
Նախքան առաջադրվելը Հակոբյանը «Հրապարակ» թերթին ասել էր. «Մեծամասնական ընտրակարգն էականորեն խոչընդոտում է քաղաքական առողջ համակարգի ձեւավորմանը: Քաղաքական գործիչների այդ խոչընդոտը վերացնելու համերաշխությունը ողջունելի է եւ չափազանց կարեւոր, որ հաջողությամբ պսակվի, սակայն եթե, այնուամենայնիվ, մեծամասնական ընտրակարգը պահպանվի, ապա առողջ մրցակցության, ազատ եւ արդար ընտրությունների երաշխիքների եւ համապատասխան հասարակական տրամադրությունների պարագայում ես կառաջադրվեմ իմ ծննդավայրում` Սյունիքում»:
Սամվել Հարությունյանի` վարչական դատարան ներկայացրած առաջին հայցադիմումը չի ընդունվել տեխնիկական պատճառներով: Ինչեւէ, երկրորդ հայցադիմումն ընդունվել է վարույթ եւ այսօր, ժամը 17-ին ՀՀ վարչական դատարանը կքննի եւ կորոշի` իրավաչափ են գործել ընտրական մարմինները` թիվ 30 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցելով Թաթուլ Հակոբյանին, թե` ոչ:
Aravot.am-ի հետ զրույցում Սամվել Հարությունյանը հույս հայտնեց, որ այս ընտրություններում սյունեցիները նաեւ իրավական առումով կգրանցեն իրենց հաղթանակը, քանի որ, մնացյալ բոլոր առումներով մարդկանց համբերության բաժական արդեն վաղուց լցվել է: Մեր զրուցակցի այս լավատեսության պատճառը հայոց պատմությունն է, որին հղումներ անելով ասում է. «Սյունիքն ու սյունեցիները միշտ էլ բախտորոշ դերակատարում ունեցել են մեր ժողովրդի կյանքում: Այսպես երկար չի կարող շարունակվել: Կամայականությունների վերջը պիտի գա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































