Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում եմ ինձ վրա հարձակվել»

Ապրիլ 05,2012 12:47

Քաղաքական եւ միջպետական պրակտիկայում ընդունված վերջնագրերի իմաստը հետեւյալն է. «եթե ԴՈՒ չանես այս բանը, ապա ԵՍ կանեմ այսինչ քայլը»: Այսինքն՝ վերջնագիր ներկայացնողը ունի ուժ եւ հնարավորություն՝ իր պայմանները չկատարելու դեպքում դիմել այս կամ այն քայլի: Օրինակ՝ եթե դու չկանգնես ժողովրդի (այսինքն՝ իմ) կողքին, ես կասեմ, որ դու ժողովրդի թշնամին ես: Այդպիսի սպառնալիք հնչեցնողը իսկապես «ասելու» հնարավորություն ունի: Բայց եթե վերջնագիրը ձեւակերպված է այսպես՝ եթե 5 օրում ԴՈՒ չանես այս բանը, ապա ԴՈՒ պիտի անես այն բանը, դա վերջնագրի, կարելի է ասել, սխալ տեսակն է: Որովհետեւ այդպիսի սպառնալիք ներկայացնողը ոչ մի լծակ չունի ստիպելու դիմացինին այդ՝ երկրորդ քայլն անելու: Ահա այդպիսի՝ տրամաբանորեն սխալ վերջնագրի ձեւակերպմամբ է երեկ հանդես եկել հայոց «գլխավոր արծիվ» Խաչիկ Ասրյանը. եթե 5 օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահը ներողություն չխնդրի հայ ժողովրդից, ասում է պարոն Ասրյանը, ապա Ալիեւը պետք է պատերազմ հայտարարի: Պահանջել հակառակորդից, որ նա քեզ վրա հարձակվի, դա, անշուշտ, նոր խոսք է արտաքին քաղաքականության ոլորտում:

Իլհամ Ալիեւը, անշուշտ, ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է հանդես գալիս հայատյաց ճառերով: Եվ միջազգային մակարդակով մեր պետության եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հավանաբար, պետք է երբեմն դրան արձագանքեն: Բայց ի՞նչ իմաստ կա, որ Հայաստանի ներսում մեր որեւէ հասարակական կազմակերպություն այդ առիթով հոխորտա, ես չեմ հասկանում: Ինչի՞ համար եւ ո՞ւմ առաջ ենք մենք մեր քաջությունը ցուցադրում: Բարձրացնում ենք մեր ժողովրդի մարտական ոգի՞ն: Ինձ թվում է, ճիշտ հակառակը՝ ադրբեջանցիները, որպես պարտված կողմ, պետք է հոխորտան եւ սպառնան՝ այդպիսով փորձելով հաղթահարել իրենց բարդույթները: Իսկ մենք հանգիստ եւ համբերատար բացատրենք նրանց, որ պետք է հաշվի նստել ստեղծված իրողությունների հետ, եւ  խաղաղ համագոյակցությունը ոչ մի այլընտրանք չունի:

«Արծիվների» հայտարարությունը գրված է այն ոճով, որով նաեւ մեր ներքին կյանքում «ստեղծագործում են» մեր որոշ հրապարակախոսներ եւ գործիչներ. «ոհմակի ֆյուրեր», «սուլթան», «հարեմների ամենացանկալի պարուհի» եւ այլն: Շարունակում եմ պնդել, որ անձնական վիրավորանքները բնութագրում են հենց վիրավորողին ու վկայում են նրա թուլության մասին: Իսկ երբ պարոն Ասրյանը նշում է մեր արիական ծագումը եւ ադրբեջանական ազգի «հորինված» լինելը, դա նշանակում է, որ նա ռասիզմին ռասիզմ է հակադրում:

Բնականաբար, ես չէի անդրադառնա այս հայտարարությանը, եթե դրա հեղինակը չլիներ իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30