Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկությունը միայն գաղափար է

Փետրվար 23,2012 16:49

«Երբ 12-13 տարեկան էի, անհանգստանում էի իմ արտաքին տեսքի համար` փորձելով ամեն գնով  փոխել այն: Սակայն գնալով վիճակս էլ ավելի էր վատանում. շրջապատիս հետ խզվում էին կապերը և այլևս լեզու չէի գտնում մարդկանց հետ», – պատմում է Աննան: Մանեն էլ հիշում է, որ իր ծնողները հազիվ էին փրկել իր կյանքը`«գեղեցկությանը» զոհ գնալու համախտանիշից: «Նիհար էի, սակայն օրուգիշեր երազում էի նիհարել, և դրա համար պատրաստեի ամեն քայլի: Բարեբախտաբար ծնողներս շուտ հասկացան, թե ինչ է կատարվում ինձ հետ և դիմեցին հոգեբանի: Այսօր մասնագետի օգնությամբ վերջապես հասկացա` ինչ է գեղեցկությունը և, որ այն կարող է դրսևորվել յուրաքանչյուրիս մոտ ուրույն ձևով»:

www.humanitas.ro կայքից կարելի է տեղեկանալ, որ գեղեցկությունը գաղափար է, երկու կամ մի քանի անձի միջև հաճելի կարծիքների փոխանակում: Սակայն ժամանակակից կյանքում անընդհատ բախվում ենք մի երևույթի, որը մեր հասարակությունն անվանում է «հեռուստատեսային կամ ամսագրային գեղեցկություն»: Այն համարում են միակ և անկրկնելի չափանիշ, որի ձեռք բերելու ճանապարհին ահռելի գումարներ և էներգիա են ծախսվում` ազդելով հասարակության հոգեբանության վրա:

Հույն մտածողներ` Պլատոնն ու Արիստոտելը առաջիններից էին, ովքեր փորձ կատարեցին սահմանել գեղեցկության գաղափարը: Ըստ Արիստոտելի` գեղեցկությունը կախված է չափսից և համաչափությունից (կարծիք կա, որ համաչափ դիմագծերն ավելի գրավիչ են, քան ոչ այնքան համաչափը): Նրա համար գեղեցիկ լինելը նշանակում էր լինել բարի և պահպանել կարգ ու կանոն: Իսկ Պլատոնի կարծիքով, գեղեցկությունը որպես պահանջմունք` ձայնային և տեսողական հաճույք է պատճառում մարդկանց:

«Այս կամ այն օբյեկտը գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ համարելու երևույթի հիմքում ընկած է մարդու էվոլուցիոն զարգացումը: Դա ցեղային հասկացություն է, որն իր մեջ է ներառում տվյալ ցեղի, ազգի սովորույթներն ու հոգեբանությունը», – ասում է փիլիսոփա Արսեն Հովհաննիսյանը: Հոգեբանների կարծիքով էլ, գեղեղեցկությունը կապված է զգացմունքների, շարժառիթների, ճանաչողության և մտածողության հետ: «Երբ արվեստում մենք չենք կարողանում բացահայտել որևէ կառուցվածք կամ «գաղտնիք», մի կողմ ենք քաշվում` տվյալ առարկան մեզ համար դառնալով անհասկանալի և անհետաքրքիր: Ուստի, երբ որևէ բան չի համապատասխանում մեր ստեղծած մտավոր պատկերին և նորություն է` առաջանում է անորոշություն», –  հավելում է հոգեբան Ալվինա Մանուկյանը:

Գեղեցկության գաղափարը տարբերվում է մարդուց մարդ, հանգամանքից` հանգամաք: «Եթե մեզ այսօր դուր է գալիս որևէ երաժշտություն, վաղն այն կարող է մեզ այլևս չգերել, քանի որ, կախված յուրաքանչյուր մարդու ապրելակերպից, կենսափորձից կամ անհատականության զարգացումից, տվյալ երևույթն ընկալում ենք և վերլուծում այլ կերպ», – նշում է հոգեբույժ Մարինե Գևորգյանը:

 

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829