ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ խորհրդարանում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ կլինե՞ն ՀՅԴ համամասնական ցուցակում հայտնի անուններ, ասաց. «Շատ տարբեր միջավայրերում եւ բնագավառներում եւ միայն հայտնի եւ ճանաչված լինելը չենք դիտարկում մեր ցանկում հայտնվելու համար, այնպիսի հայտնի մարդիկ կան Հայաստանում, որ Աստված հեռու պահի»
Ի պատասխան հաջորդ հարցի՝ այսինքն՝ չի՞ բացառվում, որ ՀՅԴ ցուցակում եւս կլինեն հայտնի անուններ, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Արդեն պարզ է, որ կլինեն, բայց ինչ ձեւով հայտնի՝ ցույց կտա ժամանակը: Մեր ցանկի մեջ միշտ էլ լինում են ոչ կուսակցական մարդիկ, հիմա էլ կլինեն, ըստ ամենայնի»:
Նախորդ օրը թերթերից մեկում հրապարակվել էր ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին տասնյակը, որը կազմել էր լրատվամիջոցը, եւ երեկ Վահան Հովհաննիսյանն ասաց, թե չկա նման ցուցակ, եւ այդ տեղեկատվությունը իրականության հետ կապ չունի. «Երբ որ մենք կհրապարակենք մեր ցուցակը, միայն մեր հրապարակածը ճիշտ կլինի, բայց ուրիշ որեւէ մեկինը չի կարող ճիշտ լինել»:
«Առավոտը» հարցրեց՝ արդյոք 2012-ի նախընտրական իրավիճակն ավելի՞ լարված է, քան 2007-ինը, ի պատասխան մեր այս հարցի՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ես կարծում եմ՝ մի քիչ այլ է, դժվար է ասել՝ լարված է, թե լարված չէ, մի քանի շաբաթ էլ անցնի, ընտրությունները մոտենան, այդ ժամանակ լարվածության աստիճանը կկարողանանք գնահատել, բայց որ իրավիճակը տարբեր է՝ փաստ է, որովհետեւ այս անգամ իշխանություններն ունենալով գերխնդիր՝ ամեն գնով իշխանությունը պահելու, ստացել են նաեւ երկրորդ գերխնդիրը՝ ամեն ինչ անել, որ մարտի 1 չկրկնվի: Եվ հիմա գտնվում են այս երկու գերխնդիրների արանքում: Այսինքն՝ ուղեցույց աստղն առաջ մեկ հատ էր, հիմա երկու հատ է»: ՀՅԴ խմբակցության ղեկավարի մեկնաբանությամբ՝ «Ընտրությունը կամ սերնդափոխություն է, կամ իշխանափոխություն է, կամ՝ երկուսը միասին: Ես Հայաստանի մասին չեմ ասում, ասում եմ նորմալ երկրների մասին: Հիմա Հայաստանում ավելի շատ իշխանափոխության կողմն է թեքվում, քան սերնդափոխության»:
Կարդացեք նաև
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