Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երեկ հակասահմանադրական է ճանաչել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Շատերը կհիշեն , թե իշխանական ողջ վերնախավն ինչ ցնծություն էր ապրում , երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց այն . Սերժ Սարգսյանը , Սամվել Նիկոյանը , Տիգրան Սարգսյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները , իրար հերթ չտալով շտապեցին շնորհակալական հեռագրեր ուղարկել Ֆրանսիայի իրենց պաշտոնակիցներին։ Իշխանական կուսակցությունները Ֆրանսիայի դեսպանատան մոտ անգամ գոհունակության հանրահավաք էին կազմակերպել։ Պարզվեց՝ ապարդյուն։ Գերտերություններից մեկը հերթական անգամ խաղացրեց Հայկական հարցը , այնուհետեւ կայացրեց հայ պաշտոնյաների համար անսպասելի որոշում։ Տեղի ունեցածն ուշագրավ էր հատկապես ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ նախօրեին տված հարցազրույցի ֆոնին , որտեղ նա պնդում էր հակառակի մասին , որ այդ օրենքը լիակատար աջակցություն է վայելում Ֆրանսիայի նախագահի , կառավարության , Սենատի եւ քաղաքական հիմնական ուժերի կողմից։ Ընդ որում , նման հայտարարություն է անում մարդ , որը երկար տարիներ եղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։ Բայց փաստորեն , անգամ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելով էլ՝ Է . Նալրանդյանը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին , այլեւ չունի այնքան կշիռ , որ նպաստի օրինագծի հանդեպ դրական տրամադրություններ ստեղծելուն։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային , ապա չէր սազում , մի տեսակ ամոթ էր նման որոշում կայացնելը։ Տեսնես ի՞նչ է մտածում գյումրեցի նորածին Սարկոզիի հայրը։
«Ժողովուրդ»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: