Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մովսիսյան. «Շատ ցավալի է, որ մենք ստիպված ենք 10 տարի անց նորից շարունակել այս թեման»

Ապրիլ 02,2012 11:39

«10 տարիների ընթացքում, այս երկրում ոչինչ էլ չի փոխվել»,- նման եզրահանգման է եկել «Ա1+»- ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը ` տասը տարիների համառ եւ հետեւողական պայքարի արդյունքում: Հիշեցնենք, որ այսօր լրանում է տասը տարին, որ «Ա1+»-ը զրկվեց եթերից եւ այդ օրվանից ցայսօր հայաստանյան լրագրողական համքարությունը պայքարում է մեր երկրում ազատ խոսքի վերականգնման իրավունքի համար:

«Բոլոր այս տարիների ընթացքում տարբեր խոստումներ են եղել, սուտ մեկնաբանություններ են եղել, ստով քողարկված գործունեություններ են եղել` ի վնաս «Ա1+»-ի. ես, անկեղծ ասած, համ հասկանում եմ, համ էլ` չեմ հասկանում, թե ի՞նչ պատճառով դա գցեցին շարունակական գծերի վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մովսիսյանը` հավելելով, որ տասը տարիների ընթացքում ինքն ավելի շատ հասկացել է, որ մենք չունենք պետություն, աշխատող օրենքներ եւ ընդհանրապես մտադրություն էլ չունենք այդ ամենը վերականգնելու` Ռոբերտ Քոչարյանի քանդելուց հետո: Ինչ մնում է հույսերին, պարոն Մովսիսյանը նկատեց. «Ինչպես միշտ, մեր երկրում, միշտ էլ օտար թագավորների վրա ենք հույս դրել: Շատ ցավալի է, որ մենք ստիպված ենք տասը տարի անց նորից շարունակել այս թեման եւ շարունակել Եվրոպայում: Մենք հայաստանյան բոլոր ատյաններում նույն պատնեշին հանդիպեցինք ու զարմանալին այն է, որ բոլորն էլ հասկանալով իրենց սխալը` շարունակում են գործել այդ սխալը: Հիմա նորից ստիպված ենք ապավինել, որ մեր ներքին կեղտը պետք է մաքրի ինչ-որ քեռի` Եվրոպայից»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ Aravot.am-ի հարցին` արդեն տասը տարի մի հեռուստաընկերություն պայքարում է ՀՀ-ում իր իրավունքների վերականգնման համար, բայց վերջն այդպես էլ չի երեւում. ի՞նչ հետեւություններ ու դիտարկումներ եք արել «Ա1+»-ի օրինակից, ասաց. «Դա այն տխուր օրինակներից մեկն է, երբ իշխանություններին «բարեհաջող» հաջողվում է ճնշել լրատվամիջոցին եւ թույլ չտալ, որպեսզի այն արտահայտի հասարակության մեջ առկա ամենատարբեր տեսակետները, մոտեցումները, գաղափարները: Բայց, մյուս կողմից, «Ա1+»-ի պայքարը եւ այն բոլոր մարդկանց պայքարը, ովքեր համախմբվել են դրա շուրջ, ցույց է տալիս պայքարի անհրաժեշտությունը: Այնուհանդերձ` «Ա1+»-ը գործում է, թեեւ ոչ որպես եթերային հեռուստաընկերություն, բայց բավականին հաջող կայք, որի միջոցով ինտերնետային հեռարձակում է իրականացնում: Այսինքն, անում է այն ամենն, ինչը հնարավոր է այսօրվա պայմաններում: Կարծում եմ, որ եւ լրագրողական համայնքը, եւ «Ա1+»-ը պետք է շարունակեն այդ պայքարը եւ հասնեն վերջնական նպատակին, մանավանդ, որ հիմա տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են եւ հնարավորություն կա արբանյակային հեռուստատեսությունից նաեւ օգտվել: Ես գիտեմ, որ «Ա1+»-ն այդպիսի նպատակ հետապնդում է եւ տա Աստված, որ դա հաջողվի: Համենայնդեպս, լրագրողական կազմակերպություններն աջակցում են եւ շարունակելու են աջակցել»: Իսկ իշխանությունների տասնամյա համառությունն, ըստ մեր զրուցակցի, մեկ բան է վկայում. «Իշխանությունները չեն ցանկանում, որպեսզի Հայաստանում խոսքի ազատության մակարդակն ավելի բարձր լինի եւ խոչընդոտում են ազատ, անկախ լրատվամիջոցների կայացմանը: Կարծում եմ, որ այդ ամենը նկատելի է ոչ միայն մեր երկրի ներսում, այլ նաեւ միջազգային կազմակերպություններն են նկատում, որոնք իրենց բազմաթիվ զեկույցներում ու եզրակացություններում դա արտացոլում են»: Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի գնահատականների, ԵԴ-ի որոշումն էլ մեր երկրում մինչեւ վերջ չկատարվեց, չնայած ԵԽ նախարարների կոմիտեն որոշեց, որ «այդ էջը կարելի է փակել»:

«Ա1+»-ի եթերազրկման տասնամյակի առիթով հեռուստաընկերության կոլեկտիվին եւ լրագրողական հանրությանը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ իր շնորհավորանքներն է հղում: Շնորհավորանքներ, քանի որ համոզված է, որ խոսելու իրավունքից մեր երկրում, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներում, ձայնից զրկում են նրանց, ովքեր իրենցից ինչ-որ բան ներկայացնում են. «Օրինակ, հիմա, հեռուստացույցը միացնում ես` սերիալից համերգ, համերգից` սերիալ: Տպավորություն է, որ Կուբայի կամ Բրազիլիայի սիեստան է, մի տարբերությամբ, որ եթե այդ երկրներում դա մեկ ամիս է տեւում, մեզ մոտ` 356 օր է: Մենք խնդիր չունենք: Իսկ «Ա1+»-ն ընդդիմադիր չէր, ես հիմա էլ կայքին հետեւում եմ, ընդդիմադիրի խնդիրը չէ, բաժանումը հետեւյալն է` մարդը կամ հեռուստակայանը միտք արտահայտո՞ւմ են, թե՞ միտք չեն արտահայտում: «Ա1+»-ը մինչեւ հիմա հետաքրքիր է, որովհետեւ միտք է արտահայտում եւ պարտադիր չէ միայն քաղաքական, ընդհանրապես: Այս առումով, ես հասկանում եմ իշխանությանը` Հայաստանում յուրաքանչյուր նորմալ միտք անպայման ընդդիմադիր է: «Ա1+»-ին դրա համար են զրկել եւ որքան հասկանում եմ, դեռ եթեր չեն էլ թողնելու, որովհետեւ հայաստանյան կյանքում ամեն ինչ արվում է, որ կատեգորիկ արգելվի ռացիոնալ միտք հնչեցնելը: Այ`դհոլ, երգիչ-երգչուհի, սերիալ` ինչքա~ն ուզեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30