիշկների են միշտ նշանակել: Բայց ես հիմա մագիստրոս եմ՝ ավարտելու եմ արդեն Կովկասյան եվրոպական ակադեմիայի առողջապահության կառավարման ֆակուլտետը, որը շատ ավելի բարձր գիտելիքներ է տալիս, քան ունեն շատ, չակերտավոր ասած, բժիշկներ»: Իսկ ո՞վ է օգնել նրան բուժհիմնարկի տնօրեն դառնալու՝ նրա կուսակից ընկեր Գալուստ Սահակյա՞նն ու նրա փոխնախարար որդի՞ն, մեր հարցին էլ պատասխանեց. «Նման բան չկա, դա հերյուրանք է, ես Գալուստ Սահակյանի հետ ընդհանրապես կապ չունեմ, սուրբ խաչը վկա: Էս մարդուն ինչո՞ւ են տանում-կպցնում բիզնեսի հետ, ես իմ քրտինքով բիզնեսներ ունեմ, շատ էլ ունեմ, ի՞նչ կապ ունի բիզնեսը ինչ-որ Սահակյանի հետ, ես երկար տարիներ աշխատել եմ, ունեցել եմ իմ բիզնեսը: Գալուստ Սահակյանը նստած է եղել, ես անցել եմ, նրան նույնիսկ բարեւ չեմ տվել, որովհետեւ էդ մարդու հետ կապ չունեմ, որպես կուսակցական մեր ղեկավարի՝ ձեռքով անգամ դեռ բարեւ տված չկամ: Իհարկե՝ ես չեմ ժխտում, ուրախ կլինեի, որ ծանոթ էլ լինեի, մտերիմ էլ լինեի, ընկեր էլ լինեի, ինչ կա, վատ բա՞ն է»,- զայրացավ տնօրենը:

Մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից: Մարզպետարանի պաշտոնյային եւս փոխանցեցինք պոլիկլինիկայի նախկին աշխատակիցների դժգոհությունը՝ կապված տնօրենի կրթություն ունենալ-չունենալու հետ, եւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են նախընտրել բուժհաստատության ղեկավար նշանակել բժշկական կրթություն չունեցող անձի: «Ադամյան Գագիկը կամ ավարտել է, կամ էսօր-վաղը կավարտի Ազգային ինստիտուտի առողջապահության կազմակերպման ակադեմիան, մենք իրավունք ունենք այնտեղ սովորողին այս պաշտոնին նշանակել, ասեմ՝ ինչու: Ես ինքս երբ քաղծառայող դարձա, մրցույթի էի մասնակցում, ինձ հետ մրցույթի էր մասնակցում ոստիկանության մի փոխգնդապետ՝ Սպիտակ քաղաքից: Եթե ինքը հաղթեր, հիմա իմ փոխարեն առողջապահության վարչության պետ կլիներ փոխգնդապետը, դուք էլ նրա հետ հարցազրույց կանցկացնեիք»,- ասաց բժշկական գիտությունների թեկնածու պարոն Հովհաննիսյանը: Իսկ, ի վերջո, ի՞նչ է լինելու այս պոլիկլինիկայի վիճակը, մինչեւ ե՞րբ են նախկին աշխատակիցները լրագրողների դռները թակելու, մեր այս հարցին պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ խնդիրը մարդու կրթությունը չէ, ուրեմն հաստատ բավարարել է, որ նշանակել են, այլ խնդիրն առաջիկայում այդ պոլիկլինիկան 9-10 բալանոց ցնցումներից զերծ պահելն է: Այն մեր այս գեղեցիկ քաղաքի գեղեցիկ, անբաժանելի մասն է: Անկախ նրանից՝ այն Ադամյանը կղեկավարի, թե ես կամ դուք կղեկավարեք, կուզեի, որ վերջը բարի լիներ»: Նա տեղեկացրեց, որ կրճատումների հարցը քննարկվել է թե՛ առողջապահության նախարարությունում, թե՛ մարզպետի մոտ. «Այնտեղ գերխիտ հաստիքներ կան, մեկ հաստիքի տակ 2-3 մարդ է աշխատել: Հնարավոր է, որ այս պահին տուժեն այնպիսի մարդիկ, որոնք չեն արժանացել դրան, բայց իրավիճակը շատ կրիտիկական է, այդ հիմնարկը կարող է լուծարվել, ոչ թե 10 մարդ աշխատանքից զրկվի, այլ՝ 113-ը: Ադամյանը լավ ղեկավար է, թե վատ՝ դնենք նրա անձը կողքի, այդ հիմնարկը կանգնած է լուծարման կամ պահպանելու եզրին, որի մեղավորը ինքը չէ, ես ոչ էլ ուզում եմ նախորդ տնօրենին մեղադրել, պարտքերը փաստ են, ոչ մեկը չի ժխտում, որ 17 մլն դրամի պարտք կա, ոչ մեկը չի ժխտում, որ նրա մոտ գերխիտ հաստիքացուցակ կա, հիմա էդ խնդիրները պիտի լուծվեն»:

Ի դեպ, պոլիկլինիկայի նախկին աշխատակիցները պնդում են, որ Գագիկ Ադամյանի նպատակը հենց իտալացիների կողմից նվեր ստացած պոլիկլինիկան լուծարելն է ու դրա շենքին տեր կանգնելը, իսկ այս հարցում նրան օգնում է Գալուստ Սահակյանի որդին, որը պատրաստվում է փայատեր դառնալ այդ կառույցին: Ըստ որոշ լուրերի՝ իտալական պոլիկլինիկայի փոխարեն պատրաստվում են վիրաբուժական բազմապրոֆիլ հիվանդանոց բացել եւ արդեն իսկ լիցենզավորման հայտ են ներկայացրել:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829