Լրահոս
Օրվա լրահոսը

«Զատիկի» սանը ինքնասպանության փորձ է արել ուշադրության պակասի՞ց

Ապրիլ 06,2012 13:04

Մանկատան մասնագետները պնդում են, որ նա ունի շեշտված «դեմոնստրատիվ» վարք, որը բնորոշ է դեռահասներին:

Ինքնասպանության փորձից հետո Ա. Մ.-ն խաղում է ընկերների հետ:

Երեք օր առաջ ուշ երեկոյան Կիեւյան կամրջից ցած նետվելու փորձ էր կատարել «Զատիկ» մանկատան ժամանակավոր խնամքի կենտրոնի սան 15-ամյա Ա. Մ-ն, որն արդեն մեկ ամիս է՝ այդ կենտրոնում է: Անչափահասի ինքնասպանության փորձը կանխել էին ոստիկանները՝ մանկատան սանին իրենց հետ տանելով բաժին: Երեկ «Առավոտը» այցելեց «Զատիկ» մանկատուն՝ դեպքի մանրամասներին ծանոթանալու: Մեր այցելության պահին էլ Ա. Մ.-ն վիճաբանության մեջ էր մանկատան մյուս երեխաների հետ: Նա, ինչպես մեզ հետ զրույցում պատմեցին մանկատան աշխատակիցները, երկար ժամանակ է՝ գտնվում է անհավասարակշիռ, լարված ու նյարդային վիճակում: Պատճառը օրերս լրատվամիջոցներից մեկով այս երեխայի մասին ռեպորտաժն էր, որտեղ երեխայի անձնական կյանքից վիրավորական մանրամասներ էին հրապարակվել, ինչն էլ առիթ էր տվել մանկատան երեխաներին շահարկելու՝ չնայած մանկատան պատասխանատուները պնդում են, որ Ա. Մ.-ն էլ իր խառնվածքով այնպիսին է, որ կոնֆլիկտներ է հրահրում:

Մենք զրուցեցինք նաեւ Ա. Մ.-ի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչն է նրան դրդել ինքնասպանության: 15-ամյա աղջնակը բավականին սրտնեղած էր ու ինքնամփոփ: «Ինչ արել եմ՝ լավ եմ արել: Ու լիքը պատճառներ ունեմ ինքնասպանություն անելու համար: Տենց եմ ուզում՝ տենց եմ անում: Ու էլի եմ գնալու, առանց վեշերի եմ գնալու, որովհետեւ ուր որ ուզում եմ գնամ՝ վեշեր պետք չեն»,- այսպես մեկնաբանեց Ա. Մ.-ն իր ինքնասպանության փորձը:

Հետո նա մեզ հետ զրույցում մի փոքր կիսվեց, որ մի քանի անգամ եւս դիմել է ինքնասպանության, եւ որ ժամանակին նաեւ հոգեբուժական կենտրոնում է հայտնվել. «Ընդեղի մարդիկ ավելի լավն են, քան նորմալ մարդիկ, իրանք գոնե չեն նեղացնում ինձ: Հոգնել եմ ամեն ինչից»:

