Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այդպես էլ ներողություն չխնդրեց զոհերի հարազատներից

Մարտ 13,2012 22:13

Այսօր Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քննարկեց Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի՝ հունվարի 16-17-ը Երեւան կատարած այցի վերաբերյալ տեղեկատվական փաստաթուղթը, որն արդեն գաղտնազերծվել է:

Aravot.am-ը մասամբ արդեն անդրադարձել է այս փաստաթղթին, որտեղ խոսք է գնում նաեւ 2008թ. մարտի 1-ին 10 զոհերի մահվան հետաքննության մասին: Հիշեցնենք, որ երեւանյան այցի շրջանակներում համազեկուցող Ջոն Պրեսկոտն ընդամենը 15 րոպեանոց հանդիպում էր ունեցել մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատների հետ:

Aravot.am-ի հետ զրույցում, այս փաստաթղթին անդրադառնալով «Մարտի 1»-ի զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի, մայրը՝ Ալլա Հովհաննիսյանն ասաց, թե ծանոթանալով փաստաթղթի բովանդակությանը իր համար հասկանալի դարձավ, որ Պրեսկոտը զոհերի հարազատների մտահոգություններն իսկապես փոխանցել է իշխանության ներկայացուցիչներին: «Բայց ես ուզում եմ խոսել նաեւ փաստաղթղթում տեղ գտած այն ձեւակերպումների մասին, որոնց հետ համամիտ չեմ: Պրեսկոտի դիտարկումների հետ, թե «ճիշտ կլիներ հետազոտությանը ներգրավել որեւէ մեկին, որն ուղղակիորեն առնչվում է այդ դեպքերին, եւ առաջին հերթին՝ զոհերի ընտանիքներին » համամիտ եմ, բայց համաձայն չեմ դրա վերաբերյալ գլխավոր դատախազի հայտարարության հետ, թե «այն բոլոր հարազատները, որոնք հայտարարել են, թե տեղեկատվություն ունեն 2008 թվականի մարտի դեպքերի վերաբերյալ՝ որպես վկա արդեն հարցաքննվել են ՀՔԾ-ում»: Ի՞նչ է նշանակում, եթե ես 2008-ի մարտի 1-ին այնտեղ չեմ եղել, ուրեմն ես պետք է մեկուսացվա՞ծ լինեմ նախաքննությունից, որպես ծնող չիմանա՞մ, թե նախաքննությունն արդյոք օբյեկտի՞վ է ընթանում, թե՞ ոչ»,- հայտարարեց տիկին Հովհաննիսյանը: Մեր հարցադրմանն ի պատասխան նա ասաց, թե գործի նախաքննությանն իրենց ներգրավվածությունն իրենք պատկերացնում են իրենց փաստաբանների կամ լիազոր ներկայացուցիչների միջոցով, քանի որ իրենք իրավաբաններ չեն:

Ինչ վերաբերում է համազեկուցողների վերն արած առաջարկին եւ դիտարկմանը, թե նման քայլը հնարավորություն կընձեռեր իշխանությանը նաեւ լույս սփռել «որոշ դավադրությունների տեսությունների վրա, որոնք շրջանառվում են հասարակության մեջ», ինչը, ըստ համազեկուցողների «կարող էր օգնել նրանց, ովքեր այդ դեպքերի ժամանակ կորցրել են իրենց մերձավորներին՝ գտնել ինչ-որ սփոփանք», ապա Ալլա Հովաննիսյանը հետեւյալն ասաց. «Այո, թեկուզ այդպես: Եթե մեզ ընդգրկեին գործի նախաքննության պրոցեսում, եւ իշխանություններն ապացուցեին, որ մեր երեխաների սպանության մեջ իրենք որեւէ մասնակցություն չունեն, իհարկե, այդ շրջանառվող լուրերը, գուցե, չեզոքանային: Բայց իրականությունն այն է, որ  իշխանությունները մեզ չընդգրկելով այդ գործում բոլորից ամենալավն ապացուցեցին, որ մեր երեխաների սպանության մեջ իրենք ամենամեծ դերակատարումն են ունեցել»: Նա նաեւ հավելեց, թե Սերժ Սարգսյանն անցած 4 տարիների ընթացքում երբեք ներողություն չխնդրեց զոհերի հարազատներից. «Մենք հայ ենք,  բայց իրենք մեզ իրենց դեմ այնպես են տրամադրել, որ մենք չենք էլ ուզում նրանց անունը լսել, նրանք ատելություն են սերմանել մեր՝ ծնողներիս մեջ: Գոնե ամոթ ու բարոյականություն ունենային եւ ասեին՝ միգուցե, մեր կողմից բացթողում է եղել, սխալ է եղել, չենք պատկերացրել, ներողություն խնդրեին եւ ոչ թե ներկայացնեին ՀՔԾ-ի զեկույցը, որտեղ անպայման ուզում էին մեր երեխաներին որպես հանցագործներ ներկայացնել»,- հայտարարեց Ալլա Հովհաննիսյանը:

Մարտիմեկյան դեպքերին զոհ դարձած Տիգրան Խաչատրյանի մայրն անդրադարձավ նաեւ համազեկուցողների այն արձանագրմանը, թե «իշխանություններըն ընդգծել են, որ իրենց կարծիքով՝ 2008 թվականի մարտի դեպքերի ժամանակ զոհերի հարազատները քաղաքականացնում են քննությունը, քանի որ նրանցից ոմանք հանդես են եկել իբրեւ առանցքային հռետորներ ընդդիմության հանրահավաքներում»: «Ես ինչպե՞ս կարող եմ չքաղաքականացնել իմ երեխայի սպանությունը, երբ նրան սպանել են նախագահի աթոռը գրավելու համար, եւ անցած 4 տարիների ընթացքում իմ երեխայի սպանությունն իշխանությունները չեն  թողնում, որ բացահայտվի, երբ Փաստահավաք խումբը, որը  սպանությունների բացահայտման առումով հասել էր որոշակի առաջընթացի, հենց ՀՀ նախագահի հրամանագրով լուծարվեց: Եվ վերջապես՝ մեզ երբեւէ,  որեւէ մեկը ամբիոն տրամադրե՞լ է: Մեզ միայն փողոցի ամբիոնն են տրամադրել, հանրահավաքի ամբիոնը, որտեղից մենք հնարավորություն ենք ունեցել ելույթ ունենալու եւ մեր մտահոգությունների մասին, իշխանություններից եւ դատախազությունից  մեր բողոքը  բարձրաձայնելու համար: Ուրիշ որեւէ կերպ իշխանությունները մեզ չեն լսել: Թող հրավիրեին, տային այլ ամբիոն՝ մենք մեր մտահոգություններն ու բողոքն այդ ամբիոնից հայտնեինք: Խոսում են հռետոր լինելու մասին, իսկ մենք ինչի՞ մասին ենք խոսել այդ ամբիոններից՝ մեր երեխաների սպանության բացահայտված չլինելու մասին»,- իր վրդովմունքն այսպես ձեւակերպեց տիկին Հովհաննիսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031