Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ Արաբկիրի կառույցում Սաթիկ Սեյրանյանին պաշտպանելու նախաձեռնությունն իրար վրա են գցում

Ապրիլ 21,2012 15:41

ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի նախկին նախագահ եւ նախկին քաղբանտարկյալ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանը, որն այսօր այդ կառույցի շարքային անդամ է` Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նախօրեին Արաբկիրի կառույցի եւ ԵԿՄ ղեկավարության միջեւ՝ համայնքում պատգամավորի թեկնածու Սաթիկ Սեյրանյանին պաշտպանելու հետ կապված առաջացած տարաձայնություններին, ասաց, թե ինքը միայն այսօր առավոտյան է իմացել երեկ տեղի ունեցած միջադեպի մասին:

Նրա պատմելով, Արաբկիրի կառույցի փոխնախագահ Արթուր Ղազարյանը, որի երեխաների կնքահայրը Սաթիկ Սեյրանյանի ամուսինն է՝ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը,  ինքն է հայտարարել, թե կառույցը պաշտպանելու է Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը: Այն բանից հետո, երբ ԵԿՄ վարչությունում տեղեկացել են դրա մասին, ու վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի օգնական-թիկնապահ Արթուր Մկրտչյանի՝ «Ճուտի», գլխավորությամբ մի քանի երկրապահներ բացատրություն են պահանջել Արաբկիր կառույցի ղեկավարությունից, վերջիններս, Հովհաննես Հարությունյանի մատուցմամբ՝ հիմա մեկը մյուսի վրա են գցում դրա պատասխանատվությունը: «Կառույցի ղեկավար Գագիկ Դավթյանն ասում է, թե ինքը դրա մասին տեղյակ չի եղել, նախաձեռնությունն Արթուրինն է եղել: Եկել են «Ճուտը» ու մի քանի հոգի, սպառնացել են, թե կհեռացնեն ԵԿՄ-ից եւ պաշտոնից: Ասել են՝ ԵԿՄ-ն պաշտպանում է ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի թեկնածությունը, դուք ո՞նց եք որոշել, որ պաշտպանելու եք Սաթիկին»,- պատմեց Հարությունյանը՝ հավելելով, թե անձամբ ինքը միայն լսել է, որ ԵԿՄ-ն Արտակ Սարգսյանին պաշտպանելու մասին ինչ-որ հայտարարություն է արել, բայց հայտարարությունը չի տեսել ու չի կարդացել:

Նաեւ ասաց, թե Քանաքեռ ՀԷԿ-ի մոտ «բախում կամ ղալմաղալ» չի եղել,  ինչպես գրվել է մամուլում, ընդամենը եղել է բարձր տոնայնությամբ խոսակցություն: Մեր հարցին, թե Արաբկիրի կառույցն ի վերջո ի՞նչ որոշում է ընդունել, Հովհաննես Հարությունյանն ասաց, թե «ասվել է, որ պաշտպանում են Արտակ Սարգսյանին, Արթուր Ղազարյանն էլ արդարացել է, թե ինքն ընդամենը իր կարծիքն է հայտնել: «Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»:

Հովհաննես Հարությունյանն ասաց, թե անձամբ ինքը պաշտպանում է ՀԱԿ-ի կողմից առաջադրված Արամ Մանուկյան թեկնածությունը. «Բա, էլ ո՞ւմ պաշտպանեմ: Ինձ որեւէ մեկը չի կարող ասել, թե ում պաշտպանեմ: Կառույցում էլ բոլորն արդեն կողմնորոշված մարդիկ են: ԵԿՄ-ն կուսակցություն չի, ԵԿՄ-ում տարբեր կուսակցությունների անդամ երկրապահներ կան, ու ամեն մեկն իր կարծիքն ունի: Այնպես չի, որ գալիս, ասում են՝ սրան ընտրի, նրան ընտրի, ու դրանով վերջ: Նա հո չի՞ գնալու մատնացույց արված մարդուն ընտրի: Շատ մարդիկ ասում են՝ հա, այ ախպեր, ձեր ասածն ա, բայց ինչի մարդիկ չգիտե՞ն  ում ընտրեն, ինչ անեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30