Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը խախտումները կանխելն է

Մայիս 05,2012 12:19 Share

Հաշվի առնելով մեր իրականության առանձնահատկությունները՝ ընտրություններից առաջ լռության օր հայտարարելն այնքան էլ իմաստալից չէ: Նախ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր լռել սոցիալական ցանցերում, եւ արդյոք որեւէ մեկը կարո՞ղ է վերահսկել եւ արգելակել կարգավիճակներ եւ մեկնաբանություններ գրելը, ասենք, «ֆեյսբուքում»: Երկրորդ՝ քարոզչության եւ «չքարոզչության» սահմանագիծը բավականին պայմանական է: Ոմանք, օրինակ, հարցազրույց են տալիս եւ հայտարարում են, որ նախընտրական քարոզչությամբ չեն զբաղվելու, բայց իրականում շատ լավ էլ զբաղվում են՝ ունենալով միանգամայն կոնկրետ թիրախ: Քարոզելու համար անպայման չէ կոչ անել քվեարկել սրան կամ նրան՝ բավական է ասել, օրինակ, որ քեզ դուր չի գալիս սրա կամ նրա դեմքի արտահայտությունը: Այստեղ էլ ամեն մի բառի կամ նախադասության վերաբերյալ ոչ ոք փորձագիտական վերլուծություններ չի անելու:

Մյուս կողմից՝ ուրախ եմ, որ գոնե բաց, անթաքույց քարոզչություն հրապարակում, թերթերում եւ «պաշտոնապես թույլատրված» եթերում չի լինի, որովհետեւ բառերի առատությունից մարդիկ հոգնել են. նրանք, ովքեր կիրակի օրը ցանկանում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը, պետք է միայնակ մնան իրենց մտքերի հետ, եւ եթե համացանցում չհայտնվեն, ապա ազատված կլինեն բառերի այդ տարափից: Դրանում է միջազգայնորեն ընդունված «լռության օրվա» իմաստը:

Իսկ գերխնդիրն, իհարկե, հնարավոր կեղծիքները բացահայտելն է եւ, եթե հնարավոր է՝ կանխելը: Այս հարցում «Առավոտը» նույնպես փորձելու է իր համեստ լուման ունենալ: Այսօրվանից եւ մոտակա երկու օրերին aravot.am-ում գործելու է ենթակայք (եթե, իհարկե, կարողանանք որոշ տեխնիկական խնդիրներ լուծել), այդ հղումը դրվելու է մեր հիմնական կայքէջի ճակատային մասում: Այնտեղ զետեղվելու են խախտումների մասին բոլոր բողոքները՝ ստացած թե՛ «Առավոտի» թղթակիցներից, թե՛ այլ աղբյուրներից: Բնականաբար, նույնը անելու են տասնյակ եւ ոչ հարյուրավոր այլ կայքեր: Մենք փորձելու ենք տարբերվել մյուսներից նրանով, որ ամեն մի բողոքին ձգտելու ենք ստանալ պատասխան՝ ոստիկանությունից, ԿԸՀ-ից, այլ իրավասու մարմիններից: Ամեն մի անպատասխան ահազանգ դիտվելու է որպես դրա հաստատում: Իհարկե, հասկանում եմ, որ կլինեն որոշ բողոքներ, որոնց արձագանքը կպահանջի որոշակի իրավական գործողություններ՝ այդ դեպքում պետք է ասվի, թե ինչպիսի: Ավելի մանրամասն մեր այս նախագծի մասին դուք կիմանաք այսօր aravot.am կայքից:

Մեր այսօրվա կյանքի խնդիրներից մեկն էլ փոխադարձ անպատասխան մեղադրանքներն են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031