Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հարկում գտնվող նկուղը «նախկինում բացվածք է»

Փետրվար 25,2012 13:46

«Իմ բնակարանի տակ չի մտել որեւէ մեկը գեթ մի րոպե»

Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 2009 թ. ապրիլի 2-ի թիվ 38 որոշմամբ՝ համայնքի սեփականություն հանդիսացող Շինարարների փողոցի հ. 2 շինությունն աճուրդային կարգով օտարվեց:

51,0 քմ վիճարկվող տարածքը (1978թ.-ի շենք է- Ռ. Մ.) աճուրդային գնով՝ 689 700 դրամով «շահել» էր Շինարարների փողոցի հ. 5 շենքի 13 բնակարանի բնակիչ Լիպարիտ Շահինյանը: Որոշումը, որը հետագայում վիճարկվեց դատարանում նշյալ հասցեի բնակիչների կողմից, մի քանի «վրիպակներ» ուներ. լուսանկարում պատկերված «վրիպակներից» մեկն այն էր, որ համայնքապետ Ռուբեն Հովսեփյանի ստորագրությունը բացակայում էր, այն կնքված էր աշխատակազմի քարտուղարի կնիքով, այն էլ՝ անհասկանալի կնիքով,  տարբեր էր որոշման տառատեսակը: Ավագանու անդամներից մեկն էլ աճուրդում հաղթածի եղբայրն էր՝ Համբարձում Շահինյանը:

Նշյալ բազմաբնակարան կոոպերատիվ շենքի բնակիչները ուշացումով տեղեկացան, որ իրենց շենքի նկուղը տրվել է Համբարձում Շահինյանին՝ արվեստանոցի նպատակով:

Շենքի 46 բնակիչ դիմեց ՀՀ վարչական դատարան, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումով: Բնակիչները տեղեկացրին, որ «Պետպլան-2» համատիրությունը, այսինքն՝ նշյալ շենքը գրանցվել է պետռեգիստրում դեռեւս 2005թ.-ին:

2006թ.-ին ՀՀ կառավարությունն ընդունեց բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքի հիման վրա պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տվյալ շենքի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների  սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցան մասին 1855-Ն որոշումը: Եվ ինչպես օրենսդիրն էր նախատեսել, բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին էին պատկանում շենքի միջհարկային ծածկերը, առաստաղները, հատակները, նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, մուտքերը, աստիճանավանդակները… Հետեւաբար, նշված նկուղային տարածքը չէր կարող ավագանու որոշմամբ աճուրդի դրվել կամ օտարվել, քանի որ այն համատիրության անդամների ընդհանուր բաժնային սեփականությունն էր:

Բնակիչները խնդրում էին դատարանից՝ անվավեր ճանաչել «հաղթողի» սեփականության իրավունքի գրանցումը, առուվաճառքի պայմանագիրը: Ի դեպ, աճուրդի մասին հայտարարությունը տպագրվել էր «Հայաստանի Հանրապետություն» թերթում՝ 2009թ. ապրիլի 4-ին, իսկ օրենքով սահմանված մեկ ամիսը չանցած՝ 16 օր հետո առուվաճառքի պայմանագիր էր կնքվել Շահինյանի հետ:

Շենքի բնակիչներից ուսուցչուհի Գրետա Ավետիսյանը «Առավոտի» շենք այցելելու ժամանակ տեղեկացրեց, որ դեռ 70-ականներին  կոոպերատիվի նախագահը նկուղային հարկը նախատեսել էր հարսանյաց սրահի համար: Նշված սրահի բարձրությունը ցածր էր, այն ձայնամեկուսացված չէր, հետեւաբար՝ ցանկացած աղմուկ լսելի էր վերեւի 15 հարկերում ապրող բնակիչներին:

Նկուղային հարկը մինչ օրս ծառայում է շենքի կոյուղու, սանհանգույցների, խմելու ջրի խողովակների պահպանման տարածք. «Ավելի վրդովեցուցիչ է, երբ ինձ ասացին, թե իբր իմ բնակարանի տակն արդեն 2 տարի է, ինչ օգտագործվում է որպես արվեստանոց, նման բան չի եղել. որեւէ մեկը չի մտել իմ բնակարանի տակ՝ գեթ մի րոպե»,- ասում է Գրետա Ավետիսյանը:

Բարեբախտաբար, զինամթերքի պահեստ չի ծառայել ինչ-որ մեկի կողմից:

Շենքի բնակիչները նաեւ տեղեկացրին, որ համատիրության կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը տեղի չի ունեցել եւ հետեւաբար՝ բնակիչների կողմից չի տրվել համաձայնություն կոոպերատիվ շենքում որեւէ փոփոխություն անելու համար: Այսինքն՝ այլ շենքի փայատերին մեկ այլ շենքի ընդհանուր բաժնային սեփականության մի մասի սեփականատեր ճանաչելու նպատակով:

Ի դեպ, 4 պատասխանողներից 2-ը՝ տարածքային կադաստրը, Երեւանի քաղաքապետարանն իրենց առարկություններում նշել էին, թե. «Հայցադիմումում վիճելի տարածքը անընդմեջ նշվում է որպես նկուղ, սակայն ոչ մի հիմնավորում կամ քաղաքաշինական նորմ չի նշվում նկուղ հասկացողության վերաբերյալ»:

Հայաստանի բազմաբնակարան շենքերի տակ գտնվող տարածքները, որտեղ խողովակներ են, մկներ, բնակչի իրեր, որտեղով կոյուղու «ջրերն են անցնում», նկուղ են անվանում: Համենայնդեպս, դա մինչ օրս պատկերասրահ կամ թանգարան չեն անվանել: «Այստեղ ակամա հիշվում է ժողովրդական ասացվածքը. անընդհատ շաքար ասելով՝ բերանը չի քաղցրանա: Հայցվորներին թվում է, թե ինչքան շատ ասեն նկուղ է, ոչ բնակելի, շենքի տեխնիկական տարածք, այնքան դատարանը կհամոզվի, թե շենքի առաջին հարկում գտնվող նախկինում բացվածքը, իսկ հետագայում քարով շարված ոչ բնակելի տարածքը կդառնա նկուղ»,- հակադարձել էր պատասխանող կողմը:

Վարչական դատարանը այս տարվա փետրվարի 2-ին, դատավոր Ա. Դարբինյանի նախագահությամբ, մերժեց բնակիչների հայցադիմումը:

Բնակիչները շարունակելու են բողոքել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829