Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ թատրոններ ընդամենը նպաստներ են բաժանում

Փետրվար 29,2012 13:59

Ըստ թատերագետ Արա Խզմալյանի, մեր ոչ հարուստ պետական բյուջեից պետք չէ գեղարվեստական «դիակներ» սնել:

Վերջին շրջանում թատերական քննարկումների կենտրոնում է խաղացանկային թատրոնի խնդիրը: Կարծիք կա, թե հանդիսատեսը կարիք ունի հարափոփոխ  խաղացանկի, մինչդեռ պետական թատրոններում ձգտում են  կայուն խաղացանկի:

Այս հարցով «Առավոտը» զրույցի հրավիրեց  tatron.info կայքում կազմակերպված online մրցանակաբաշխության առաջին հորիզոնականը զբաղեցնող թատերագետ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանին:

«Պետական թատրոնի ստացիոնար-խաղացանկային խնդիրն այսօր ամենալուրջ  եւ ցավոտ հարցերից է: Վաղ թե ուշ որոշ թատրոններ կանգնելու են պետական կարգավիճակից զրկվելու հարցի առաջ: Եթե խնդիրը չհասունացավ ներկայիս նախարարի օրոք, սրվելու է կամ գուցե հանգուցալուծում ստանա ամենամոտ ապագայում: Գաղտնիք չէ, որ կան թատրոններ, որոնք գեղարվեստական առումով անհեռանկար վիճակում են: Նկատի ունեմ դրանց մասնագիտական բացարձակ անգրագիտությունը, ժամանակի զգացողության բացակայությունը, գեղարվեստական նպատակների չգոյությունը: Մինչդեռ նման թատրոնները ֆինանսավորվում են պետության կողմից»,- փաստեց Ա. Խզմալյանը: Նրա ձեւակերպմամբ, աշխարհը վաղուց է հասկացել, թե ստացիոնար-խաղացանկային  թատրոնները այլեւս պատմական իրողություններ են, իսկ մեր ժամանակը պահանջում է դինամիկ կառույցներ, արագ կազմավորվող  եւ կազմալուծվող  թատերախմբեր: Կյանքն այլեւս չի ընդունում խաղացանկային թատրոնների հիմնական առանձնահատկությունները, դերասանական խմբի, բեմադրիչների եւ առհասարակ ստեղծագործական անձնակազմի կայունությունը: «Խոսքս չի վերաբերում խաղացանկային թատրոնները առհասարակ  վերացնելուն. մենք խոսում ենք ընդհանուր միջազգային միտումների մասին: Վերջինս վերաբերում է մասնավորապես մայրաքաղաքային թատրոններին, որովհետեւ մարզայիններին պետական կարգավիճակից զրկելը այսօր խոհեմ չի լինի»,- հայտնեց պարոն Խզմալյանը: Թատերագետը հավելեց, որ անհրաժեշտ է իրականացնել այնպիսի նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն մեղմելու թատրոնների կարգավիճակի փոփոխության հնարավոր սոցիալական  միտումները:

Իսկ ինչո՞ւ նման լուրջ խնդրի մասին մինչ օրս  չեն խոսել ինքն ու կոլեգաները: Պարոն Խզմալյանը պարզաբանեց. «Մեզանում սուր ու ցավոտ հարցերը շրջանցելը կարծես դարձել է լուռ, ներքին համաձայնության արտահայտություն: Որոշ թատրոններ ունեն պարզապես նպաստատու կազմակերպության կարգավիճակ՝  սոցիալական բողոքը չսրելու համար ոլորտի մարդկանց լռեցնում են երեսունից հիսուն հազար դրամով, սփոփում կոչումներով, սրա կողքին բազմաթիվ օժտված երիտասարդներ չունեն տարրական աջակցություն եւ իրենց մասնագիտությամբ զբաղվելու հնարավորություն»: Շարունակելով միտքը՝ պարոն թատերագետը հայտնեց. «Մեր ոչ հարուստ պետական բյուջեից գեղարվեստական «դիակներ» սնուցելու փոխարեն նյութական միջոցները կարելի է ուղղել անկախ երիտասարդական թատերախմբերի աջակցմանը, քանի որ այսօրվա լռությունը վաղվա մասնագետների գլխին, հաստատ,  փոթորիկ է դառնալու»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829