Լրահոս
Օրվա լրահոսը

70-ամյա ՀՀՇ-ականը պայքար կմղի Աշոտ Աղաբաբյանի ու Հովհաննես Մարգարյանի դեմ

Մարտ 23,2012 12:58

Թիվ 33 ընտրատարածքում, որն ընդգրկում է ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի պապական` Գյումրու Տեքստիլագործների թաղամասը, ինչպես նաև Ամասիան, ու ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ծննդավայրը` Աշոցքն իր բոլոր գյուղերով, ընտրապայքարի դուրս կգա ՀՀՇ վարչության անդամ, Բավրայի մաքսատան նախկին պետ Շալիկո Զորյանը: Վերջինս թեև ջավախքահայ է, սակայն երկար տարիներ բնակվում է Աշոցքում: Նրան Բրեժնևի կառավարման տարիներին 26 այլ ջավախքահայերի հետ աքսորել են Վրաստանից, քանի որ երիտասարդները հանդգնել են դուրս գալ վրացական իշխանությունների դեմ ու պահանջել Ջավախքը միացնել Հայաստանին. Շալիկո Զորյանն էլ որպես բնակության վայր ընտրել է սահմանամերձ Աշոցքը:

Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից կոմիտեի անդամ է եղել, համագյուղացիների բնութագրելով էլ՝ հազար ու մի տեսակ կուսակցություններ են փոխվել, ՀՀՇ-ն խեղճացել է, անարգվել, սակայն Շալիկո Զորյանը այն չի լքել:

Aravot.am-ը մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուից հետաքրքրվեց` ինչպե՞ս է համարձակվում դուրս գալ ամասիացիներին ջայլամի գործ խոստացած Աշոտ Աղաբաբյանի ու ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի դեմ, ունի՞ հաղթելու շանսեր: «Ձեր հարցը շատ հարաբերական է: Եթե ընտրությունները ընթանան մաքուր, արդար՝ իմ շանսերը շատ մեծ են, եթե իհարկե չշարունակվեն հին պատմությունները` չկրեն ընտրակաշառքներով ու վարչական լծակներով: Բայց ասեմ, ես երբեք չեմ փոխել իմ քաղաքական հայացքները, իմ կուսակցությունը: Իհարկե, ցանկացած կուսակցություն էլ իր թերությունը կունենա, բայց ես կարծում եմ, որ ՀՀՇն միակ ուժն է, որը կարող է փրկել հայրենիքը, ազատագրել Սահմանադրությունը: Թեկնածություն եմ առաջադրել, քանի որ մեր տարածաշրջանի գյուղերը կործանվում են, մասսայաբար դատարկվում են, այնպիսի խայտառակ սոցիալտնտեսական վիճակ է, որ մարդիկ ծնելու կովը մորթում են` հաց գնելու համար, այ սրա մասին պիտի մտածել», -ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, դեռ հստակ տեղեկատվություն չունի Ամասիայում ու Աշոցքում նախատեսված ընտրակաշառքի գների մասին, բայց ճշտելուն պես պատրաստ է խայտառակ անել կաշառատվությամբ զբաղվողներին:

Ի դեպ, թեկնածուն տեղեկացրեց, որ իր ավագ որդին` Արարատ Զորյանը, նախագահական ընտրություններից հետո քաղհալածանքի է ենթարկվել, նրան հետապնդել են, քանի որ Աշոցքում գլխավորել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031