15-ամյա աղջնակի վարքագիծը «Զատիկի» տնօրեն Աշոտ Մնացականյանը եւ հոգեբանը բնութագրեցին որպես բարդ երեւույթ, եւ ինքնասպանության փորձն ու աղջկա ընդհանուր պահվածքը ուղղակի ուշադրության կոչ են՝ sos: Մինչ «Զատիկ»-ում հայտնվելը՝ աղջիկը որոշ ժամանակ ապրել է նաեւ ընդունման եւ կողմնորոշման կենտրոնում, որտեղ շատ խիստ պայմաններ են՝ բարձր պարիսպներով ու փշալարերով պատված շենք է՝ հատուկ մասնագետներով ու ոստիկանի հսկողությամբ: Սակայն այդ պայմաններն էլ չեն խոչընդոտել Ա. Մ.-ին՝ այդտեղից փախչելու: Իսկ «Զատիկ»-ում նման խիստ պայմաններ չկան, ուստի մի քանի անգամ մանկատնից փախուստի դիմելն այս երեխայի համար խնդիր չէր: «Մենք նույնիսկ պարտավոր էլ չենք նրան պահել, ի վիճակի էլ չենք վերահսկել: Որքան նման ծայրահեղ դեպքեր են լինում, անմիջապես մեզ մոտ են բերում»: Մինչդեռ մանկատունը, տնօրենի վստահեցմամբ, մասնագիտացված չէ հոգեկան շեղումներով երեխաներին խնամելու, քանի որ ժամանակավոր խնամքի կենտրոնը միանգամայն այլ ֆունկցիա է կատարում. «Բոլորիս մեջ էլ կա՝ լինել ուշադրության կենտրոնում, բայց ոմանց մոտ դա խիստ շեշտված եւ արտահայտված է: Այս երեխան իրեն լրիվ այլ աշխարհ է գցում, ու ինքն էլ չի զգում, որ խաղում է: Նա սնվում է ուշադրությամբ, բայց երբ տեսնում է, որ մի քիչ ուշադրությունից դուրս է մնացել, կրկին ինչ-որ քայլի է դիմում: Մեր ժամանակավոր խնամքի կենտրոնում ապաստանելը մաքսիմալ 6 ամիս է: Կարող ենք 10-15 օր պահել նրան: Անշուշտ, եթե դեպքն այսպիսի բարդություն ունի, նշանակում է՝ ես ատոմային ռումբի վրա եմ նստած: Դա կպայթի, ու ոչ ոք չի նայի իմ տարիների վաստակին»: Տնօրենի խոսքերով՝ այս անչափահասով մտահոգված են ու խառնված նաեւ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունում. «Իրենք էլ պատկերացնում են ու ընդունում, որ ռումբի վրա են նստած: Այս երեխան կոնֆլիկտային է ու հոգեբանական խնդիրներ ունի եւ հաճախ անկառավարելի է դառնում: Սոցապ նախարարությունը բանակցում է առողջապահության նախարարության հետ, որպեսզի նման դեպքերի համար որեւէ կենտրոն բացվի, քանի որ անչափահասների հոգեբուժական կենտրոնը, կարծեմ, փակվել է»:

Մեզ հետ զրույցում «Զատիկ» մանկատան հոգեբանն էլ, որը աշխատում է Ա. Մ.-ի հետ, նշեց, որ այս անչափահասը սիրում է լինել ուշադրության կենտրոնում, դրանով է ինքնահաստատվում. «Ինքը ունի շեշտված ու դեմոնստրատիվ վարք, որը շատ բնորոշ է դեռահասության տարիքին: Իսկ նրա կոնֆլիկտները ավելի շուտ պաշտպանական ռեակցիա են»:

Մանկատան տնօրենն էլ պատմեց, որ Ա. Մ.-ն ժամանակին տանից փախչել է ինքնուրույն ու ազատ ապրելու համար, ընդ որում՝ իր փախուստը անչափահասը պատճառաբանել է նրանով, թե իբր չի ցանկանում գյուղում ապրել, ուզում է մայրաքաղաքում բնակվել: Տնօրենի խոսքերով՝ Ա. Մ.-ն Գավառի մարզի գյուղերից է, նրա ծնողներն ու քույրն այնտեղ են բնակվում: Սակայն ծնողներն էլ այլեւս ի վիճակի չեն նրան խնամելու նրա վարքի եւ հոգեբանական խնդիրների պատճառով: Տնօրենի վստահեցմամբ՝ երբ Ա. Մ.-ն ծնողի հետ հեռախոսազրույցի ժամանակ տուն վերադառնալու ցանկություն է հայտնել, նրա հայրն անմիջապես զանգահարել է տնօրենին ու խնդրել Ա. Մ.-ին չուղարկել գյուղ. «Չենք ուզում, չենք կարող պահել»:

Թե ինչպես կլուծվի անչափահաս Ա. Մ.-ի ճակատագիրը, ինչպես մանկատան տնօրենն ասաց՝ դեռ պարզ չէ, ոստիկանությունում քննվում է նրա գործը, սակայն առհասարակ մանկատան սաների ճակատագրերի, այսպես ասած, ճիշտ տնօրինումը ամբողջ աշխարհում դեռ լուծված չէ. «Այդ ուղղությամբ աշխարհում մոդելներ են մշակվում, իսկ հոգեբանական առումով դա չլուծված խնդիր է: Մանկատան երեխան ինքնին բարդ երեւույթ է: Գտնել այդ հարցի լուծումը աշխարհում չի հաջողվել, տոկոսային առումով փոքր է հաջողությունը»:

Թեեւ մեր զրույցի սկզբում ինքնասպանության փորձ գործած Ա. Մ.-ն նշել էր, որ էլի է պատրաստվելու նման փորձ կատարել, սակայն երբ մենք լքում էինք մանկատունը, նա իր ընկերների հետ բակում աշխուժորեն բասկետբոլ էր խաղում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30